Նիկոլը գիտի թե՝ ասֆալտը միայն ինքն է սիրում։ Էն որ պռոշները լիզելով ասում էր՝ ասֆալտը ասֆա՜լտ է, հիմա էդ ասֆալտը ընկել է ձեռը․ ոնց ուզի՝ կսիրի: Որ երկարաձգելով, ծոր տալով է ասում՝ ասֆալտը ասֆա՜լտ է, համոզված եղեք, որ ասֆալտը փո՜ղ է, կարողությու՜ն է, ասֆալտը մեղրից, նաբաթ շաքարից քաղցր բան է։ Աջ ու ձախ ասֆալտ են լիզում։ Էն որ մեկը կրեմով տորթի համար ուշքը գնում է, հանկարծ ամբողջական տորթը ձեռն է ընկնում։ Ի՞նչ կանի։ Թողնում եմ ձեր երևակայությանը։ Այդպես էլ ասֆալտը, որ մնացած բաների հետ հանկարծակի հայտնվել է Նիկոլի ձեռքում․․․ Բայց նորից եմ կրկնում՝ Նիկոլը գիտի թե՝ ասֆալտը միայն ինքն է սիրում, չգիտի, թե իրենից բացի ինչքա՜ն սիրող կա․․․ Վերևները ասֆալտը, սիրելով՝ հանձնում են ներքևիններին, որոնք քիչ-միչ լպստոտում են։ Ասֆալտը ասֆա՜լտ է, ինչքա՜ն սիրես՝ տեղ ունի, ինչքան ուտես՝ տեղ ունի։ Ավելի կոնկրետ։ Չէի խոսի, եթե իմ քթի տակ այդ ամենը չկատարվեր․
Եկել, ասֆալտի լեշ են փռել։ Ողջ Հայաստանի փռածի մասին չեմ խոսելու, ամեն մեկը թող իր քթի տակ եղած լեշից խոսի։ Հիմա նայեք նկարում պատկերված գարաժներին, որոնք Արաբկիր 51, 9-րդ շենքի երկարությամբ շարված են։ Հա, մենք ո՞վ ենք, որ գարաժներից խոսենք կամ ասենք երեխաների բաժին մանկությունը ինչ որ մարդիկ գողացել են։ Ընդամենը խոսելու եմ Նոր տարվա վերջին օրերին ափալ- թափալ արած ասֆալտի մասին։ Փռած ասֆալտից երևում է, որ միայն Նիկոլի համար չի ասֆալտը ասֆա՜լտ․․․ Ասֆալտ փռողները եկել, ով փող է տվել, իր գարաժի, տան առաջը ասֆալտ են արել։ Նույնիսկ ամաչում, գետինն ես մտնում, որ մի գարաժի առաջը ասֆալտ են արել, կողքինը, որ կես մետր էլ չկա, չեն արել։ Ասենք թե այդ գարաժատերը խելք չունի ու չի հասկանում, որ էն չարածի տակով ջուրը մտնելու, իրենց ասֆալտն էլ է քանդելու, բա էդ լեշ փռողները չգիտե՞ն, որ ամբողջ փողոցը տեղ- տեղ կարկատելով, տեղ-տեղ թողնելով ճղած, ոչ միայն աղճատում, այլանդակում են փողոցը, այլ իրենց արածը չարածի հավասար է։
Հիմա ինձ կասե՞ք, թե ինչու մեկի գարաժի առաջը ասֆալտ են արել, մյուսինը՝ չէ։ Եվ ում գարաժի դեմը ասֆալտ են արել, ոչ մասնագիտական աչքով երևում է, որ մի քիչ ավելի լավ են արել, քան ընդհանուր ճանապարհինը։ Ասֆալտը նաբաթ շաքար է, Նիկոլ ջան։ Մի անգամ արի մեր փողոց, տես թե ոնց են «ասֆալտը սիրել»։ Մենակ դու չես սիրում։ Հիշում եմ՝ մի դատի էի ներկա, որտեղ մեկը մեղադրվում էր հավերի գողության մեջ։ Դատավորը հարցրեց գողին՝ որ այդքան շատ ես հավ սիրում, ինչու՞ հավ չես պահում։ Հավագողն ասաց՝ աղվեսն էլ է շատ սիրում, ինչու՞ չի պահում։ Այս վիճակն է։