Հարցազրույց

Պատգամավորը` կեղծ օրակարգերի մասին. շուտով եվրոպական աշխատավարձ ենք ստանալու, առանց վիզայի գնալու ենք Եվրոպա և ԱՄՆ

Պատգամավորը` կեղծ օրակարգերի մասին. շուտով  եվրոպական աշխատավարձ ենք ստանալու, առանց վիզայի գնալու ենք Եվրոպա և ԱՄՆ

«Հրապարակ»-ի զրուցակիցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն է։

-Պարոն Մելքոնյան, տարին  «Հայաստան» խմբակցության համար ցավալի կորուստով մեկնարկվեց, ինչի համար նաև ցավում ենք մենք։Այնուամենայնիվ , գործնական ի՞նչ պլաններ կան 2025-ի հետ կապված ։

-Մեր երիտասարդ գործընկերոջ՝ Մհեր Սահակյանի անժամանակ, ողբերգական  ու անակնկալ մահը շատ ցավոտ է մեզ համար, Մհերը 4 անչափահաս որդի ունի, նրա ողջ երազանքներն ու գործերը կիսատ մնացին․․․․։ Այո, շարունակելու ենք նոր եռանդով աշխատել, 2025-ին թիվ մեկ խնդիրը Գյումրու ՏԻՄ ընտրություններն են։ 

- «Հայաստան» դաշինքը պատրաստվում է մասնակցե՞լ Գյումրու ընտրությանը ։

- ՀՅԴ կուսակցության համար է կարևոր այդ ընտրությունը, եւ որպես կայացած կուսակցություն՝ մենք քննարկում ենք եւ մտադիր ենք մասնակցելու գարնանը կայանալիք արտահերթ ընտրություններին ։Դա քաղաքական լուրջ պրոցես է, որը բաց թողնել պետք չէ։ Մոտ օրերս նաև կորոշենք, թե ինչ ձևաչափով ենք մասնակցելու, որից հետո կհայտնենք մեր տեսակետը ։

Որպես Շիրակի մարզից ընտրված պատգամավոր՝ ինձ համար կարևոր են նաև մի շարք սոցիալ-տնտեսական հարցեր, որոնք առկա  են մարզում ։ Այս պահին առաջնհերթ են սպանդանոցների խնդիրները։ Ամեն անգամ էկոնոմիկայի նախարարին տեսնելիս այդ հարցը տալու եմ ։Շիրակի մարզը անասնապահության եւ հողագործության ոլորտում հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Գյուղացիները այնքան քիչ աշնանացան են արել։ Ասում են՝ իմաստը ո՞րն է՝ ցանենք։ Կրծողները մի կողմից ամբողջ բերքը փչացրել են, ցորենի գինն էլ շատ էժան է, իսկ պետական քաղաքականություն ընդհանրապես չկա ։ Հիմա մարզում լուրջ խնդիր է նաև դպրոցների օպտիմալացումը։ Առանց գյուղացիներին տեսնելու, նրանց կարծիքը հարցնելու մի քանի  գյուղի դպրոցներ փակում են, որոշել են միավորել  մեկ այլ գյուղի դպրոցի հետ։ Գուսանագյուղի եւ Լուսաղբյուրի դպրոցները, որոնք շենքային շատ լավ վիճակում են, որոշել են փակել եւ այդ գյուղերի երեխաներին ուղարկել հարևան Շիրակավանի դպրոց, որը ի դեպ, դեռ կառուցած էլ չէ, նոր են նախատեսում կառուցել ։Մի խոսքով, ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում գյուղացիները։ Ստիպված են լինում դռները փակել, լավագույն դեպքում  ընտանիքով քաղաք տեղափոխվել, որտեղ տղամարդիկ տաքսի են վարում, իսկ կանայք սպասարկման ոլորտում են մի գործ գտնում, որ գլուխները պահեն։ Գյուղերը դատարկվում են։Իսկ դա նշանակում է, որ մեր ամենաառաջնային անվտանգության շղթան է քանդվում։ Էս կառավարությունը դա չի հասկանում եւ  հասկանալ էլ չի ուզում։

-Բաքվում այսօր կայանալու է Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատաքննությունը։ Իսկ ի՞նչ ենք անում մենք, պարոն Մելքոնյան։

-Շատ ամոթալի իրավիճակ է։ Մանավանդ, մեր  կառավարության կողմից մի ծպտուն չի գալիս ։ Հիշում եք՝ Փաշինյանն ասում էր՝ մեր գերիները մեր եղբայրներն են, մի քանի ամիս էլ կսպասեն։ Հետո խաչ քաշեցին այդ թեմայի վրա, ու այդպես էլ հիմա մեր Արցախի ռազմաքաղաքական էլիտան է նրանց համար ։ Գոնե իրենց արտասահմանյան հանդիպումներին խոսեն, ասեն, բարձրաձայնեն այդ հարցը, բայց չէ․․․, իրենք փակել են Արցախի հարցն էլ, գերիներինն էլ․․․․։

-Դե հիմա նոր քաղաքականության մեջ ենք, նոր պայմանագրեր ենք կնքում, ԱՄՆ-ի հետ  օրեր առաջ կարևոր փաստաթուղթ ստորագրեցինք։Այդ ամենից ակնկալիքներ չկա՞ն։

-Ինչքան ընտրությունները մոտենան, այնքան էդ կեղծ խոստումներն ու օրակարգերը շատանալու են, շուտով նաև  եվրոպական աշխատավարձ ենք ստանալու, առանց վիզայի գնալու ենք Եվրոպա ու ԱՄՆ։ Իհարկե, դեռ շոուները շարունակվելու են․․․․
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image