Քաղաքականություն

Այդ 200 կամ 150 տղան 2018 -ից վերցրել է պարտավորություն. Վարդան Բոստանջյանի վերջին հարցազրույցը

Այդ 200 կամ 150 տղան 2018 -ից վերցրել է պարտավորություն. Վարդան Բոստանջյանի վերջին հարցազրույցը

Տնտեսագետ, դասախոս, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ վերջին հարցազրույցն արել եմ օգոստոսի 11-ին, նրա մահից 6 օր առաջ: Թեման «Վիվա Արմենիա» ընկերությունում կառավարության ունեցած բաժնետոմսերի վաճառքն էր, որի շուրջ կնքվում է օպցիոն պայմանագիր: Մեր զրույցի ընթացքում միշտ կոռեկտ, իր արտահայտությունները նրբանկատորեն ընտրող տնտեսագետը դուրս եկավ թեմայի շրջանակից, սկսեց դառը դատել Հայաստանի իշխանությունների, ժողովրդի վարքագիծը, պատմությանը կոշտ որակավորումներ տալ: Այն ժամանակ չհրապարակեցի մեր զրույցը, համարելով, որ շեղվել ենք բուն նյութից: Այսօր սակայն Վարդան Բոստանջյանի` բոլորիս համար անսպասելի մահից հետո մեր խոսակցությունն ակտուալ դարձավ, որպես նրա վերջին հրապարակային խոսք: «Պարոն Բոստանջյան, կառավարությունը թույլ է տվել վաճառել «Վիվայում» իր բաժնեմասը: Ինչո՞ւ ժամանակին վերցրեց այդ բաժնետոմսերը եւ ինչո՞ւ է հիմա ուզում վաճառել` օգնեք, գլուխ հանենք»: «Տելեվիզրի ձենն իջեցնեմ, հա՞, Սյուզ ջան, ու խոսենք», - ասաց: Ներկայացնում եմ հատվածներ Վարդան Բոստանջյանի խոսքից.

Վերցրել են պարտավորություն, որպեսզի ամբողջությամբ վերացնեն Հայաստանի Հանրապետությունը

Խորացած չեմ այդ հարաբերությունների մեջ, բայց բոլոր պարագաներում գիտեմ մի բան՝ ինձ թվում է, թե այս իշխանությունը՝ այդ 200, կամ 150 տղաներով, 18 թվականից վերցրել են պարտավորություն, որպեսզի ամբողջությամբ վերացնեն Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունը վերացնելու համար տարբեր մոտեցումներ գոյություն ունեն, նաեւ տնտեսական էքսպանսիա՝ անել այնպես, որ տնտեսվարող սուբյեկտները, հատկապես՝ մեծերը, հարաբերականորեն խոշորները չլինեն, քանի որ դրանք որոշակի կայունության ռեժիմ են սահմանում: Երկիրը վերացնելու առաջադրանքը կա նրանց մոտ ի սկզբանե:

«Իզուր չի, որ հասարակությունը նրանց ասում է՝ դավաճաններ»

Տեսեք` ցանկացած խոցելի պահից Հայաստանի համար ի~նչ մեծ ուրախություն ու կիրք են նրանք դրսեւորում ու ապրում: Բանակը այսօրվա վիճակի բերելուց բացի, նրանք տնտեսական հարաբերությունների դաշտում են առաջադրանքը կատարում: Մասնավորապես, ՀԷՑ-ը փոխում են, ասենք՝ «Վիվան» փոխում են, մատերի վրա հաշված կազմակերպություններ կան, որոնք արդեն դարձել են Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգի դեմքը: Սրանց վերացնելը, ըստ էության, նշանակում է սեփականության վերաբաշխում է իրականացվում թուրքերին: Հայաստանում կան մարդիկ, որոնք ազգությամբ թուրք են, եթե դեմքին նայում ես, տեսնում ես, որ թուրք է: Փաստորեն, իրենց պետք են տերեր, որոնք լինեն հեշտ կառավարելի են եւ ոչ հայկական երանգների տիրապետող:

«Փչացնելը էլ ինչպե՞ս է տեղի ունենում»

Օպցիոն ռեժիմը ձեւերից մեկն է` կազմակերպությունների մոնոլիտությունը, ամբողջականությունը, կայությունը չեզոքացնելու: Պատկերացրեք, ասենք, Սամվել Կարապետյանի փոխարեն ՀԷՑ-ին ուզենա տիրություն անել ինչ որ մեկը, որին պայմանականորեն կարել է մարդ անվանել: Փչացնելը էլ ինչպե՞ս է տեղի ունենում: Իսկ թե հետագայում քո ազգին պատկանող մարդուն օտարելուց, շպրտելուց հետո այնտեղ ո՞վ կիրականացնի այս ամբողջ գործունեությունը, կամ` չի իրականացնի, բացարձակապես չի հետաքրքրում այսօվա կառավարությանը, այսօրվա որոշում ընդունողներին: Նման բաները... ուզում եմ պատկերացնել` մենք մեղավորությունը երբեք չենք փնտրել մեր մեջ, մեղավորը մենակ այն մեկ-երկու որոշում ընդունողները չեն: Ես դեռ հանգիստ եմ խոսում: Ու մի բան ասեմ՝ մենք այն ազգն ենք, որ մեղավորությունը երբեք չենք փնտրել մեր մեջ: Ազգը չե՞ք տեսնում, ինչքան հանգիստ է, բոլորը բռնաբարված են, բայց շատ երջանիկ են զգում իրենց: Որովհետև տղամարդիկ դադարել են տղամարդ լինելուց, մտածում են՝ ոչինչ, թող թուրքերը գան, ամեն ինչ տեղը կընկնի: Եթե ազգը շարունակաբար այսպիսին է եղել` Քրիստոսից առաջ էլ, հետո էլ, ի՞նչ ես ուզում էլ: Իսկ մենք մեզ կուրծ ենք ծեծում ՝ պետականություն, պետություն: Քո Արտաշիսյանները եղել են պարսիկ, քո Բագրատունիները եղել են հրեաներ, քո Կիլիկիան եղել է ֆրանսիական: Դուք պետություն կառուցել չեք իմանում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image