Քաղաքականություն

«Հրապարակ». Այս ժողովրդի ցասումը, մեկ է՝ չի կանգնելու

«Հրապարակ». Այս ժողովրդի ցասումը, մեկ է՝ չի կանգնելու

Երեկ առավոտյան ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին 200-ից ավելի քաղաքացիներ, որոնք մայրաքաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ էին անում, փողոցներ փակում: Բողոքի ակցիաներ էին անում նաեւ բուհերում, ոստիկանությունն ուսանողներին էլ էր դաժանաբար բերման ենթարկում։ Մեզ հետ զրույցում փաստաբան Վարդուհի Սարգսյանն ասաց, որ բերման ենթարկվածների մեծ մասն ազատ է արձակվել, սակայն քննչական մարմինները նաեւ փորձել են գործեր կարել։ «Այս պահի դրությամբ, իմ ունեցած տեղեկություններով, 200-ից ավելի բերման ենթարկված անձ կա, բայց հստակ տեղեկություններ չկան, քանի որ ո՛չ Քննչական կոմիտեն, ո՛չ ներքին գործերի նախարարությունը նախաձեռնված վարույթների վերաբերյալ, ոչ էլ բերման ենթարկված անձանց վերաբերյալ հայտարարությամբ հանդես չեն եկել։ Այնուամենայնիվ, բերման ենթարկվածների հիմնական մասն արդեն իսկ ազատության մեջ է գտնվում»,- ասաց Սարգսյանը։

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ իր պաշտպանյալների մեջ կա՞ն անձինք, որոնք ձերբակալված են։ «Այս պահի դրությամբ բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել, բայց պիտի նշեմ, որ իմ գործընկերներից ստացված տեղեկության հիման վրա կարող եմ ասել, որ այն անձինք, որոնք բուհերում են իրականացրել իրազեկման ակցիաներ, նրանց վերաբերյալ իրականացվում են վարույթներ՝ խուլիգանության հանցակազմերով, ինչն ակնհայտորեն ապօրինի է»,- պատասխանեց փաստաբանը։

Սարգսյանին հարցրինք՝ իրենց ինչպե՞ս են պարզաբանել՝ ի սկզբանե ի՞նչ հիմքով են ցուցարարներին բերման ենթարկում։ «Մենք բազմաթիվ դեպքեր ունենք, որոնք տեսանկարահանված են, որ ոստիկանի կողմից որեւէ օրինական պահանջ չի ներկայացվում, բազմաթիվ դեպքեր ունենք, երբ ակցիայի, հավաքների մասնակիցները մայթերից են բերման ենթարկվել՝ ակնհայտ ապօրինի։ Ըստ էության, որեւէ ապօրինի պահանջ նույնիսկ չեն էլ ներկայացնում, բերման են ենթարկում եւ արձանագրությունն էլ կազմում են՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելը»,- ասաց փաստաբանը։

Քաղաքացիների զանգվածային ձերբակալությունների ֆոնին ժողովուրդը տարբեր խմբերով շարունակում էր բողոքի գործողությունները՝ անտեսելով Փաշինյանի այն սպառնալիք- նախազգուշացումները, որ «պողպատյա մանդատ» կկիրառի նրանց նկատմամբ, այսինքն՝ ոստիկանական բիրտ ուժ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «պողպատե մանդատն» ինչքան էլ կիրառի, մեկ է՝ ժողովրդի թիվը մեծանալու է․ «Իրենք հայտարարել են, որ իրենց պողպատե մանդատը պիտի օգտագործեն, այսօր բռնություն գործադրեցին` խաղաղ անհնազանդություն իրականացնող մարդկանց բռնի ուժով բերման ենթարկեցին, այս պահին 142 մարդ, մինչ այդ 500 մարդ էին բերման ենթարկել, բայց, մեկ է՝ այս ժողովրդի ցասումը չի կանգնելու, գնալով մեր թիվն ավելանալու է, գնալով ավելի շատ մարդիկ են միանալու մեզ։ Այսօրվա մեր ակցիաները ցույց տվեցին, որ մեր հազարավոր քաղաքացիներ իրենց ազդանշաններով, շատ մարդիկ են կանգնում, միանում մեզ, աջակցում։ Նաեւ ուզում եմ շեշտել, որ երբ մենք ակցիաներն իրականացնում էինք, բազմաթիվ մարդիկ ասում էին՝ մենք ձեզ հետ ենք, ձեր կողքին ենք, ճիշտ է՝ այսօր ինչ-ինչ պատճառներով տարբեր մարդիկ աշխատանքի էին շտապում եւ այլն, բայց գրեթե համատարած ասում էին, որ մեզ հետ են, միանում են մեր պայքարին։ Դա ամենակարեւոր արձանագրումն է»։

Դանիելյանի խոսքով՝ իրենց պայքարը ոչ միայն հանուն Արցախի է, այլեւ հանուն ՀՀ-ի, եւ ժողովուրդն իրենց կողմից է։ «Իրենցը չագուճն է, մերը՝ ժողովուրդը։ Դուք երեկ էլ տեսաք, որ, տարբեր տվյալներով, մոտ 40 հազար մարդ հավաքվել էր հրապարակում։ Մեր ուժը ժողովուրդն է, մեզ միացող մեր հայրենակիցներն են, հայրենասեր մարդիկ են, որոնք անտարբեր չեն ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այս պահին թշնամին արդեն Ջերմուկում է, Սյունիքում է, վաղը-մյուս օրն իմ հայրենի Տավուշում կլինի... Մենք տարբեր առիթներով ասել ենք, որ թշնամին կանգ չի առնելու, թշնամու նպատակն ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց վերահսկողությունը սահմանելն է, իսկ մեր պայքարը նաեւ Հայաստանի Հանրապետության համար է, ՀՀ-ում ապրող մարդկանց, երեխաների համար է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Արցախում, այդ նույն բանը տեղի չունենա ՀՀ-ում։ Այս իշխանություններն իրենց քայլերով տանում են նրան, որ այն, ինչ կատարվում է Արցախում, տեղի ունենա նաեւ ՀՀ-ում: Եվ մեր քաղաքացիների հետ խոսելով, ասելով, մարդկանց հետ զրուցելով` ցույց ենք տալիս, որ խնդիրը ոչ միայն Արցախն է, այլեւ Հայաստանի Հանրապետությունն է»,- ասաց Դանիելյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image