Սեպտեմբերի 24-ին Վանաձորում իսկ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում հանդիսավորությամբ բացվեց «Թատերական Լոռի-2024» 30-րդ միջազգային փառատոնի վարագույրը։ Փառատոնը միաժամանակ անց է կացվում Հայաստանի Լոռու մարզի չորս քաղաքներում։
Բացման խոսքում Ալավերդու փոխհամայնքապետը կարևորեց թատրոնի դերը, որպես դաստիարակության միջոց, ապա նշեց, որ փառատոնն Ալավերդու մշակութային դիմագծի անբաժանելի մասն է և իրենց խնդիրն է այն դարձնել հարատև։ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ «Թատերական Լոռին» մեր երկրի ամենահնագույն փառատոնն է և հիմնադրվել է ինքանբուխ, առանց որևէ պաշտոնյայի հրամանի կամ որոշման, ինչն էլ այդ երկարակեցության պատճառն է։ Ղազանչյանը նշեց, որ ԿԳՄՍ-ն պարտավոր է պատշաճ ուշադրություն դարձնել այս փառատոնին։ Ելույթներ ունեցան և շնորհավորական խոսք ասացին «Россотрудничество» գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիկտորիա Դերիպասկոն, Լիպեցկի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ֆիլիպ Յանկոն։ Այնուհետև ելույթ ունեցավ «Վալլեքս» խմբի տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանը, ով հրապարակեց փառատոնի 30-ամյակի և Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերության 25-ամյակի կապակցությամբ «Վալլեքս» կորպորատիվ «Փիրուզե խաչ» շքանշանով փառատոնի և հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանին պարգևատրելու մասին։

«Թատերական Լոռի» Փառատոնը հիմնադրվել է 1979 թվականին և երկար ճանապարհ է անցել, ենթարկվելով փոփոխությունների։ Հիմնադրվելով որպես տարածաշրջանային փառատոն, այն սկզբում վերածվել է մարզային, ապա հանրապետականի, իսկ 2012 թվականից վերածվել է միջազգայինի, որի ծրագրով հանդես են եկել թատերախմբեր Իրանից, Եգիպտոսից, Ճապոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Բելոռուսից ու Ռուսաստանի դաշնության տարբեր քաղաքներից։ 2012 թվականից փառատոնի շրջանակում անց է կացվում «Ռուսական թատրոնի օրեր» ծրագիրը, որին մասնակցել են ռուսական թատրոններ Երևանից, Ռուսաստանի դաշնությունից՝ Մոսկվա, Վլադիկավկազ, Վոլգոգրադ, Մոսկվա, Չելյաբինսկ, Մագնիտոգորսկ, Թբիլիսի քաղաքներից, Բելոռուսից, Ֆրանսիայից և այլն։ Այս ծրագրի իրականացմանը աջակցում է «Ռուսսկի միր» հիմնադրամը։ Այս տարի «Ռուսական թատրոնի օրեր» ծրագրով Լոռու մարզում հանդես կգան Լիպեցկի պետական տիկնիկային թատրոնը, Մոսկվայի հայկական թատրոնը ռուս դերասանների մասնակցությամբ և ռուսական ներկայացումներով, Դաղստանի պետական տիկնիկային թատրոնը, ինչպես նաև Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնը։ «Արմմոնո» փառատոնի նախագծով «Ռուսական թատրոնի օրերին» կխաղացվի ևս մեկ ռուսալեզու ներկայացում։ «Թատերական Լոռին» և «Ռուսական թատրոնի օրերը» կանկացվեն Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան և Տաշիր քաղաքներում, ևս մեկ ներկայացում մայրաքաղաք Երևանում։ Կխաղացվի ավելի քան 11 ներկայացում։
Նարինե Գրիգորյան,
«Թատերական Լոռի» փառատոն
Ալավերդի-Վանաձոր, 25․09․2024
