Քաղաքականություն

«Քաղաքացու որոշումն» իր թեկնածուների անունների հանրայնացումը թողնում է վաղվան

«Քաղաքացու որոշումն» իր թեկնածուների անունների հանրայնացումը թողնում է վաղվան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նույնպես կազմել է իր պատգամավորների թեկնածուների ցուցակը՝ հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

ՔՈ վարչության անդամ, կուսակցության խոսնակ Միքայել Նահապետյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ կուսակցությունից առաջադրվող պատգամավորների թեկնածուների ցուցակն արդեն պատրաստ է։ Սակայն դեռ չասաց, թե ում անուններն են առաջին եռյակում կամ տասնյակում ընգրկված՝ թողնելով այն վաղվան։ 

«Բնականաբար, պատրաստ ենք։ Կարելի է ասել՝ մի քանի վերջին դետալներ են մնացել։ Օրենքով սահմանված վերջնաժամկետից առաջ [մինչև վաղը ժամը 18։00-ն] կներկայանանք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, կներկայացնենք ցուցակը։ Այս պահին, Ձեր թույլտվությամբ, ցուցակի տեղերի հետ կապված տեղեկություն չհայտնեմ՝ զուտ մարկետինգային տեսանկյունից», - ասաց քաղաքական գործիչը՝ պատասխանելով հարցին, թե ովքեր են ընդգրկված առաջին տասնյակում կամ եռյակում։

Նահապետյանի խոսքերով՝ «Քաղաքացու որոշումը» որևէ այլ կուսակցության հետ դաշինքով հանդես գալու առումով համագործակցություն չունի, սակայն ցուցակում բացի ՔՈ-ականներից ընդգրկված են անկուսակցական թեկնածուներ։ «Կուսակցությունների հետ չկա համակգործակցություն, կան անհատներ, ովքեր կուսակցական չեն, բայց ունեն որոշակի անցած ճանապարհ, կիսում են մեր արժեքները», - նշեց նա։ 

Հարցին՝ բացի Երևանից այլ տեղերում կուսակցության աշխատանքներն ակտիվացե՞լ են, պատասխանեց, որ ինքը Գյումրիում է։ «Հենց այս պահին ես Գյումրիում եմ։ Այստեղի գրասենյակի կազմակերպչական գործընթացներին եմ եկել ներկա լինելու, մասնակցելու։ Ընդհանուր առմամբ, գրասենյակներ ունենալը մեզ մոտ ըստ անհրաժեշտության է։ Եթե տեղում կա աշխատող թիմ, նպատակ, ունենում ենք գրասենյակ, եթե չէ, որպես քարոզչական հարթակ, այսինքն՝ պլակատ կպցնելու համար, գրասենյակ չեն բացում»։

ՔՈ խոսնակն ասաց, որ տարբեր խոշոր քաղաքներում կան շտաբներ կամ տարածքային կառույցներ՝ Գյումրիում, Աշտարակում, Իջևանում։ 

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ բոլոր խոշոր քաղաքներում գրասենյակներ ունեն, պատասխանեց․ «Այնտեղ, որտեղ աշխատանքի բնույթը թելադրել է։ «Բոլոր խոշոր քաղաքներ» ձևակերպումը չէի տա։ Օրինակ՝ Արարատում այս պահին չունենք գրասենյակ, աշխատանքի անհրաժեշտությունը դա չի թելադրել»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image