«Հրապարակի» զրուցակիցը ֆրանսահայ հասարակական գործիչ, «Հայաստան» մշակութային միության ներկայացուցիչ Գրիգոր Ամիրզայանն է:
- Մարտի 24-ին ֆրանսիական ARTEfr-ի «28 minutes» հաղորդման ժամանակ ցուցադրվեց աշխարհաքաղաքական քարտեզ, որտեղ ներկայացված էին Թուրքիան և նրա հարակից երկրները, Հայաստանն ամբողջությամբ ջնջված էր, իսկ Ադրբեջանը` բավականին ընդլայնված: Ի վերջո ձեր կազմակերպության ջանքերով հեռուստաընկերությունը ներողություն խնդրեց հայերից` սխալ քարտեզի համար: Ի՞նչ եք կարծում, այս ամենում ադրբեջանական լոբբիի հետք կա՞ր:
- Ուզում եմ նշել, որ չնայած Arte հեռուստաալիքին ուղարկված բազմաթիվ հաղորդագրություններով ներգրավվել եմ այս գործին, բայց ես միակը չէի Ֆրանսիայում, ով դա արեց: Հարյուրավոր, նույնիսկ հազարավոր հայեր մոբիլիզացվել են՝ հետևելով իմ կոչին և նաև այլ կոչերին։ Armenian News Magazine կայքը՝ Armenews.com, հրապարակել է այս հեռարձակման նյութը, որտեղ Հայաստանի քարտեզն անհետացել էր հօգուտ Ադրբեջանի։ Մարտի 25-ի կեսօրից հետո ես արդեն գիտեի, որ Arte-ն պատրաստվում է ներողություն խնդրել հայերից և պատասխան է պատրաստում երեկոյան եթերի համար։ Բայց այս արդարացումները հայերին չեն գոհացնում։ Որովհետև Arte-ն ոչինչ չի ասել, թե ինչպես է կեղծվել այս քարտեզը: Եվ մենք սպասում ենք պատասխանի։ Կարծում եմ՝ մենք կշարունակենք ակցիան՝ ավելին պահանջելու համար։ Հայաստանի պատիվը վտանգված է:
- Սա պարզապես գրաֆիկական սխալ չէ, այլ դիտավորյալ փորձ է աշխարհի քարտեզից ջնջելու մի ամբողջ պետություն, մի բան, որ Էրդողանի և Ալիևի վաղեմի երազանքն է։ Այս մասին ակնարկեց նաև Le Figaro հանդեսի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը:
- Հայոց ցեղասպանության տարելիցի և ոգեկոչման հետ զուգահեռ կարելի է անցկացնել. Բայց կարծում եմ, որ այս կռիվը ամենօրյա է։ Եվ ամեն օր երկու ստահակ պետությունները, երկու ժխտողական պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը, հանուն պանթուրանիզմի, փորձում են ազդեցություն գործադրել Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությանը դիմակայելու և, առաջին հերթին ապակայունացնելու և հակազդելու Ֆրանսիայի հայ համայնքին, որն իրենց աչքում թշնամի է։
- Ի դեպ, հիշյալ հաղորդումը հեռարձակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի 24 ապրիլի միջոցառումներից ընդամենը մեկ ամիս առաջ, ինչը ավելի է խորացնում այս քարոզչական գործողության լրջությունը։
- Իհարկե, սա պարզ գրաֆիկական սխալ չէ: Թուրք-ադրբեջանական լոբբինգը Ֆրանսիայում ուժեղ է, հատկապես այն պատճառով, որ այնտեղ 700.000 հայ կա, և Բաքուն ու Անկարան ցանկանում են պայքարել իրենց ասած «հայկական լոբբիի» դեմ։ ARTE-ն այս վատ խաղը խաղաց։ Կարծում եմ՝ պատահական չէր, որ հանվեց Հայաստանի քարտեզը։
Հատկապես ARTE-ի նման ալիքի շոուում, որը հայտնի է որպես լուրջ ալիք, Ֆրանկ-գերմանական ալիք: Եվ հենց Գերմանիայում, որտեղ ապրում են 3 միլիոն թուրքեր, պետք է թերևս նայենք՝ տեսնելու այս անառողջ ժխտողական «պատվերի» աղբյուրը։
- Բայց ՀՀ իշխանություններն էլ հրաժարվում են Հայոց Ցեղասպանության հարցի առաջնահերթությունից, նաև Արարատ խորհրդապատկերից:
-Հայոց ցեղասպանությունը լռեցնելու՝ Նիկոլ Փաշինյանի փորձերը նյարդայնացնում են հայկական սփյուռքին: Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է, որ Արևմտյան Հայաստանում իր արմատների մասին հայկական հիշողությունը վերանա կամ թուլանա հօգուտ «Իրական Հայաստանի»։ Այս ամենը` Ալիև-Էրդողան չար զույգի թելադրանքով։ Հակառակորդի առաջ պարտվողականության, թուլության ու ծնկի իջնելու այս ռազմավարությունը հայի՝ քաջարի ու հպարտ ժողովրդի բնության մեջ չէ։ Դա նրա պատվի խնդիրն է։ Փաշինյանը կհեռանա` Հայաստանը կմնա. դրանում համոզված եմ։ Սատարելով Հայաստանի Հանրապետությանը՝ մենք չենք կարող ուրանալ մեր ծագումը, մեր մշակույթը։ Իսկ սրանք մեզ ուղղորդում են դեպի Արեւմտյան Հայաստան։ Ես ծագումով խարբերդցի ընտանիքից եմ։ Ինչպե՞ս կարող եմ հերքել իմ պապերի և տատիկների գոյությունն այս տարածաշրջանից՝ Հայոց ցեղասպանության բոլոր որբերի, ովքեր ապաստան են գտել Սիրիայի Հալեպ քաղաքի որբանոցներում 1915 թվականից հետո:
- Երաշխիք կա՞, որ նմանատիպ միջադեպ այլևս չի կրկնվի, և քարտեզագրական ներկայացումները կլինեն ճշգրիտ ու անաչառ։
- Ֆրանսիայում լրատվամիջոցներն անկախ են և ազատ։ Նույնիսկ եթե հաճախ կա «խմբագրական գիծ», պետք է հետևել մի տեսակ ուղղության: Ֆրանսիայում կա լրատվամիջոցների մարմին՝ ARCOM-ը, որը վերահսկում է այս բոլոր լրատվամիջոցները և պատժամիջոցներ է սահմանում որևէ շեղման կամ տեղեկատվության շեղման դեպքում։ Բայց քանի որ դա ուժային լծակ է` ԶԼՄ-ները կարող են «ազդվել», «զգայուն դառնալ», եթե իրագործվեն ճնշումներ կամ շահեր (ֆինանսական կամ առավելություններ): Մենք միամիտ չենք:
- Հանուն արդարության ասենք, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ևս հատուկ սևեռվածություն ունեն Հայաստանի քարտեզի վրա. Արցախի հայաթափումից և հանձնումից հետո նրանք խուսափում են ոչ միայն Արցախ բառն արտաբերելուց, այլև մեր կորսված հայրենիքի քարտեզը ցուցադրելուց, այդ թվում՝ Հանրային առաջին ալիքի և ռադիոյի հաղորդումներում:
- Նիկոլ Փաշինյանի Հայաստանը թույլ է և ենթարկվում է Թուրքիայի և Ադրբեջանի թելադրանքին. Ահա թե ինչու Հայաստանը զիջեց ամեն ինչ Ադրբեջանին... ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը: Այս միջադեպի հարցում հենց Հայաստանն էր, որ առաջինը պետք է մոբիլիզացներ ու բացատրություններ պահանջեր ARTE-ի ղեկավարությունից։
Բայց Հայաստանը գրեթե ոչինչ չի անում։ Եվ ահա թե ինչու է կարևոր հայերի ներկայությունը Ֆրանսիայում կամ այլ երկրներում։
- Ո՞րն է հայկական մշակութային «Հայաստանի գանձեր» ասոցիացիայի բուն առաքելությունը:
- «Հայաստան» մշակութային ասոցիացիան, որի նախագահն եմ ես, ստեղծվել է Վալանսում՝ 30 տարի առաջ։ Նպատակն է խթանել Հայաստանը Ֆրանսիայում և զարգացնել Ֆրանսիայի հայ համայնքի մշակութային և այլ գործունեությունը: Ներկայացնում ենք շոուներ, երբեմն հայաստանցի արվեստագետների հետ, գրքեր, ցուցահանդեսներ, մշակութային երեկոներ, բանավեճեր ցեղասպանության, Հայաստանի, Արցախի շուրջ, ֆրանսահայերին մոտ թեմաներ: 30 տարվա ընթացքում «Արմենիան» անցկացրել է ավելի քան 600 տարբեր միջոցառումներ։ Եվ ես պատիվ ունեմ նախագահելու այս ասոցիացիան։
Կցանկանայի նշել, որ ծնվել եմ Հալեպում (Սիրիա) և ժամանել եմ Ֆրանսիա՝ Վալանս՝ ծնողներիս հետ 1966թ.-ին: Ամուսնացած եմ Աչխենեի հետ, ով նույնպես ծնվել է Հալեպում, ծագումով Ուրֆայից եկած ընտանիքում: Ես երեք երեխա ունեմ ծնված Վալանսում, ովքեր նույնպես խոսում են հայերեն։
- Կեցցեք, շարունակեք ձեր հայապահպան գործունեությունը...