ՏԻՄ ընտրություններից հետո Հրազդան համայնքին միացան Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ, Ջրառատավան համայնքները: Բացի Ջրառատավանից, մնացած երեք համայնքներում նոր վարչական ղեկավարներ են նշանակվել:
Նախկին համայնքապետերից երկուսը, ովքեր ջերմ հարաբերությունների մեջ են Ռոմանոս Պետրոսյանի հետ այլ պաշտոններ կզբաղեցնեն: Լեռնանիստ համայնքի նախկին ղեկավար Արտյոմ Հայրապետյանը արդեն նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կարգապահական և ներքին հսկողության պետ: Սոլակ համայնքի նախկին ղեկավար Էդգար Խաչատրյանը, ով ի դեպ անցած ընտրություններում համայնքապետ դարձավ հենց Միքայելյանների ջանքերով, այս անգամ գերադասեց ՌոմանոսՊետրոսյանին եւ հրաժարվեց համայնքի ղեկավարի պաշտոնից: Մեզ հետ զրույցում Խաչատրյանը ասաց, որ ներկա պահին որեւէ պաշտոնի առաջարկություն չի ստացել. «Տոներն են, հիմա հանգստանում եմ, տոները կվերջանա մի տեղ կաշխատենք, հո պարապ չենք մնա: Ինքս եմ որոշել, եւ հրաժարվել եմ համայնքի ղեկավարի պաշտոնից»:
Նախկին մարզպետ, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ՝ Ռոմանոս Պետրոսյանի Կոտայքի մարզը «ձեռքում» պահելու երազանքը հօդս ցնդեց: Հրազդան խոշորացված համայնքի վարչական ղեկավարներ նշանակվեցին Միքայելյանների ծանոթները: Լեռնանիստ համայնքի վարչական ղեկավար է նշանակվել Մարզպետ Նիկողոսյանը, Քաղսի համայնքում՝ Գեւորգ Գրիգորյանը:
Սոլակ համայնքի վարչական ղեկավար է նշանակվել գյուղատնտեսությամբ զբաղվող Ռազմիկ Պետրոսյանը, ով, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վարել է Միքայելյաններին պատկանող հողերը:
«Կրթությունս՝ մագիստրոս, 2005 թվականին ավարտել եմ Կիրովականի համալսարանը: Մինչ վարչական ղեկավարի պաշտոնին նշանակվելը զբաղվել եմ գյուղտնտեսությամբ եւ դաշտավարությամբ, Ես պարկ ունեմ, ժողովրդի գործերի մեծամասնությունը ես եմ անում: Երկար տարիներ մեխանիկ եմ եղել, 30 տարի ժողովրդի հետ շփվել եմ, ես ավելին գիտեմ համայնքի կառավարումից, քան էն ժամանակվա գյուղապետը: 15 տարի էլ ավագանու անդամ եմ եղել, անցած ընտրությններին էլ իմ թեկնածությունը դրել եմ: Հիմա ժողովուրդը, որ տեսնում ա, պաչում ա, ոչ թե գլխները թեքում, էթում են: Դուք պետք է պատկերացնեք, ես ինչ անձնավորություն եմ»,- ահա այսպես իրեն բնութագրեց Սոլակի տրակտորիստ վարչական համայնքի ղեկավարը: Հարցին՝ վարչական համայնքի ղեկավար եք նշանակվել, քանի որ Սասուն Միքայելյանի հողերը եւս դո՞ւք եք վարել. «Չէ ես իրենցից հողերից գործ չեմ ունեցել: Իրենք բոլոր մեխանիզմները ունեն, բայց եղել ա, որ գնացել եմ ցանք եմ արել»: