Տավուշ բերդը առաջին անգամ աղբյուրներում հիշատակվում է 10-րդ դարի սկզբին՝ որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում՝ Ցլիկ Ամրամի)։ 10-11-րդ դարերում ամրոցն անցել է լոռեցի Կյուրիկյաններին։ Ամրոցը եղել է այն յուրահատուկ շինություններից, որն ունեցել է իր ներդաշնակ ջրամատակարարումը։ Քանի որ 14-րդ դարից բերդը եղել է լքված, այն գտնվում է վատ վիճակում։
2023 թվականին, հնագետ Տիգրան Ալեքսանյանի ղեկավարությամբ, այնտեղ հնագիտական պեղումներ են կատարվել, հայտնաբերվել են արժեքավոր գտածոներ, որոնց մի մասը զետեղվել է Բերդ քաղաքի երկրագիտական թանգարանում։ Մի քանի ամիս առաջ ԿԳՄՍ նախարարության Հուշարձանների պահպանության ծառայության վարչության պետ Հարություն Վանյանից տեղեկացել եմ, որ կատարված հնագիտական պեղումները հնարավորություն են տվել կազմելու Տավուշ ամրոցի եւ ամրոցի լանջին գտնվող փոքր Սուրբ Աստվածածին եկեղեցու ամրակայման եւ վերականգնման աշխատանքների նախագիծ։
Նախագծով աշխատանքների արժեքը սահմանվել է 186 միլիոն դրամ։ Հ․ Վանյանը մեզ հայտնեց, որ 2024 թվականին՝ 4 անգամ, 2025 թվականին՝ 2 անգամ այդ աշխատանքների համար «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան մրցույթ է հայտարարվել, այդ հայտարարությունը տեղադրվել է համապատասխան ինտերնետային կայքում: Սակայն մրցույթները չեն կայացրել, քանի որ դրանց մասնակիցներ չեն եղել։
Նոյեմբերի 20-ին արդեն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին եմ տեղեկատվական հարցում արել․ «ԿԳՄՍ նախարարությունը մտադի՞ր է առաջիկայում շինարարական ընկերությունների հետ համագործակցելով՝ այդ աշխատանքների համար նոր մրցույթ հայտարարել։ Տավուշ բերդի եւ եկեղեցու վերականգնման համար ո՞ր թվականներին, քանի՞ անգամ է մրցույթ հայտարարվել, դրանց վերականգնման համար ԿԳՄՍՆ-ի նախատեսած 186 միլիոն դրամն անբավարար չէ՞ այդ դժվարին, բարձրադիր տեղանքում մասնագիտական բնույթի մեծածավալ աշխատանքների իրականացման համար, այդ պատճառո՞վ չեն կայանում մրցույթները»։
ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վահրամ Գասպարյանի ստորագրությամբ պատասխան եմ ստացել, որտեղ նշված է․ «ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի պարսպապատերի, կից կառույցների, եկեղեցու ամրակայման, վերականգնման եւ տարածքի մասնակի բարեկարգման շինարարական աշխատանքների համար 4 անգամ մրցույթ է հայտարարվել 2024 թվականին եւ եւս 4-ը՝ 2025 թվականին: Նշյալ մրցույթներին ներկայացված գումարը սահմանվել է՝ համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մրցույթներում հայտեր չեն ներկայացվել, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է վերանայել նախահաշիվը»:
Այսինքն, Տավուշ ամրոցի պարսպապատերի, կից կառույցների, եկեղեցու ամրակայման, վերականգնման եւ տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքների համար անցյալ տարի եւ այս տարի, փաստորեն, 8 անգամ մրցույթ են անցկացրել, ենթադրվում է, որ դրանից առաջ աշխատանքների նախագիծ եւ նախահաշիվ է կազմվել։ Ինչպե՞ս է եղել, որ նախագիծ եւ նախահաշիվ կազմողները չեն հասկացել, որ վերականգնողական, շինարարական աշխատանքները կատարվելու են բարձրադիր, դժվարամատչելի տեղանքում, որտեղ էլեկտրական հոսանքի գիծ չկա, ջուր, ցեմենտ, ավազ, շինարարական այլ նյութերն ամրոց հասցնելու համար պետք է բարձունք տանող քիչ թե շատ բարեկարգ ճանապարհ կառուցել, եւ այդ ամենը բարձրացնում է կատարվող աշխատանքների գինը:
Առհասարակ՝ ամրոցի, եկեղեցու վերականգնումը ոչ թե սովորական օբյեկտների շինարարություն է, այլ՝ մասնագիտական աշխատանք, այդ հարցում պետք էր խորհրդակցել պատմական, մշակույթի հուշարձանների վերականգնողական աշխատանքներով զբաղվող կազմակերպությունների հետ։ Երկու տարի առաջ այդտեղ պեղումներ են կատարվել, պեղումներից հետո պետք է նաեւ ամրակայման աշխատանքներ արվեին, որպեսզի ամրոցի կառույցների, հողի շերտի փլուզումներ չլինեն, ինչը կրկնակի դժվարացրել է պատմամշակութային արժեքավոր հուշարձանի վերականգնումը։