Այլ

Երբ հոտը թեքվում է, կաղերն առաջ են ընկնում

Երբ հոտը թեքվում է, կաղերն առաջ են ընկնում

Հրանտ Մաթևոսյանին տեղեկացրել էին, որ մի իտալացի դիվանագետ այցելել էր Հայաստան և վերադառնալով իր հայրենիք՝ գրել էր.

«Գնացի ու տեսա մի ժողովուրդ, որը ինքն իրենից է երես թեքել»։
Գրողն արձագանքել էր․
«Մենք մեր ողբերգության կամա-ակամա մասնակիցն ենք։ Մեզնից ամեն մեկը ներսում իր փայը ժրաջանորեն կրծում է և ամբողջը չի տեսնում — գլուխը կախ, մենա՜կ, կուսակցություններո՜վ, թայֆաներո՜վ, մաֆիաներո՜վ, վաստակի, զոհի, արյան առևտրո՜վ, զուտ զորբայությա՜մբ, իրարու բերանից հաց խլելով, իրարու ծնող լացացնելով... Մենք մեր միջուկն ենք կրծում և ամբողջը չենք տեսնում։ Իսկ ամբողջը տեսնելու համար պետք է քո իտալացու նման դրսեցի լինեինք»։
Նույնը այսօր է։
Մենք մեզ չենք տեսնում։
Դրա համար դրսեցի, ուրիշ  պիտի լինենք։
Ամբողջը՝ մեր հայրենիքը, չենք տեսնում։

Ամեն մեկը հայրենիքի իր բաժինն է կրծում։ Մեկինը՝ շատ, մյուսինը՝ քիչ։ Եթե իշխանություն ես, բյուջեն ու Հայաստանի ողջ ունեցվածքը քոնն է․ բաժանիր, ինչպես ուզում ես, վայելիր, որքան ուզում ես։ Իսկ կողքից ամեն մեկը կխլի իր բաժինը՝ չմտածելով, որ այն ողբերգությունը, որի մեջ ենք, նաև իր մեղքի բաժինն ունի։

Այդ պատճառով մեզ ուժեղ իշխանություն է պետք — ոչ թե այնպիսին, որը հանրության ամենաստորին հատվածն է ընդգրկում՝ իր ընչաքաղցությամբ ու մանրախնդրությամբ։  Այնպիսին, որն այդ հատվածից  հազար գլուխ բարձր է, որպեսզի իր օրինակով կարողանա վարակել երկիրը ու բարձրացնել մարդկանց։

Ցավոք, մենք ունենք իշխանություն, որը փողոցում պիրյաշկի ուտելով ու կուկուռուզ կրծելով փորձում է ժողովրդին համոզել, թե ինքն իրենցից մեկն է։ Հիմա էլ բոլոր խաղերը պրծել, թմբուկ է զարկում։
Սա՛ է ողբերգությունը։ 

Երբ իշխանությունը հավասարվում է կառապանին ու անում է այն, ինչ կառապանը, հայհոյում այնպես, ինչպես կառապանը,  դադարում է առաջնորդող լինել։ Իշխանությունը պիտի ուրի՜շ լիներ, տարբերվեր հասարակության ծանծաղ մասից,  որպեսզի կարողանար բարձրացնել մարդկանց, ոչ թե խրեր նրանց այն նույն ցեխի մեջ, որի մեջ ինքն է ու իր շրջապատը։

Ինչպե՞ս կարելի է «տիրադավ» անվանել այն սրբազաններին, որոնք դավաճանում են Եկեղեցուն ու Աստծուն։ Նրանք տիրադավ չեն — նրանց Տերը Նիկոլն է։
Երբ հոտը թեքվում է, կաղերն առաջ են ընկնում։
Հիմա այդ շրջանն է։ Կաղերն առաջին շարքում են։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image