Հանրային խորհուրդը մեկ տարուց ավելի է՝ նախագահ չունի։ Թափուր են նաև խորհդրի յոթ անդամների տեղերը, ու մինչ օրս չկա համալրում։ Երբ Ստյոպա Սաֆարյանը 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհդարանական ընտրություններից առաջ՝ հրաժարվեց ՀԽ նախագահի պաշտոնից, որ մասնակցի ընտրություններին, Հանրային խորհուրդը մնացել է առանց ղեկավարի եւ սկսվեց ՀԽ-ի բոյկոտի շրջանը։ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը հավատացնում է, որ ՀԽ ոլորտային հանձնաժողովները շարունակում են աշխատել։
«Հանրային խորհուրդը գործում է համաձայն ՀՀ Սահմանադրության 161-րդ հոդվածի, և դրա հիման վրա ընդունված է օրենք Հանրային խորհրդի մասին; Հանրային խորհուրդն ունի 11 հանձնաժողով, որոնք իրենց առջև դրած հարցերը քննարկում են և տեղյակ են պահում կառավարությանը։ Մասնավորապես՝ մեր հանձնաժողովը (ֆինանսատնտեսական և բյուջետայիւն հարցերի) բազմաթիվ հարցեր է քննարկում։ Մենք աշխատում ենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, հանրության և պետության առաջ բարձրացված հարցեր կան, որոնք մենք ներկայացնում ենք նախարարությանը, և նախարարությունն արձագանքում է մեր հարցերին։ Երկու անգամ ունեցել ենք հանդիպում ՏԿԵ նախարարության հետ ու քննարկել ենք Երևանի մետրոյի Աջափնյակ կայարանի հարցը, որի վերաբերյալ մենք մեր կարծիքն ենք հայտնել։ Ռուսաստանում նոր նախագիծ է արվում, և այդ նախագիծը մեր հարցադրումների արդյունքում համադրվել է գործող նախագծի հետ»,-ասաց Վազգեն Սաֆարյանը։ Իհարկե, կարելի է ամեն օր նիստեր անել, բայց դրանց արդյունքը որն է` ինչ դեր է խաղում այսօր Հանրային խորհուրդը` զրո արդյունավետությամբ ու դերակատարության բացակայությամբ:
Սաֆարյանը նշում է, որ իրենք այս պահին ՀԽ անդամի յոթ թափուր տեղ ունեն, և մի քանի ամիս առաջ նիստ են գումարել, Արշակ Սադոյանը՝ որպես տարիքով ավագ, նիստը վարել է, և Նիկոլ Փաշինյանին նամակ են գրել՝ խնդրելով, որ վերջին այդ յոթ անձանց փոխարեն, որոնք տարբեր պատճառներով դուրս են եկել ՀԽ-ից, նոր մարդկանց նշանակի, որպեսզի Հանրային խորհուրդը լիարժեք գործի։ Նաև խնդրել են, որ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամներից մեկին երաշխավորի ՀԽ նախագահ դառնալու համար` նախագահի նշանակումը վարչապետի գործառույթն է։ Բայց կառավարությունից պատասխան չեն ստացել։ Ակնհայտ է, որ Փաշինյանը որոշել է լուծարել այս խորհուրդը, կամ` այնպես անել, որ այն կաթվածահար լինի` չաշխատի, քանի որ դրա կազմը ձեւավորվել է դեռեւս նախկին իշխանությունների ժամանակ: Սակայն սա սահմանադրական մարմին է եւ Սահմանադրությամբ է որոշվել, որ այն պետք է լինի: Նկատենք, որ 2018 թվականից ի վեր Հանրային խորհրդի կազմը չի համալրվում, իշխանությունը նախագահ նշանակեց` հույս փայփայելով, որ նախագահը կփոխի կազմը եւ այստեղ կհայտնվեն իշխանահաճո անձինք եւ Փաշինյանին անհրաժեշտ որոշումը կկայացնեն, բայց չստացվեց:
Ի դեպ, Վազգեն Սաֆարյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո այլևս չի մասնակցում կառավարության նիստերին, քանի որ այլևս չեն հրավիրում։
«Ես գտնում եմ, որ դա ճիշտ չէ, որովհետև Հանրային խորհուրդը հանրային հնչեղություն ունեցող հարցերը իր մոտ քննարկում է։ Իսկ կառավարության ընդունած բոլոր որոշումներն ունեն հանրային հնչեղություն, և ճիշտ կլինի, որ Հանրային խորհրդից որևէ մեկը մասնակցի կառավարության նիստերին և էդ հարցերը տեղայնացնի Հանրային խորհրդի հանձնաժողովների օրակարգերում»,-հին հիշողությամբ ասուևմ է Վազգեն Սաֆարյանը։
Հարցրինք՝ Ձեր կարծիքով այսօր արդյունավե՞տ է գործում Հանրային խորհուրդը։
«Իհարկե, արդյունավետ չի գործում։ Եթե Հանրային խորհուրդը չունի նախագահ, և էդ նախագահը հարցերը վարչապետի հետ ուղղակիորեն չի քննարկում, բնականաբար՝ չի կարող առավել արդյունավետ լինել։ Բայց ես ասում եմ, որ առանձին հանձնաժողովներ իրենց աշխատանքները կատարում են, և համապատասխան նախարարություններին առաջարկություններ են ներկայացնում։ Ես կարծում եմ, որ աշխարհի 70-ից ավելի երկրներում կան Հանրային խորհուրդներ, որոնք հիմնականում Ֆրանկոֆոնիայի երկրներ են, իսկ մենք էլ Ֆրանկոֆոնիայի անդամ երկիր ենք, ուրեմն մեր Հանրային խորհուրդը էս ավանդույթները, որ արդեն 12-13 տարվա ավանդույթ կա, դրանք չի կարելի կորցնել»,-ասաց Սաֆարյանը։