Հանրությունը ուրախ է և գրեթե ակնհայտ հաղթանակ է համարում, որ Սամվել Կարապետյանին տնային կալանք են նշանակել։ Այս արձագանքը բնական է. շատերի համար խորհրդանշում է վերահսկողություն, հստակություն և օրենքի գործադրում «ազգի բարերարի» նկատմամբ։ Տպավորություն է ստեղծվում, թե որոշումները փոխվում են դատական բնույթի պատճառներով, բայց իրականում իշխանությունը գործում է շատ ավելի նուրբ և հաշվարկված մեխանիզմով, որտեղ յուրաքանչյուր քայլ ոչ թե իրավական, այլ քաղաքական-հոգեբանական նպատակ ունի։ Շատերն են տարակուսած՝ եթե վաղը տանն է լինելու, ինչու՞ կաթիլայինի տակից հանեցին ու ԱԱԾ տարան։ Պարզ բացատրությունը հենց այդ տեղում է. երբ իշխանությունը տեսավ, որ կալանքի խստացումը կհերոսացներ և կբարձրացներ Սամվել Կարապետյանի հեղինակությունը հանրության աչքում՝ նրան վերածելով «հալածվողի» կերպարի, գործարկվեց հակառակ մեխանիզմը՝ մեղմացում։
Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող «վեր ու վար» գործընթացը ունի մեկ նպատակ՝ քիչ հեղինակություն, քիչ համակրանք, շատ կասկած: Եթե ԱԱԾ մեկուսարանը նրան դարձնում էր «զոհի» կամ «հալածվածի» կերպար, ապա տնային կալանքը, հակառակը, ստեղծում է երկիմաստություն և կասկածի ստվեր: Հանրային ընկալման տարրերը բազմազան են, բայց հենց այդ երկիմաստությունը ծառայում է համակարգին. այն թույլ է տալիս վերահսկել իրավիճակը, առանց բացահայտ ճնշման կամ հերոսացման:
Սա դասական մանիպուլյացիայի մեխանիզմ է, որտեղ յուրաքանչյուր դատավարական և կազմակերպչական քայլ հաշվարկված է հասարակական տրամադրության կառավարման տեսանկյունից։
Վերջնարդյունքում, մինչ հանրությունն ուրախանում է փոքրիկ հաղթանակով, իրականություն դարձած գործընթացը միաժամանակ ամրացնում է համակարգի դիրքերը, վերահսկում հանրային ընկալումները և շարունակում ստեղծել «վեր ու վար» իրավիճակ, որտեղ խաղի կանոններն ամեն պահի կարող են փոխվել։ Նման պարագայում ամեն շոշափելի «հաղթանակ» կարող է ծառայել համակարգի շահերին։
Համակարգը շարունակում է վերահսկել ու ուղղորդել ընթացքը, կարևոր է նկատել՝ նույնիսկ ամենաանորոշ ու քաղաքական խաղերի ընթացքը կարելի է փոխել՝ հասկանալով խաղի կանոնները ու չտրվելով մանիպուլյացիաների։ Տնային կալանքը սիմվոլիկ է՝ վերահսկում, առանց հրապարակային ճնշման։ Սամվել Կարապետյանին մեծ խաղ է սպասվում։ Շատ մեծ ու պատմական խաղ։ Խաղատախտակին Հայրենիքն է։