Մենք գրել էինք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի ժամկետը լրացել է եւ նոր մրցույթ է հայտարարվել, որին մասնակցելու հայտ են ներկայացրել Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Հայկ Ծատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինը՝ նախկին զինդատախազ Գևորգ Մարգարյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանը, ինչպես նաեւ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Հովսեփյանը: Մենք գրել էինք նաեւ, որ Գիտությունների ակադեմիային, իսկ իրականում` դատախազությանը ենթարկվող այս մարմնի տնօրենի ընտրությունն այս անգամ օրենքի շրջանցմամբ է ընթանում` ինչ որ նոր մեխանիզմ են մտածել` կոլեկտիվի ժողով, որը պետք է քննի թեկնածուներին, հարցեր տա եւ գնահատականներ, իսկ դա նշանակում է, որ գործող տնօրենն ի սկզբանե առավելություն է ստանում մյուս թեկնածուների նկատմամբ եւ բուն մրցույթն անիմաստ է դառնում:
Տեղեկացանք, որ մայիսի 17-ին տեղի է ունեցել Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի մրցույթի այդ անօրինական նախնական փուլը: Գարիկ Աղաբեկյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ինքը չի մասնակցել ժողով-ընտրություն կոչվածին, քանի որ իր համար արդեն իսկ պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու և ով է ընտրվելու, տվյալ պարագայում` վերընտրվելու տնօրենի պաշտոնում: Մեր զրուցակիցը նշեց, որ թեկնածուներից Հայկ Ծատուրյանը նույնպես հրաժարվել է այդ նախնական ընտրությանը ներկայանալ եւ, ըստ էության, կոլեկտիվի ձայների մեծամասնությամբ տնօրեն է ընտրվել տնօրենի ԺՊ Արգամ Հովսեփյանը, թեեւ դեռ բուն մրցույթը չի կայացել:
«Ես ուզում էի այս ամենն անտեսել, բայց հնարավոր չէ լռել: Մայիսի 17-ին տեղի է ունեցել այդ խայտառակ ընտրությունը: Մրցույթից առաջ, փաստորեն, տեղի է ունեցել ժողով, որից հետո կոլեկտիվը փակ, գաղտնի քվեարկությամբ իբրև թե իր ընտրությունն է կատարել` կոպիտ կանոնադրական խախտումներով: Կառավարության որոշմամբ` ԳԱԱ-ի 30 ինստիտուտներից, որտեղ ընտրության կարգն այդպիսին է, սևով, սպիտակի վրա գրված է, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն տարբերվում է մյուս ինստիտուտների կանոնադրություններից: Ես այդ օրը չեմ ներկայացել ընտրությանը, քանի որ դա սխալ պրոցես է եւ ես դրա մասնակիցը չեմ ցանկանում լինել: Ձայների մեծամասնությամբ` 121 ձայն ստացել է Արգամ Հովսեփյանը, մեկ ձայն ստացել է դատախազի տեղակալի ամուսինը և պատկերացնո՞ւմ եք` մեկ ձայն էլ ստացել եմ ես, այն դեպքում, երբ չեմ մասնակցել ընտրությանը, սա էլ է օրենքի խախտում` ընտրությանը չմասնակցած անձը չի կարող ձայն ստանալ: Սա պարզապես ամոթալի երևույթ է: Ուզում եմ մի դրվագ էլ հիշեցնել տարիների հեռվից. Յոթ տարի առաջ նույն կառույցում տնօրենի ընտրություն էր, ես կրկին դիմել էի` տնօրենի մրցույթի համար: Այն ժամանակ Ռադիկ Մարտիրոսյանն էր ակադեմիայի տնօրենը և նա ինձ ասաց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցանկանում է տնօրեն կարգել հենց Արգամ Հովսեփյանին և պնդել է, որ մենք մեր թեկնածությունները հետ վերցնենք, որովհետև Արգամն այն մարդն է, ով ի տարբերություն մեզ, կկատարի իշխանության բոլոր պահանջները», - խոսքը եզրափակեց Գարիկ Աղաբեկյանը:
Աղաբեկյանը դիմում է վարչապետ Փաշինյանին. «2018 թվականին Դուք ձեր ելույթներում նշում էիք, որ այս պահից սկսած մրցույթները Հայաստանի Հանրապետությունում պետք է ընթանան անաչառ, արդար, որեւէ ծանոթ-բարեկամ այլեւս դեր չի խաղալու եւ ընտրվելու է միայն լավագույը, դրանք պարզապես բառե՞ր էին, որովհետեւ նման իրականություն ես դեռ չեմ տեսել»: