Ադրբեջանում շարունակում են անթաքույց հրճվանքով հետևել Հայաստանի իշխանական զույգի՝ Փաշինյան Նիկոլի և Հակոբյան Աննայի՝ Հայ եկեղեցու և հոգևորականների դեմ մղվող թունավոր արշավին:
Իշխանամերձ լրատվամիջոցներից մեկը՝ Հաքին. ազ-ն, օրինակ գրում է, որ «Հայաստանում զարգանում է սուր և աննախադեպ քաղաքական-կրոնական հակամարտություն, որը ընդգրկում է Հայ Առաքելական Եկեղեցու իշխանության բարձրագույն էշելոններն ու ղեկավար կառույցները: Բախման կենտրոնում մի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանն են, իսկ մյուս կողմից՝ Հայ Եկեղեցու հիերարխիան, այդ թվում՝ Էջմիածնի և տարածաշրջանային թեմերի ներկայացուցիչները»։
«Սրացման պատճառը եկեղեցու ակտիվ մասնակցությունն էր հասարակական-քաղաքական գործընթացներին, որը Փաշինյանը մեկնաբանեց որպես աշխարհիկ գործերին միջամտություն և եկեղեցու փաստացի վերածումը ընդդիմադիր ինստիտուտի։
Եկեղեցու և Հայաստանի կառավարության միջև սրվող հակամարտությունը վերածվում է քաղաքական բախման, որտեղ բարոյական մեղադրանքներն ու աստվածաբանական պնդումները միահյուսվում են ուղղակի քաղաքական հաշվարկների հետ։
Հատկապես լարվածություն առաջացրեց Տավուշի թեմը ներկայացնող հայտնի եպիսկոպոս Բագրատ Գալստանյանի ելույթը, որը հայտարարեց վարչապետի հրաժարականը պարտադրելուն ուղղված նոր փողոցային շարժման մեկնարկի մասին: Ըստ առկա տեղեկությունների, այս ելույթի հետևում կարող են կանգնած լինել ընդդիմադիր շրջանակները, մասնավորապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,-ասվում է հոդվածում։
Նույն հրապարակման մեջ ասվում է, որ «Փաշինյանի հրապարակային արձագանքը չուշացավ։ Կառավարության նիստում ելույթ ունենալով՝ նա սուր քննադատության ենթարկեց Եկեղեցուն՝ մեղադրելով նրան երեսպաշտության, հոգևոր առաքելության կորստի և նյութական միջավայրի քայքայման մեջ»։
«Փաշինյանի հռետորաբանությունը կտրուկ մերժում առաջացրեց եկեղեցական շրջանակներում։ Եկեղեցու հոգևորականները, այդ թվում՝ Գուգարքի, Սյունիքի և Տավուշի թեմերի առաջնորդները, դատապարտեցին վարչապետի սրբապղծությունը՝ այն անվանելով ամբողջ Հայ Առաքելական Եկեղեցուն ուղղված վիրավորանք»,-շարունակում է Հաքին.ազ-ը։
Ըստ պարբերականի, իշխանական զույգի և Սուրբ Էջմիածնի միջև կոնֆլիկը «հատկապես սրվեց վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարությունների պատճառով։ Վարչապետի կինը կոշտ հռետորաբանությամբ հարձակվեց հոգևորականության վրա՝ նրանց անվանելով «երկրի գլխավոր այլասերվածներ» և մեղադրելով Հայ Առաքելական Եկեղեցուն բարոյական անկման մեջ։ Նրա հայտարարությունը ուղեկցվեց պեդոֆիլիայի մեղադրանքներով և եկեղեցիների օգտագործման ակնարկներով։ Բացի այդ, Աննա Հակոբյանը կասկածի տակ դրեց եկեղեցու հոգևոր առաքելության իսկությունը և բացահայտորեն կասկածի տակ դրեց նրա իրավունքը՝ ներկայացնելու հայ ժողովրդին միջազգային ասպարեզում։ Ոչ պակաս սադրիչ էր Նիկոլ Փաշինյանի հրապարակումը, որում նա հայտարարեց, որ կուսակրոնության երդումը համակարգված կերպով խախտվում է ավագ հոգևորականության շրջանում։ Նա ենթադրեց, որ այս գործողությունները տեղի են ունենում Գարեգին Բ կաթողիկոսի լուռ համաձայնությամբ, քանի որ խախտողներից ոչ մեկը չի հեռացվել պաշտոնից կամ չի ենթարկվել կանոնական պատժի։ Այդպիսով, Փաշինյանը փաստացի մարտահրավեր է նետել եկեղեցու ամբողջ հիերարխիային՝ կասկածի տակ դնելով հանրային առաջնորդության նրա բարոյական իրավունքը»։
Այսպիսով, ինչպես ենթադրում և ամփոփում է ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցը, «ճգնաժամը դուրս է գալիս կրոնական էթիկայի շուրջ վեճի մակարդակից և ստանում հասարակական գիտակցության և իշխանության լեգիտիմության նկատմամբ վերահսկողության համար լիարժեք պայքարի ձև։ Այն այլևս միայն պետության և եկեղեցու միջև առճակատում չէ, այլև հին էլիտաների կողմից վրեժխնդրության փորձ՝ կրոնական հռետորաբանությունն օգտագործելով որպես մոբիլիզացիոն ռեսուրս»։