Ժամանակին անկախ Հայաստանի գործադիր իշխանությունը դեմ գնաց ԼՂԻՄ-ը Հայաստանի կազմում ներառելու՝ երկու հայկական պետությունների խորհրդարանների որոշումներին: Այնուհետև կատարվեց երկրորդ նահանջը՝ պատերազմական գործողությունների ավարտից հետո ՀՀ-ն կրկին ռիսկ չարեց անելու մեկ այլ քայլ՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը: Երկու դեպքում էլ պատճառաբանությունը նույնն էր՝ որպեսզի չվտանգվի բանակցային գործընթացը: Այդ տարիներին Ադրբեջանը ջախջախված էր ռազմականապես և ոգեպես, թույլ էր տնտեսապես: Բայց քանի որ ադրբեջանական տարածքում էն գլխից նավթ էր արդյունահանվել, դեպի երկիր հոսեցին ներդրումներ, պետությունը հարստացավ, բանակը վերակազմավորվեց ու համալրվեց ժամանակակից սպառազինությամբ՝ հատկապես ԱԹՍ-ներով: Հետո մենք բերեցինք Նիկոլին, ծագեց պատերազմը, որից այնքան խուսափում էինք, ու մենք կրեցինք խայտառակ պարտություն: Հենց մենք, քանի որ Նիկոլի հետ մեկտեղ թշնամին անընդհատ ստորացնում է մեր ողջ ազգը: Ու արդեն որերորդ անգամ կյանքի կոչվեց «հայի վերջին խելքի» մասին արտահայտությունը:
Այդ ամենն անցավ մտքովս՝ երբ լրատվական կայքերում ծանոթանացա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերի նիստին Պաղեստին պետությունը ճանաչելու՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի որոշման արձագանքներին: Ի դեպ, ասեմ, որ դա կլինի Էմանուել Մակրոնի երևի միակ ադեկվատ քայլը նրա նախագահության ողջ շրջանում: Չնայած, չգիտես ինչ հիմնավորմամբ, 2019 թվականի դեկտեմբերի վերջին բրիտանական «Financial Times» թերթը Մակրոնին ներառել էր «տասնամյակը կերտած»՝ 50 անձանց ցանկում: Ինչևէ, Գլխավոր ասամբլեայի մշտական անդամներից մեկի կողմից կատարված այդ քայլը, նախ, կարող է մոտեցնել երկրի ճանաչման գործընթացը: Եվ երկրորդ, կարող ինչ-որ չափով խոչընդոտել Իսրայելի կողմից պաղեստինյան արաբների ցեղասպանությունը շարունակելուն: Բայց Արևմուտքը համաձայն չէ Մակրոնի հետ: ԱՄՆ նախագահ Դ. Թրամփն, օրինակ, հայտարարել է, որ այդ հարցում առկա է լավ նորություն. դա այն է, որ Մակրոնի գաղափարը որևէ արժեք չունի և հավանության չի արժանացել: Թեև Մակրոնը, շարունակել է նախագահ Թրամփը լավ տաղ է, և նա իրեն դուր է գալիս:
Պաղեստին պետությունը ճանաչելու առումով բավական ինքնատիպ են նաև եվրոպական առաջնորդների մեկնաբանությունները: Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կարծիքով, Պաղեստին պետության ստեղծումից առաջ դրա ճանաչումը կարող է հակաարդյունավետ լինել և խոչընդոտել դրա ստեղծմանը: Այնինչ, Պաղեստին պետությունը վաղուց էր ստեղծվել, ինքը ներկայացված է նաև ՄԱԿ-ում որպես կիսաանկախ միավոր, սակայն չի հանդիսանում լիիրավ անդամ, քանի որ չի ճանաչվել մշտական անդամ երկրներից երեքի (ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա) կողմից: Ինչպես տեսնում ենք, Մակրոնը որոշել է լրացնել այդ բացը: Ի դեպ, որպես պետություն Որպես պետություն Պաղեստինը ճանաչվել է ՄԱԿ-ի անդամ 147 երկրների (193-ից) կողմից: Ճանաչվել է նաև Արաբական երկրների լիգայի կողմից՝ դառնալով դրա անդամ, չի ճանաչվել հիմնականում հենց եվրոպական երկրների կողմից:
Ասվածի համատեքստում պարզ է դառնում, որ Պաղեստինը, որպես պետություն, «կստեղծվի» հենց ճանաչման եղանակով՝ ճիշտ այնպես, ինչպես Կոսովոն Եվրոպայում: Այնպես որ հակաարդյունավետ է լինելու ոչ թե ճանաչումը, այլ չճանաչումը: Համարյա թե նույն կինոյից է Գերմանիայի կառավարության ներկայացուցչի հայտարարությունը: Ըստ այդմ, «Բեռլինը կարճաժամկետ հեռանկարում չի նախատեսում ճանաչել Պաղեստին պետությունը… և այժմ իր գերակայությունը երկու պետությունների ստեղծման խնդրի լուծման ճանապարհին «վաղուց հասունացած առաջընթացի» հասնելն է» (news.am)։ Պատկերացնո՞ւմ եք, տևական ժամանակ Իսրայելը հետևողականորեն ոչնչացնում է, նախ, Ղազայի հատվածը, և երկրորդ, կազմաքանդում է Հորդանան գետի Արևմտյան ափի ինքնավար կազմավորումը: Գերմանական մտածողությամբ դա, ենթադրաբար, նշանակում է խնդրի լուծման ճանապարհին «վաղուց հասունացած առաջընթացի» ապահովում:
Մակրոնից բացի այդ ուղղությամբ մի թեթև քայլ է արվել Մեծ Բրիտանիայում: Չնայած այդ երկրի գործադիր իշխանությունը դեմ է Պաղեստինի ճանաչմանը, սակայն խորհրդարանի 221 (650-ից) պատգամավորի ստորագրությամբ նամակ է հղվել վարչապետ Սթարմերին այդ հարցի առումով: Դրանում նշվել է, որ չնայած այդ ճանաչումը չի բերելու ազատ ու անկախ Պաղեստին պետության կայացմանը, սակայն զգալի ազդեցություն կունենա այդ գործընթացի վրա: Ի դեպ, Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մեծ Բիտանիան Ազգերի լիգայի առաջարկով ստանձնել էր Մերձավոր Արևելքի մի շարք տարածքների և այդ թվում հրեաներով ու պաղեստիցիներով բնակեցված տարածքի մանդատը: Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մեծ Բիտանիան դարձել է Ազգերի լիգային փոխարինած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ:
Ի՞նչ կապ ունի այդ ամենը մեզ հետ, Արցախի հետ՝ կհարցնի ընթերցողը: Պատասխանեմ՝ այն, որ եթե մենք ժամանակին առաջնորդվեինք մեր շահերով՝ առանց նայելու, թե ինչ կասի միջազգային հանրություն կոչված գոյացությունը, այսօր կորսված չէր լինի Արցախը: Ու, ընդհանրապես, մեր պետականությունը չէր կանգնի անվտանգային սպառնալիքների առջև: Հատկապես որ մեր աչքի առաջ ունեինք նույն Իսրայելի օրինակը, որը նախորդի դարի 80-ականներին Երուսաղեմը հռչակեց մայրաքաղաք ու չչեղարկեց այն՝ չնայած բազմաթիվ պահանջներին: Որը ՄԱԿ-ի կողմից կազմավորվեց հիմնականում ԽՍՀՄ ղեկավար Ստալինի ջանքերով, իսկ շատ չանցած նետվեց Միացյալ Նահանգների գիրկը: Ու չնայած դրան, պահպանում է իր անկախությունը ոչ միայն ներքին հարցերում, այլև պաղեստինյան արաբների հետ փոխհարաբերություններում: Պահպանում է, ի դեպ, նույն Միացյալ Նահանգներից: Մենք, ի տարբերություն Իսրայելի, տեղից տեղ նետվելու խնդիր չունեինք: Եթե մի քիչ էլ պատմություն իմանայինք, կհասկանայինք, որ Իսրայել Օրին ճանապարհորդության վերջում գնաց Ռուսաստան, քանի որ հույսը կտրեց եվրոպական արքունիքներից: Ու Ռուսաստանն էլ, ի վերջո, տեր դարձավ այս տարածքներին, հետո էլ բռնությամբ Պարսկաստան տարված հայությանը վերադարձեց հայրենիք: Ինչն էլ մեր պետականության վերականգնման հիմքը դարձավ:
ՀԳ «Խելացի մարդը սովորում իր սխալների վրա, իմաստունը՝ ուրիշների, հիմարները երբեք չեն սովորում» հանրահայտ խոսքը ոնց որ թե հենց մեզ համար է ասված: Հատկապես որ պետության կազմավորման չորրորդ տասնամյակում Իսրայելը շարունակաբար առաջընթաց էր գրանցում, իսկ Հայաստանը, անկախության ժամանակահատվածում, հետընթաց: