2018-ին երբ իշխանության եկավ, ասաց՝ Ես Փրկիչ եմ, եկել եմ ձեզ փրկեմ նախկինների լծից։ Եկել եմ, որ թալանածը խլեմ ու ժողովրդին հանձնեմ։ Եկել եմ, ասեմ՝ Հայաստանը Արցախ է ու վերջ։ Եկել եմ, որ բացահայտեմ Հոկտեմբերի 27-ը, Մարտի մեկը։ Հիմա այս ամենը երազ է։ Այսօր, երբ հետադարձ հայացք ենք ձգում, Արցախից փետուր էլ չի թողել, նախկինների մեծ մասի հետ ուտուշ- խմուշ է անում, ժողովրդին դրել հարկային բեռի տակ, Հայաստանի սուվերեն տարածքները հանձնել է «միջազգային խաղաղության» պատրանքի տակ ու Եվրոպաներում ֆռֆռում է։
Այնտեղ էլ ասել են՝ այ տղա, էլ բան չունես ասելու, հիմա էլ ասա՝ խաղաղության աղավնի եմ։ Տասնյակ հազարավոր հաշմանդամներին ու զոհերին մոռացել են, հիմա էլ մի հատ Երևանի երկնքով պտույտ գործի ու ասա՝ ես խաղաղության աղավնի եմ։ Այսօր կառավարության նիստին հայտարարում է՝ «2026 թվականի ընտրություններին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Հակառակը Հայաստանը ետ գլորել կոնֆլիկտի և ֆորպոստի տրամաբանության մեջ»։ Իսկը խաղաղության աղավնի։ Այսինքն պիտի ժողովուրդը ընտրի նախկին Փրկիչ, այսօրվա աղավնի Փաշինյանին։
Եթե 2018-ի արդյունքին նայենք, ուղղակի ողբ է։ Աթոռը պահելու համար ինչ ասես կդառնա։ Ճերմակ փետուրներ կդնի՝ 2018-ի արյունոտ բինտ ու սրտիկով նկարից հետ։ Այսինքն ժողովուրդը պիտի ընտրի նախկին փրկիչ, այսօրվա փարթամ փետուրներով աղավնուն՝ որպես խաղաղության խորհրդանիշ: Ճերմակ փետուրները չեն մաքրում 2018-ի արյունոտ բինտը, և սրտիկներով նկարված հուշերը չեն փոխարինում իրական պատասխանատվությունը: Այսօր փրկիչը աղավնու հորինված կերպար է, ու ժողովուրդը կրկին կանգնած է ընտրության առաջ՝ հավատալու՞ նախկին ստերին, թե՞ պահանջելու իրական փոփոխություն: