Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջի գրառումը․
Նիկոլ Փաշինյանը հպարտ-հպարտ տասը անգամ Դ-30-ի անունն է տալիս, մյուս լրատվականով անվտանգության հանձնաժողովի իրենց մի պատգամավոր խոսում է հինգերորդ սերնդի պրոֆեսիոնալ բանակի մասին։
Կամ մեկը մյուսից տեղյակ չեն, կամ էլ, որն ավելի հավանական է, չեն պատկերացնում՝ հինգերորդ սերնդի բանակն ինչ է։
Նախ Դ-30-ի մասին համառոտ պատկերացում կազմենք, թե ինչի համար չի կարող այլևս օգտակար լինել մեզ.
1. Առավելագույն հեռահարությունը՝ 15.4կմ է սովորական արկով, 21կմ ռեակտիվ արկով ։
2. Դժվար է տեղաշարժվում, դիրքավորվելը և կրակից հետո հեռանալը ժամանակատար է, ինչը ժամանակակից արագ պատերազմում լուրջ խնդիր է:
3. Սպասարկման համար անհրաժեշտ է 4-5 հոգի, ինչը նշանակում է նաև ավելի շատ բացահայտված մարդ մարտի դաշտում:
4. Տեսանելի է վերևից, դժվար է արագ քողարկել կամ փոխել դիրքը։
5. Ունի ցանցակենտրոն պատերազմի հետ անհամատեղելիություն: Դժվար է ինտեգրվում նոր սենսորային ու կառավարման համակարգերին։
6. Եվ վերջապես հնացած տեխնիկան չի բարձրացնում զինվորի վստահությունն ու անվտանգ լինելու զգացողությունը։
Ռուս-ուկրաինական կռվում արդեն 122 մմ հրետանային միջոցներից գրեթե հրաժարվել են, որովհետև դրանք հեշտ խոցման թիրախ են դարձել անօդաչուների համար և լիովին անցում են կատարել 155 մմ համակարգերի, որոնց հեռահարությունն ավելի մեծ է։
Նշենք, որ D30-ի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՀ բանակի 34-րդ տարեդարձի առիթով ՊՆ-ում տեղի ունեցած նիստի ընթացքում ելույթի ժամանակ։ Ելույթն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ ։