Պետդեպարտամենտի հետ համագործակցող ազգությամբ ադրբեջանցի ամերիկսցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն տեղեկություն էր տարածել այն մասին, որ հնարավոր է այս ուրբաթ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին՝ «խաղաղության պայամանագրի» նախնական ձևաչափի ստորագրման համար:
«Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը»,- հայտնել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Իհարկե ՀՀ իշխանությունների կողմից այս գործելաոճը նորություն չէ: Բավական է հիշել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի և Հայաստանի «բանակցային» գործընթացում քննարկվող հարցերը կհրապարակվեն միայն դրանց գործնական լուծումից հետո, քանի որ դրանք չափազանց նուրբ բնույթ ունեն՝ բացատրում է ամեն ինչ: Մյուս կողմից հասկանալի է, որ Ալիևին ձեռնտու չէ որևէ «խաղաղության պայմանագրի» կնքումը, որը նրան ինչ-ինչ իրավական, միջազգային պարտավորությունների առաջ է կանգնեցնելու: Ինչու ստորագրել մի թուղթ, որը կարող է սահմանափակել քո պահանջներն ու հետագա ագրեսիվ նկրտումները: Մյուս կողմից էլ Փաշինյանի՝ շրիշակից ցածր վարկանիշը ստիպում է մտածել` իսկ ի՞նչ անել, որ Ալիևը Հայաստանում ունենա իր բոլոր հրահանգները հլու-հնազանդ կատարող իշխանություն՝ Փաշինյանի դեմքով: Բնականաբար, անհրաժեշտ է ընտրություններին ընդառաջ մի այդպիսի ֆորմալ դրոշակ տալ նրա ձեռքը, որպեսզի նա դրանով իրականացնի նախընտրական քարոզչություն ու հայերին հավատացնի, որ իր հետ բերում է այդքան երկար «երազած ու իր կողմից գովերգված խաղաղությունը»:
Բնականաբար ավելորդ է շեշտել, որ վերընտրվելուց հետո, Աստված մի արասցե, Փաշինյանը կլեգիտմացնի նաև Հայաստանի հետագա ապամոնտաժումը: Ամերիկացի-ադրբեջանցի լրագրողի կողմից այս տեղեկատվությունը կամ Սպիտակ տանը ֆորմալ հանդիպումը կարող է պարզապես Արևմուտքի կողմից Փաշինյանին նախընտրական աջակցության քարոզչական հնար լինել: Չմոռանանք, որ ի տարբերություն Փաշինյանի, Ալիևն շատ լավ գիտակցում և պաշտպանում է սեփական երկրի շահերն ու գիտի ինչպես խաղալ նույն հզոր Արևմուտքի մոտ:
Եվ ինչպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն էր ասել «Հրապարակի» հետ զրույցում՝«Էրդողանն ու Ալիևը հաշվել են Թրամփի ատամները»:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ նշում է, որ սա խաղաղության պայմանագիր չէ, այլ «մտադրությունների հայտարարություն», առանց պարտադիր մեխանիզմների։ Քաղաքագետը նշում է, որ Թրամփի համար սա շքեղ փիառ է՝ «Միացյալ Նահանգները վերադարձել են Կովկաս» բովանդակությամբ մոտավոր վերնագրով։ «Թրամփն անցած ամիսներին հիմնականում ձախողվել է արտաքին քաղաքականության մեջ, Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ նրան պետք է հաջողության պատմություն: Փաշինյանի համար՝ ներքին քարոզչական փրկօղակ 2026-ի ընտրություններին ընդառաջ»,-գրում է Սուրենյանցը: Այս իրավիճակում շահող կողմը անշուշտ Ադրբեջանն է՝ ստանում է միջազգային լեգիտիմացում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, հնարավորություններ Նախիջևանի կապի համար, ԱՄՆ-ի աջակցություն՝ Ռուսաստանին ու Իրանին հակազդելու համար։ Իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը՝ լուսանկարներ Սպիտակ տանը, անորոշ խոստումներ ներդրումների ու անվտանգության մասին, իսկ իրականում՝ Սյունիքի ճանապարհի նկատմամբ ինքնիշխանության և իրավազորության սահմանափակման վտանգ, արտաքին ճնշումներ, ներքին պառակտում։ Բնականաբար Իրանն ու Ռուսաստանն էլ լուռ չեն մնա՝ երկուսի արձագանքն էլ կոշտ կլինի, իսկ թե ինչպիսին՝ ցույց կտան զարգացումները, համոզված է քաղաքագետը: