Քաղաքականություն

Ինչ շշնջաց «սպիտակ արջը» Բայրամովի ականջին. թակա՞րդ Հայաստանի դեմ

Ինչ շշնջաց «սպիտակ արջը» Բայրամովի ականջին. թակա՞րդ Հայաստանի դեմ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բաքվում մեկնարկել է ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի փակ հանդիպումը։ Ըստ պաշտոնական լրատվության, ակնկալվում է, որ նախարարները կքննարկեն երկրների միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև արդիական տարածաշրջանային հարցեր: Լավրովը ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երրորդ հանդիպման շրջանակում կմասնակցի նաև «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները 21-րդ դարում. ռազմավարական գործընկերություն տարածաշրջանային անվտանգության համատեքստում» համաժողովին:

Հանդիպումից հետո Բայրամովը Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց. «Իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև եռակողմ հայտարարությունների իրագործումը»։ Նա նշել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

Ստացվում է, որ եռակողմ հայտարարությունների իրագործման մասին քննարկումներ են անում ոչ թե երեք կողմերը, այլ դրանցից երկուսը: Երրորդ կողմի աթոռը չկա այդ քննարկումներում, տեղը դատարկ է: Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը քննարկվում է առանց հայկական կողմի: Իհարկե, սա առաջին հերթին մեր երկրի թույլ ղեկավարի անտրամաբանական ու ոչ դիվանագիտական քայլերի արդյունք է, ինչի հետեւանով կորցրել ենք թե՛ մեր վարկանիշը, թե՛ լսելի լինելու իրավունքը: Այս՝ մեզ համար գաղտնի քննարկումից կարելի է երկու բան սպասել, կամ Լավրովը գնացել է համոզելու Ալիեւին՝ բացել Լաչինի միջանցքը, ինչով կփրկվի ՌԴ-ի դեմքը եւ կապացուցվի, որ այս տարածաշրջանում «ասողներն» ու որոշողներն իրենք են, ոչ թե ԵՄ դիտորդները: Կամ` Հայաստանի թիկունքում թակարդ է լարվում՝ ի պատասխան նույն այդ դիտորդներին տարածաշրջան բերելու, ինչի դեմ պաշտոնական Ռուսաստանն արդեն արտահայտել է իր դժգոհությունը: Իսկ որ այդ հարցում արդեն կոնսենսուս կա, վկայում է համատեղ ասուլիսի ժամանակ Բայրամովի հնչեցրած մեղադրանքը Հայաստանի հասցեին. «Ադրբեջանցի «էկոակտիվիստների» գործողությունը Լաչինի միջանցքում պայմանավորված է «հայկական կողմի՝ տվյալ ճանապարհի օգտագործման կանոնների կոպիտ խախտման հետ: Հայաստանը փորձում է ողջ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի և Ադրբեջանի վրա և մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը` հրաժարվելով կառուցողական երկխոսությունից»: 

Այսինքն, ստացվում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը Լաչինի միջանցքի հարցում արդեն դիրքավորվել են «բարիկադի» նույն կողմում՝ ընդդեմ Հայաստանի: Իսկ դրանից լավ բան չի կարելի սպասել…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image