Հարցազրույց

Ալիևը փորձում է չկրկնել առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի սխալը․ Ա․ Գրիգորյան

Ալիևը փորձում է չկրկնել առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի սխալը․ Ա․ Գրիգորյան

Հայաստանի ներքաղաքական զարգացումների և ադրբեջանական ներխուժման վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է «ժառանգություն» կուսակցության նախագահի պաշտոնակատար Անդրանիկ Գրիգորյանի հետ։


- Պարո՛ն Գրիգորյան, ի վերջո «Ժառանգությունն» ի՞նչ որոշեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ մասնակցում եք, չեք մասնակցում, նախապատրաստվում եք։

- Ես պետք է նշեմ, որ «Ժառանգություն» կուսակցությունը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել (հավանաբար լրահոսին չեք հետևել) առ այն, որ «Ժառանգությունը» չի կարող մաս կազմել հայրենատվության այս ծրագրին, և որևէ պարագայում չենք կարող լեգիտիմացնել իշխանությունների վերարտադրությունը։

- Գիտեի հայտարարության մասին, ուղղակի ուզում էի իմանալ՝ վերջնակա՞ն է ձեր որոշումը։

- Այո։

- Երեկ հայտնի դարձավ, որ Նարինե Դիլբարյանը [ԺԿ նախկին նախագահը, կուսակցությունից հեռացել է մայիսի 2-ին] Դեմոկրատական կուսակցության կազմում մասնակցելու է ընտրություններին։ Ուզում էի իմանալ՝ մինչև նրա հեռանալը քննարկումներ ունեցե՞լ եք Դեմոկրատական կուսակցության հետ։  

- Դեմոկրատական կուսակցության հետ՝ ոչ, որևէ քննարկում չենք ունեցել։ Ուղղակի կարծում եմ, որ բոլորիդ մոտ դեռևս թարմ են այն տեղեկատվական հոսքերը, թե իբր «Տիգրան Արզաքանցյանը «Ժառանգություն» կուսակցությունն է գնում, իսկ կուսակցության այն ժամանակվա նախագահը [Դիլբարյանը], դեմ հանդես գալով դրան, լքել է կուսակցությունը»։ Կարծում եմ՝ երեկ պարոն Արզաքանցյանի հրապարակած նախընտրական ցուցակը լրիվ այլ բանի մասին է խոսում։

- Արզաքանցյանի հե՞տ էլ երբևիցե քննարկումներ, շփումներ չեք ունեցել։

- Արզաքանցյանի հետ շփումներ ունեցել ենք, պարզապես պարոն Արզաքանցյանի առաջարկած մոդելը «Ժառանգության» արժեբանության հետ որևէ առնչություն չուներ։ Եվ դա էր հավանաբար տիկին Դիլբարյանի մոտ, այսպես, կուսակցությունը դանդաղկոտության մեջ մեղադրելու միտում առաջացրել։

- Ի՞նչ առաջարկ է արել Արզանցյանը, պնդե՞լ է, որ ինքը պետք է լինի առաջին համարն ընտրություններին մասնակցելու համար։

- Ես չէի ուզի հրապարակայնացնել այն, ինչը կարևոր չէ։ Պարզապես և ամեն դեպքում պարոն Արզաքանցյանը և Նարինե Դիլբարյանը «հայտնվել են» նույն լաստանավում։

- Ինչո՞ւ եմ հարցնում, որովհետև մենք տեղեկություններ ունենք, որ առաջարկել է գումարային աջակցություն և պայման է դրել, որ առաջին համարը պետք է լինի։

- Կարծում եմ թե՛ «Ժառանգություն» կուսակցության, և թե՛ կուսակցության հիմնադիր նախագահի [Րաֆֆի Հովհաննիսյանի] հետագիծը ցույց են տվել և ապացուցել են, որ որևէ պարագայում և որևէ դեպքում գումարը կամ գումարային որևէ առնչությունները չեն կարող վճռորոշ դեր ունենալ որդեգրած քաղաքական ուղու նկատմամբ։

- Ձեր, ձեր կուսակցության, Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումներն ինչպիսի՞ն են սահմանային իրավիճակի հետ կապված։

- Ստեղծված իրավիճակը հայրենի կառավարության անգործության արդյունքն է, որը վերջին երեք տարիներին խարխել և ամբողջովին զրոյականացրել է Հայաստանի անվտանգային համակարգը։ Եվ սա ողբերգություն է, երբ որ թշնամին կիլոմետրերով առաջ է գալիս Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Եվ այդ տեղաշարժերի մասին առաջինը տեղեկանում են սահմանամերձ գյուղերի հովիվները, լավագույն դեպքում՝ վարչական շրջանների ղեկավարները։ Սա մատնանշում և ընդգծում է մերօրյա ողբերգականությունը։ Այսպես շարունակել չի կարելի, սա ուղղակի կորստաբեր կլինի մեր պետականության համար։       

- Դեմարկացիայի, դելիմիտացիայի վերաբերյալ փաստաթուղթ շրջանառվեց, դրա վերաբերյալ ի՞նչ մոտեցում ունեք։ Արդյո՞ք հիմա պետք է դեմարկացիա, դելիմիտացիա անել։ Արդյո՞ք այդ փաստաթղթով Ադրբեջանը փորձում է հասնել նաև Արցախի խնդրի դուրսբերմանը, լուծմանը։

- Ադրբեջանն իհարկե իր խնդիրներն է լուծում։ Եվ վերջին կարճ ժամանակահատվածում, կարծես թե, հաջողությամբ է լուծում այդ խնդիրները։ Այդ խնդիրները մեր հավաքական անգործության հետևանքով են լուծվում հօգուտ Ադրբեջանի։ Կարծում եմ, Իլհամ Ալիևը, նաև ծանոթ լինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին շրջանի վայրիվերումներին, փորձում է չկրկնել առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի սխալը։ Պատերազմում հաղթանակ արձանագրելուց հետո պարտավորված փորձում է միջազգային ամրագրման ենթարկել Արդբեջանի տարած հաղթանակը Հայաստանի նկատմամբ։ Վստահ ենք, որ այս պարագայում և մեր օրերում նման [դեմարկացիայի և դելիմիտացիայի] գործընթաց  սկսելը վտանգավոր հետևանքներ կունենա։ Եվ տարիներով Հայաստանը չի կարող ուղղել իր կոտրված մեջքը [պետական սահմանների] միջազգային ամրագրման դեպքում։         
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image