Քաղաքականություն

Գլոբալիստական Եվրոպայի դեմ քաղաքակրթական հարցերում մեր բնական դաշնակիցը

Գլոբալիստական Եվրոպայի դեմ քաղաքակրթական հարցերում մեր բնական դաշնակիցը

Եվրամիության միջոցով ժողովրդավարությունը վերջնականապես տապալելու մոլդովական փորձը դուր է եկել «իրական» Հայաստանի վարչապետին, ու այդ պատճառով էլ ՀՀ ԱԳ նախարար կոչեցյալ Միրզոյան Արոյի միջոցով իշմար է ուղարկել ԵՄ չինովնիկներին: Նրանք էլ նախորդ օրը Արոյին հրավիրել էին նախաճաշի, չնայած ՀՀ ԱԳՆ-ում դա ներկայացվել էր որպես ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման հրավեր: Բայց քանի որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բրյուսելներում «կռված» տղա է՝  ֆայմել էր ու դրանց կայքերը քրքրելով բացահայտել, որ հրավիրել էին ընդամենը նախաճաշի: Ընթացքում էլ պարզել էր դրա նպատակը՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արտաքին (այսինքն՝ ռուսական) գոյություն չունեցող միջամտության դեմ պայքարելու մարտավարություն մշակելը: Ճիշտ այնպես, ինչպես դա կատարվեց խորհրդարանի ընտրությանն ընդառաջ Մոլդովայում: Հենց այդ նպատակին էին ուղղված Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ շփումները թե՛ Քիշնեւում եւ թե՛ եվրոպական այլ մայրաքաղաքներում:  

Փաստորեն, հերթական անգամ բացահայտվեց երբեմնի «ժողովրդի փրկիչ» Նիկոլի գործելաոճը՝ ինչ-որ անընդունելի բանի դեմ պայքարել նույն անընդունելի միջոցներով: Եվ եթե կաթողիկոսի դեպքում զավակի խնդիրն առկա էր, ապա այս դեպքում ռուսական վտանգը բացարձակ մոգոնված երեւույթ է: Ճիշտ այնպես, ինչպես դա ԱՄՆ-ում էր 2020 թվականի ընտրությունում, ինչպես դա անցյալ տարվա Ռումինիայում էր նախագահի ընտրությունում, երբ 1-ին փուլում հաղթած թեկնածուին հանեցին ընտրապայքարից, ինչպես Մոլդովայում՝ անցյալ տարվա նախագահի եւ այս տարվա խորհրդարանի ընտրություններում: Գլոբալիստական Արեւմուտքը դեռեւս ռուս-ուկրաինական պատերազմից առաջ էր «հայտնաբերել», որ ընտրություններին ռուսական՝ գոյություն չունեցող, միջամտության խնդիրը բարձրաձայնելը լավագույն միջոցն էր իրենց մրցակիցներին հաղթելու առումով: Նույնը փորձեցին կատարել 2024-ին՝ ԱՄՆ-ում, սակայն Դոնալդ Թրամփի ջանքերի շնորհիվ դա տապալվեց: Իսկ այնուհետեւ բացահայտվեց, որ 4 տարի առաջվա մեղադրանքը կառուցված էր բացարձակ կեղծ հիմքերի վրա: 

Քանի որ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության պատասխանատու եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը ստիպված էր բացահայտել Արոյի այցի նպատակը՝ եվրոպական միջամտություն ապահովելը, մենք պետք է պայքարենք 2026-ի ԱԺ ընտրությանը եվրոպական միջամտությունը չեզոքացնելու նպատակով, ինչն արդեն սկսվել է, եւ հույս ունեմ, որ այն կշարունակվի մինչեւ քարոզարշավի վերջին օրը: Բայց այդ պայքարը չպետք է պարփակվի Հայաստանով: Կարծում եմ, որ այդ պայքարում մեր բնական դաշնակիցը ոչ միայն մեր հարեւաններն են՝ Վրաստանը, Իրանը եւ Ռուսաստանը, այլեւ նախագահ Դոնալդ Թրամփը: Այո, հենց նա, ով առաջինը ձեռնոց նետեց համաշխարհային գլոբալիստական օրակարգին ու հաղթանակով դուրս եկավ այդ պատերազմից, համենայնդեպս՝ դրա առաջին ու վճռական փուլից: Որովհետեւ գլոբալիզմը շարունակում է այդ պայքարը՝ ի դեմս նախագահ Թրամփի մրցակիցների: Բացի զուտ գլոբալիզմի դեմ Թրամփի պայքարից, առկա է նաեւ մեկ այլ հիմք. դա Ռուսաստանի հետ առեւտրական հարաբերություններ վերականգնելու Թրամփի ցանկությունն է, ինչը դրսեւորվում է թե՛ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու նրա ջանքերում եւ թե՛ Չինաստանի դեմ ապագա հակամարտության ժամանակ ՌԴ-ին գոնե չեզոք տեսնելու մտադրությունում:

Մեզ մնում է կարողանալ ԱՄՆ նախագահին համոզել, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բացարձակ զուրկ է որեւէ սկզբունքից եւ նրան կարող է «դավաճանել» ճիշտ այնպես, ինչպես ՌԴ նախագահ Պուտինին, իսկ դավաճանելուց հետո, երբ առաջացավ դրա անհրաժեշտությունը, այսինքն՝ երբ նրան այնտեղից տնտեսական խնդիրները մատնացույց արեցին, Մոսկվայի ուղղությունը սարքեց ջրի ճանապարհ: Որ նման անձին՝ հատկապես պատերազմում խայտառակ պարտություն կրած ու հրաժարական չներկայացրած, վստահել չի կարելի: Ու հենց նախագահ Թրամփի միջոցով չեզոքացնել արտաքին իրական՝ եվրոպական միջամտությունը 2026-ի ԱԺ ընտրությանը: 

ՀԳ. Հիշեցնեմ․ գլոբալիստական առանցքային օրակարգերից մեկը կամ հենց առաջնայինը «կին-տղամարդ» հասկացության վերացումն է, միասեռ ամուսնության պարտադրանքը եւ «մայր ու հայր» անվանումները «ծնող 1»-ով եւ «ծնող 2»-ով փոխարինելը: Իսկ վերջերս անցում է կատարվում նաեւ քրիստոնեական ինքնությունը մերժելուն: Գենդերային օրակարգը, բնականաբար, սեռական շեղումներ ունեցողներին, իսկ կրոնականը՝ այլ կրոնի ներկայացուցիչներին չվիրավորելն է: Նաեւ հենց այդ քաղաքակրթական հարցերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեր բնական դաշնակիցը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image