Քաղաքականություն

Նախկին դատավորը՝ մարզպետի խորհրդական․ գյումրեցիներին հայտնի ԳԱԼԱ-ն փակողը

Նախկին դատավորը՝ մարզպետի խորհրդական․ գյումրեցիներին հայտնի ԳԱԼԱ-ն փակողը

Շիրակի նորանշանակ ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանը որոշել է նախորդ մյուս 5 ՔՊ-ական մարզպետներից տարբերվել իր ժողովրդավարությամբ եւ հայեցողական պաշտոններից մեկի համար մրցույթ էր հայտարարել։ Առուշանյանը մրցույթով իրեն խորհրդականներ էր փնտրում։ Երեկ վերջապես նրանցից մեկը ընտրվել  է։
Մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ 36 քաղաքացի էր դիմում ներկայացրել մարզպետի խորհրդականների թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով, նրանցից 15-ը իրավաբանական, 13-ը ֆինանսական և 8-ը այլ կրթություն ունեցող մարդիկ, 15 դիմումատուի փաստաթղթային փաթեթն է համապատասխանել ներկայացված պահանջներին։ Նրանց հետ անցկացվել է նաև հարցազրույց։

«Ձեզանից երկուսն են աշխատանքի անցնելու մարզպետի աշխատակազմում, բայց մեզ համար կարևոր է մասնագիտական կարողություններ, գիտելիքներ ու փորձ ունեցող մարդկանց պետական կառավարման աշխատանքներում ներգրավելը։ Ձեր տվյալներն արդեն մեզ մոտ կան և անհրաժեշտության և հնարավորության դեպքում մենք ձեզ հետ կկապվենք»,- թեկնածուների հետ զրույցում նշել է Առուշանյանը։

Մարզպետարանի կայքում տեղադրած լուսանկարներից երևում է, որ մրցույթին մասնակցել է նաև Շիրակի մարզի վարչական դատարանի նախկին դատավոր Էդվարդ Նահապետյանը։ Այսօր արդեն տեղեկացանք, որ մարզպետի խորհրդական է նշանակվել հենց նա։

Էդվարդ Նահապետյանը Գյումրիում հայտնի է մամուլի, ԶԼՄ-ների դեմ կայացրած մի շարք վճիռներով։ Օրինակ հենց նա որոշում կայացրեց փակել ԳԱԼԱ հեռուստաընկերությունը, որը գյումրեցիների նախընտրելի հեռուստաալիքն էր։
«ԳԱԼԱ-ի գործով շատ դատավորներ են եղել, բայց Նահապետյան Էդիկը առանցքային գործերից մեկի դատավորն էր՝ Հարկային տեսչությունն ընդդեմ ԳԱԼԱ-ի, խոշոր տուգանքը հենց նա է դակել:

Նահապետյանը 2008-ին արեց այն, ինչ հրահանգված էր: Ակնհայտ խախտումներով դատաքննություն էր, ԳԱԼԱ-ի ոչ մի միջնորդություն ձեւի համար գոնե, չի բավարարել՝ խախտելով արդար դատաքննության մեր իրավունքը: Գործից տասը տարի անց Եվրոպական դատարանն արձանագրեց այդ խախտումը եւ Նահապետյանի քննած գործը նորից քննվեց»,-հիշում է ԳԱԼԱ-ի լրագրող Արմենուհի Վարդանյանը։

Նշենք, որ մյուս խորհրդականի նշանակման մասին դեռևս տեղեկություն չկա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image