Այլ

Տնային կալանքը բանտ է առանց ճաղերի. հակաթույնը չլռելն է

Տնային կալանքը բանտ է առանց ճաղերի. հակաթույնը չլռելն է

Խափանման միջոցների արգելքները փոխվում են։ Ինչու՞։ Ոչ մի դատարան չի համարձակվի առանց Նիկոլ Փաշինյանի հրահանգի՝ որոշում կայացնել։  Դատարանն աշխատում է Փաշինյանի քաղաքական ազդակներով։ Սա փաստ է, որ տարբեր հայտարարություններով արձանագրել է անձամբ Փաշինյանը։ Այդ իսկ տրամաբանությամբ  պիտի նշել, որ Փաշինյանը դատարաններին փոխանցել է «դանդաղեցման» ուղերձ։ Իշխանությունը սիգնալ է տվել դատարաններին՝ այս փուլում չսրել։ Ինչու՞ հենց հիմա և ինչու՞ չպիտի ոգևորվել քաղաքական գործիչների խափանման միջոցների «մեղմացումից»։ Ներքաղաքական լարվածությունը բարձր է։ Խաղաղության օրակարգը, սահմանային զարգացումները և ընդդիմության ակտիվացման ռիսկը իշխանությանը ստիպում են կտրուկ չբևեռացնել հասարակությանը։ Այն կարող է պայթյունավտանգ լինել։ Քաղաքական ուժերի դեմ գործերը պահվում են, բայց ոչ ամբողջ ուժով։

Դա նշանակում է՝ իշխանությունը պահում է քրեական գործերը որպես լծակ, բայց խափանման միջոցները՝ որպես ճնշման գործիք, մեղմացնում ։ Այսինքն՝ գործը չի փակվում, բայց մարդուն ազատում են, որպեսզի հարցը միշտ կախված մնա գլխին։ Միջազգային ճնշումը մեծանում է։ Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում, հատկապես խաղաղության մասին բանակցությունների վիճակում, ԵՄ և այլ կառույցներ կտրուկ են արձագանքում կալանքը որպես ճնշման մեխանիզմի օգտագործմանը։ Իշխանությունը դիմում է քաղաքական հաշվարկի։  Կիրառում է քաղաքական սառեցման ռեժիմ։ Գործերը փակ չեն․  իշխանությունը պահում է դրանք որպես հետագայում կիրառելի լծակներ։ Այս մեխանիզմն ունի մեկ նպատակ․ բոլորին պահել քաղաքական կախման մեջ, բայց առանց բացասական PR-ի՝ «քաղբանտարկյալներ» ունենալու։ Իշխանությունը միաժամանակ ուզում է ունենալ և ճնշման հնարավորություն, և ոչ-ճնշող տեսք։ Խափանման միջոցների մեղմացումը քաղաքական սցենար է։ Իշխանությունը չի հրաժարվում քրեական գործեր կարելու քաղաքականությունից, այլ անցնում է դրա ավելի ճկուն տարբերակին։ Կալանքը փոխարինվում է մշտական կախման վիճակով։ Սա մեղմացում չէ, սա ժամանակ շահելու քաղաքական տեխնոլոգիա է։
Տնային կալանքի պայմաններում ճնշմանը չտրվելու միակ իրական հնարավորությունը լռությունից հրաժարվելն է՝ գործը սեփական եսից հանելով և քաղաքական օրակարգ տեղափոխելով։ Իշխանությունը ուժեղ է մենակ մարդու հետ, բայց թույլ՝ հրապարակայնության մեջ։ Տնային կալանքը բանտ է առանց ճաղերի, իսկ դրա հակաթույնը՝ տեսանելի լինելն ու բարձրաձայնելը։ Լռությունը պաշտպանություն չէ, այլ համագործակցություն․ ճնշման պայմաններում։  Միակ անվտանգ դիրքը հրապարակայինն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image