Գործուն զղջալու մասին օրենքից ոչ մի կերպ չեն հրաժարվում: Հիշենցնենք՝ եթե անձը, որը ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ է մեղադրվում, ընդունի իրեն առաջադրված մեղադրանքը, ասի, որ զղջում է, կազատվի քրեական պատասխանատվությունից։
Պարզվում է՝ գործուն զղջալու մասին օրենքը անցկացնելու միակ պատճառը պատերազմի ժամանակ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած 11․000 անձանց՝ դասալիքներին, որոնց գործերով հիմա քննություններ են գնում և առաջիկայում պետք է վարույթներ հարուցվեն, արդարացնելու մեծ ցանկությունն է:
Արդարադատության նախարարության մեր աղբյուրները ասում են, որ տարբեր գերատեսչությունների մեջ բուռն քննարկում է ընթանում, անգամ վիճաբանություն կա։ Արգիշտի Քյարամյանն ասել է, թե իրեն հաջողվել է պայմանավորվել գլխավոր դատախազի հետ, որ օրենքը կիրառելու են միայն 44-օրյայի ժամանակ զինվորական հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, ու ներքին պայմանավորվածությամբ քննիչները և դատախազները այս օրենքը չեն կիրառի օրինակ բռնաբարություն կատարած անձանց նկատմամբ, բայց անսպասելի արձագանք է հետևել Աննա Վարդապետյանի կողմից։ Գլխավոր դատախազը զարմացել է նման անհեթեթությունից և ասել, որ նման անլուրջ պայմանավորվածությամբ օրենք չեն ընդունում, քանի որ այսօր իրենք են այդ գերատեսչությունները ղեկավարում, իսկ վաղը կարող է այլ մարդ լինել իրենց տեղում, իսկ այս օրենքը պատուհաս է դառնալու այլոց ձեռքերում:
Սակայն բուռն քննարկումը եզրափակել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով առարկություններ չընդունող տոնով հրահանգել է, որ նախագիծը պետք է ընդունվի։ Թե ինչ շահ ունի Գրիգորյանը, դժվար է ասել, սակայն մեր աղբյուրները ասում են, որ այս նախագծին դեմ են արտահայտվել գրեթե բոլորը, այդ թվում՝ ԱԱԾ-ն և Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մեր տեղեկություններով՝ մի շարք գերատեսչությունների կողմից առաջարկվել է այս օրենքի փոխարեն համաներում իրականացնել, ինչին Մհեր Գրիգորյանը արձագանքել է, թե քաղաքական իմաստով շատ վտանգավոր և անհեռատես քայլ է, կարող է հանրային մեծ դժգոհություն առաջացնել: Ստացվում է, որ միայն Արգիշտի Քյարամյանն ու Մհեր Գրիգորյանն են կողմ, Գրիգոր Մինասյանն էլ հով ապրում է:
Նախարարության մեր աղբյուները նշեցին, որ իրենք նախագծի հետ բացարձակ կապ չունեն, իրենք էլ են դեմ, նախագիծը մշակել է Քննչական կոմիտեն, իսկ իրենք նախագիծը Կառավարություն են ուղարկել ստիպված՝ Մհեր Գրիգորյանի մեյլով տրված հրամանի հիման վրա։
Մեզ ասացին, որ այս թեմայով քննարկում է եղել հենց Փաշինյանի մոտ։ Նրան ներկայացվել է, որ բանտերում էլ տեղ չկա, լցված են, ու էլի 11․000 հոգու նստեցնելու տեղ ուղղակի չունեն: Փաշինյան էլ ասել է՝ լուծեն հարցը։ Սրանք էլ որոշել են օրենքը փոխելով՝ քողարկված համաներում իրականացնել։
Հիմա ուզում են Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել, բայց չեն հասկանում բերված օրենքի աղետալի հետևանքները: