Քաղաքականություն

Անցում թուրքականից ադրբեջանական «ժողովրդավարության» մոդելի․ ինչ տեղի կունենա 2026 թվականին

Անցում թուրքականից ադրբեջանական «ժողովրդավարության» մոդելի․ ինչ տեղի կունենա 2026 թվականին

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Հայաստանի քաղաքական համակարգը համապատասխանեցնի Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական համակարգերին: Երբ խոսք է գնում Փաշինյանի կողմից իրականացվող Հայաստանի վիլայեթացման քաղաքականության մասին, դա չի նշանակում սոսկ Հայաստանի ներկայիս տարածքի ֆիզիկական միացումը Թուրքիային, դա առաջին հերթին Հայաստանի քաղաքական, հոգեւոր-կրոնական, տնտեսական, սոցիալական համակարգերի համապատասխանեցումն է Թուրքիայում եւ Ադրբեջանում գոյություն ունեցող համակարգերին:  

Թուրքիայում, այսպես ասած, ցուցափեղկային ժողովրդավարություն է. մի կողմից կան ընդդիմադիր կուսակցություններ, որոնց թույլատրված է քննադատել իշխանությանը, մասնակցում են ընտրություններին, բայց Էրդողանի իշխանությունն անսասան է: Ընդդիմությունը խորհրդարանում զգալի ներկայություն ունի, բայց քաղաքական որոշումների կայացման վրա ազդեցությունը զրոյական է, կարող են միայն խոսել, քննադատել: Տեղական ընտրություններում, ինչպես, օրինակ, մայրաքաղաք Անկարայում կամ ամենամեծ քաղաք Ստամբուլում ընդդիմությունը հաղթել էր իշխանությանը, իշխանությունը մի անգամ չեղյալ հայտարարեց ընտրության արդյունքները, բայց երբ երկրորդ անգամ էլ պարտվեց, վերցրեց ու կալանավորեց ընդդիմության փաստացի առաջնորդ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին: Մի քանի օր առաջ նա դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատազրկման, ենթադրվում է, որ այդ ժամկետում Թուրքիայում նախագահի արտահերթ ընտրություններ կանցկացվեն, եւ Էրդողանը դարձյալ կընտրվի նախագահ: Էրդողանը հերթական ընտրություններին մասնակցելու իրավունք չունի, բայց արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունքը սահմանափակված չէ: Թուրքիայի եւ Հայաստանի քաղաքական համակարգերի նմանությունն ակներեւ է, բայց Փաշինյանն ուզում է էլ ավելի առաջ գնալ: 

Ադրբեջանում նույնպես ընդդիմություն կա, բայց ավելի սահմանափակ իրավունքներով. Համարյա չլինելու հաշիվ է: Ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններին կա՛մ չի մասնակցում` թույլ չեն տալիս, կա՛մ եթե մասնակցում է, ապա պարտվում է, երկրի խորհրդարանում ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չկա, տեղական ընտրություններին էլ ընդդիմադիրները չեն մասնակցում, որովհետեւ իմաստ չկա, միեւնույն է՝ պարտվելու են: Ադրբեջանում ժողովրդավարությունն ավելի կայացած է, քանի որ Ալիեւը միշտ հաղթում է բարձր ցուցանիշներով. վերջին անգամ 2024 թվականի փետրվարի 7-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Ալիեւը ստացել էր ընտրության մասնակիցների 92 տոկոսի աջակցությունը: Էրդողանը նման ցուցանիշներով չի կարող հպարտանալ, նա 2023 թվականին տեղի ունեցած ընտրություններում երկրորդ փուլում հազիվ հաղթեց ընդդիմության թեկնածու Քլչդարօղլուին:

Փաշինյանին ավելի հոգեհարազատ է Ադրբեջանի քաղաքական համակարգը, երբ քո ընդդիմախոսները կա՛մ թաքնվում են արտասահմանում, կա՛մ բանտերում են, կա՛մ սպանված եւ հուղարկավորված են: Հիմա նա կառուցում է ժողովրդավարության ադրբեջանական մոդելը, թուրքականից անցում է կատարում ադրբեջանականին, Ալիեւի հետ հանդիպումների ժամանակ գուցե նրանից կոնսուլտացիաներ է ստանում՝ այդ ճանապարհը հնարավորինս սահուն անցնելու համար: Ալիեւն էլ սովորեցնում է, որ առանձնապես դժվար բան չկա, պետք է կալանավորել բոլոր ընդդիմախոսներին եւ ընդհանրապես՝ բոլոր նրանց, ովքեր կփորձեն իշխանության հայտ ներկայացնել, պետք է փակել ազատ մամուլի ֆինանսական հոսքերը եւ բացառել որեւէ տեսակի հրապարակային քննադատություն, հսկողություն սահմանել բոլոր ֆինանսական հոսքերի նկատմամբ, քիչ թե շատ անկախ կամ ոչ հնազանդ գործարարներին եւս կալանավորել, մյուսները ստիպված կլինեն ինքնակամ հեռանալ երկրից: Մի խոսքով, ամեն տեղ պետք է լինի մոնոպոլիա եւ վերահսկողություն` կուսակցություն թե ՀԿ, մամուլ թե բիզնես, անգամ հոգեւոր-կրոնական կյանքը պետք է վերցնել խիստ հսկողության տակ՝ բացառելով այլակարծությունը: Այդ պայմաններում առանց վախենալու կարելի է մասնակցել ընտրություններին, քանի որ ընդդիմություն չի լինի, որ մասնակցի, ընդդիմությանը ձայն տվողներն էլ չեն մասնակցի ընտրություններին, եւ ընտրությունները կլինեն ազատ, արդար եւ թափանցիկ: Մանավանդ որ Արեւմուտքն էլ հրապարակային աջակցում ու ծափահարում է բռնության եւ բռնապետության ցանկացած դրսեւորում:

2026 թվականի խորհրդարանական ընտրությունները լինելու են թուրքական ժողովրդավարությունից ադրբեջանական մոդելի անցման առաջին փորձը կամ, ավելի ճիշտ՝ փուլը: Սա անցումային տարբերակ կլինի. Ադրբեջանը եւս անցել է դրա միջով. իշխանության հիմնական ընդդիմախոսները կալանավորված կլինեն եւ հնարավորություն չեն ունենա մասնակցել ընտրություններին, բայց ֆորմալ իմաստով ընտրությունները կլինեն մրցակցային, որոշ լայթ- ընդդիմադիրներ իրավունք կունենան մասնակցել ընտրություններին, եւ նրանցից ոմանք կմտնեն խորհրդարան, իհարկե, ոչ այն չափով, որ առկա է հիմա: Սրանք կկոչվեն համակարգային ընդդիմություն, ընդդիմություն, որը տեղավորվում է ձեւավորված քաղաքական համակարգի տրամաբանության մեջ եւ դրանից դուրս գալու փորձեր չի անում: Ինչո՞վ է տարբերվում համակարգային ընդդիմությունը ոչ համակարգայինից. ոչ համակարգային ընդդիմությունը, քննադատելով իշխանության արատները, այդ իշխանությունից ազատվելու եւ ավելի արդյունավետ գործող իշխանություն ձեւավորելու խնդիր է դնում, համակարգային ընդդիմությունը նույնպես քննադատում է իշխանությանը, բայց ոչ թե այդ իշխանությունը փոխելու ակնկալիքով, այլ որ ցույց տա իշխանության թերացումները, բացթողումները, եւ իշխանությունն ինքը հետեւություններ անի, դրանք ուղղի, նոր սխալներ թույլ չտա: Եթե չի ուղղվում եւ շարունակում է նույն սխալ քաղաքականությունը, պետք է խոսել այդ սխալների մասին այնքան ժամանակ, մինչեւ իշխանությունը գիտակցի իր սխալ լինելը եւ ուղղի կամ ուղղվի:

Գործող ընդդիմությունը թեեւ գործուն քայլեր չի իրականացնում իշխանափոխություն իրականացնելու համար, բայց դրա մասին խոսում է, իշխանափոխությունը հռչակում է որպես իր հիմնական նպատակ: Հաջորդ ընդդիմությունը նույնիսկ դրա մասին խոսելու իրավունք չի ունենա, քանի որ իշխանափոխության մասին խոսելը հավասարեցված կլինի ահաբեկչության փորձի կամ առնվազն իշխանության բռնի տապալման կոչի հետ: Կա՞ ելք սրանից, իհարկե՝ կա, բայց դրա մասին չի կարելի խոսել, քանի որ դա կարող է դիտվել որպես իշխանությունը բռնի տապալելու կոչ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image