Հայաստանում ներքաղաքական կյանքը թեւակոխեց բուռն շրջան: Իշխանությունը վերցրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նետած ձեռնոցը, կառավարությունը 100 տոկոսով փոխելու նրա հայտարարությունից մեկ շաբաթ անց ուժայիններին հանեց նրա դեմ:
Մի կողմից՝ ԱԱԾ-ն խուզարկում էր Ծառուկյանի ապարանքը, մյուս կողմից՝ նրա թիմակիցներին հրավիրում էին հարցաքննության, ավելի ճիշտ՝ Ծառուկյանի դեմ ցուցմունքներ կորզելու: Բողոքի ակցիա անող ԲՀԿ-ականներն ու աշխատակիցները հին, բարի ժամանակների ոգով ենթարկվեցին ոստիկանների բռնի գործողություններին, տուգանվեցին: Մի խոսքով, նոր Հայաստանում հին մեթոդներն սկսեցին կիրառվել։
Ծառուկյանի առանձնատունն ու ձեռնարկությունները խուզարկելուց հետո ԱԱԾ-ն ԲՀԿ ղեկավարին առնչվող 3 տարբեր քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ տարածեց։ Քրեական գործերից առաջինը Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանն է վերաբերում։ Ըստ ԱԱԾ-ի, խաղատունը գործել է առանց լիցենզիայի, որի հետեւանքով պետությանը պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս։ Երկրորդ հաղորդագրությունը վերաբերում էր 2017-ի ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելուն․ իշխանականները, մեկը մյուսին հերթ չտալով, մի անստորագիր թուղթ սկսեցին տարածել, որտեղ նշվում էր, թե ում ինչքան կաշառք է բաժանվել: Իսկ երբ Ծառուկյանն արդեն հարցաքննվում էր, ԱԱԾ-ն տարածեց մի երրորդ քրեական գործի մասին լուրը։ Ըստ հաղորդագրության՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներ են օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նյու» ՍՊԸ-ին։ Դրա հետեւանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել մոտ 370 միլիոն դրամ։
ԲՀԿ-ականներն ու անձամբ Ծառուկյանը շարունակում են պնդել, որ սա քաղաքական հետապնդում է, ու եթե Գագիկ Ծառուկյանն իշխանություններին չքննադատեր եւ իշխանափոխության պահանջ չդներ, այս ամենը տեղի չէր ունենա: Իշխանության ներկայացուցիչներն ու հատկապես պատգամավորները պնդեցին հակառակը՝ սրանք հին քրեական գործեր են, որոնց մասին Ծառուկյանն էլ է իմացել: ԲՀԿ-ին հիշեցրին անցյալը՝ մոռանալով, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էր Ծառուկյանին մաքրագործել՝ օլիգարխից խոշոր սեփականատեր հռչակելով: Ավելի ուշ պարզվեց, որ Ծառուկյանին ավելի քան 8 ժամ հարցաքննել են, բայց հարուցված քրեական գործերից եւ ոչ մեկի շրջանակներում տեղի չի ունեցել այդ հարցաքննությունը:
ԲՀԿ առաջնորդի պաշտպան Էմիլ Խաչատրյանը մանրամասնեց, որ նրան հարցաքննել են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործի շրջանակներում, ընդ որում՝ առաջին անգամ: Փաստաբանը շեշտեց նաեւ, որ Ծառուկյանը որեւէ քրեական գործի մասին տեղյակ չի եղել, իմացել է, երբ ԱԱԾ-ն ժամանել է իր տուն: Ուշագրավ է, որ, ըստ փաստաբանի, ընտրակաշառքների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է դեռեւս փետրվարին. «Ըստ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի՝ հասկանալի է դառնում, որ այս գործերը բավական երկար ժամանակ հարուցված են եղել։ Խաղատների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է 2020 թ․ հունիսի 13-ին, ընտրակեղծիքների վերաբերյալ գործը՝ 2020 թ․ փետրվարի 1-ին»։
Խուզարկության արդյունքում Ծառուկյանի առանձնատնից, փաստաբանի խոսքով, որեւէ նշանակություն ունեցող փաստաթղթեր չեն վերցրել։ «Տարել են ընդհանուր գրառումներ՝ իրենց բիզնես գործունեության վերաբերյալ, փոքր որդու համակարգիչն են վերցրել։ Կարծում եմ, որ կստուգեն ու կտեսնեն՝ միայն խաղեր են, ու հետ կվերադարձնեն։ Օրինակ՝ կրիչ են վերցրել, որի մեջ ընտանեկան միջոցառումների տեսագրություններ են»։
Մեր տեղեկություններով, դեռեւս կիրակի օրը իրավապահները հրահանգ էին ստացել ձերբակալել Ծառուկյանին, բայց նրանք բացատրել են, որ պատգամավորի ձերբակալության համար Սահմանադրությունը հստակ հիմքեր է սահմանում: Մասնավորապես, 96-րդ հոդվածը 2 դեպք է նախատեսում ԱԺ պատգամավորին ձերբակալելու համար՝ նրա կողմից հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո, այսինքն, պատգամավորին պետք է ձերբակալել միայն այն դեպքում, եթե նա հենց այդ պահին որեւէ հանցագործություն է կատարում: Եթե ենթադրյալ հանցանքից տեւական ժամանակ է անցել, ապա պատգամավորին ձերբակալել չի կարելի: Անհրաժեշտ է նախ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով մտնել ԱԺ:
Կիրակի օրը «Իմ քայլում» մինի-հավաք են հրավիրել եւ որոշել, որ Ծառուկյանին պարտադիր պետք է «փակել»։ Ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանն իր մոտ է հրավիրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ հրահանգել միջնորդություն ներկայացնել ԱԺ: Մինչ դատախազը կուսումնասիրեր հիմքերը, «Իմ քայլից» ոգեւորված արտահոսքեր էին կազմակերպում, որ երեքշաբթի դատախազը կգա ԱԺ, եւ, ինչպես օրենքն է նախատեսում, հերթական նիստաշրջանին կքննարկեն ԲՀԿ ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
Բայց մեր աղբյուրները փոխանցեցին, որ լարված խոսակցություն է եղել վարչապետի եւ գլխավոր դատախազի միջեւ։ Դավթյանը Փաշինյանին փորձել է բացատրել, որ տնտեսական հանցագործություններով, ինչպիսիք հարուցված քրեական գործերն են, չեն կարող Ծառուկյանին փակել, քանի որ նա իր բիզնեսը հանձնել է հավատարմագրային կառավարման, եւ կառավարիչներին պետք է պատասխանատվության կանչել, իսկ ընտրակաշառքի գործով էլ հիմնավոր ապացույցներ են հարկավոր, վկայություններ, որոնք այս պահին չկան: Բայց Փաշինյանը վճռական է տրամադրված եւ հրահանգել է մտնել ԱԺ ու ստանալ թույլտվությունը։ Ավելի ուշ Արարատ Միրզոյանն ավետեց «բարի լուրը»․ «Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի` տեղեկացնում եմ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել եմ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։ Հարցն ընդգրկվել է հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում»։
Նշենք, որ ԱԺ կանոնակարգը սահմանում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը քննարկվում է ԱԺ առաջիկա հերթական նիստում, որից հետո փակ, գաղտնի քվեարկության արդյունքում միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կամ մերժելու մասին ԱԺ որոշման նախագիծը:
ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ի պատասխան մեր հարցին, թե իմքայլականներն արդեն հայտարարում են, որ Ծառուկյանը քրեական հանցագործություն է կատարել, ասաց. «Ախր, իրենք ի՞նչ են հասկանում քրեական գործերից, քրեական իրավունքից, իրենց գործը քաղաքական ֆոն ստեղծելն է: Բայց էդ նույն իմքայլականները բարի թող լինեին՝ այն ժամանակ հնչեցնեին իրենց հարցերը: Եվ ընդհանրապես, իրենք ի՞նչ գործ ունեն քրեական գործի հարուցման հետ, իրենք պարտավոր են չեզոքություն պահպանել»: