Քաղաքականություն

Սահմանների ցանկացած վերաձևում կարմիր գիծ է Իրանի համար․ Իրանի ԱԳ նախարար

Սահմանների ցանկացած վերաձևում կարմիր գիծ է Իրանի համար․ Իրանի ԱԳ նախարար

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ հանդիպմանն արտաքին գործերի նախարար Զարիֆն ասաց, որ Կովկասում խաղաղությունը և անվտանգությունն Իրանի ազգային անվտանգության համար խիստ էական խնդիր են:

Գրել է  իրանական «Մեհր» տեղեկատվական գործակալությունն՝ անրադառնալով Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի միջև բանակցություններին։

Ըստ իրանական լրատվամիջոցի՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Երևան կատարած այցը որակել է որպես լավ հնարավորություն՝ տարածաշրջանում հատուկ պայմանները քննարկելու համար, անդրադարձել այս շաբաթվա սկզբին Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի՝ Հայաստան այցին ու հույս հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն իր այցի ընթացքում կօգնի էլ ավելի ընդլայնել հարաբերությունները երկու երկրների միջև:

Զարիֆը «Կովկասը որակել է որպես առանցքային տարածաշրջան, իսկ նրա անվտանգության և խաղաղության պահպանումը՝ որպես Իրանի ազգային անվտանգության խնդիր»:

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նաև մատնանշել է «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի նկատմամբ Իրանի սկզբունքային քաղաքականությունը 1990-ականներից ի վեր» ու շեշտել «տարածքային ամբողջականությունը հարգելը, տարածաշրջանի բոլոր մարդկանց իրավունքները հարգելը և վեճերի խաղաղ կարգավորումը»:

Նա անդրադարձել է «Իրանի ջանքերին վերջին ամիսներին՝ օգնելու վեճերը խաղաղ ճանապարհով լուծելուն» և արտահայտել է «Թեհրանի մտահոգությունը վերջին լարումների և սրացումների կապակցությամբ»: Զարիֆը նաև շեշտել է «բոլոր կողմերի կողմից զսպվածություն ցուցաբերելու և միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու և երկխոսության միջոցով վեճերը լուծելու ջանքերի անհրաժեշտությունը»:

Իրանի դիվանագիտության ղեկավարը նաև ասել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը տառապում է տարածաշրջանում ցանկացած լարման հետևանքներից»՝ ընդգծելով, որ «անհրաժեշտ է օժանդակել երկու երկրների տեսակետները միմյանց մոտեցնելուն»:

Նա նաև շեշտել է «միջազգային սահմաններն ու տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը»՝ ասելով, որ «սահմանների ցանկացած վերաձևում կարմիր գիծ է Իրանի համար»:

Իրանի դիվանագիտության ղեկավարը հույս է հայտնել, որ «Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունների միջև վեճերն ու լարումները կթուլանան տարածաշրջանում, և որ «տարածաշրջանի երկրները կշարժվեն դեպի կայունություն և բարձրացված օգտակար հաղորդակցություն՝ հանուն տարածաշրջանի մարդկանց»:

«Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն իր հերթին մատնանշեց երկու երկրների համագործակցության համաձայնագրերը` շեշտելով երկու երկրների ղեկավարների պարբերական բանակցությունների կարևորությունը», - գրել է «Մեհր» գործակալությունը:

Այվազյանը հույս է հայտնել, որ «երկկողմ հարաբերությունները կընդլայնվեն զանազան ոլորտներում»:

«Անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճին՝ նա ասաց, որ այս իրադարձություններն անհամատեղելի են տարածաշրջանում կայունության ու խաղաղության հետ», - Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքերի մեջբերումն ավարտել է իրանական լրատվամիջոցը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image