Մի բան կա, որը չեմ կարող չնկատել ու շրջանցել։ Նիկոլ Փաշինյանը խոսում է ահռելի չափերի հասնող ռազմական ծախսերի մասին՝ թվեր, որոնք որևէ տրամաբանական շրջանակի մեջ չեն տեղավորվում։ Լսում ես նրան ու միանգամից հարց է ծնվում․ սա՞ է այն նույն մարդը, որ տարիներ շարունակ քարոզում էր՝ «կարմիր շոր չպիտի հագնել, որ ցուլին չգրգռենք»։ Ցուլ ասելով՝ իհարկե նկատի ուներ հակառակորդին։
Ի՞նչ փոխվեց այս մարդու մոտ։ Ինչո՞ւ է հանկարծ որոշել ցուլի առաջ դուրս գալ ու կարմիր շորը թափահարել։
Այս հարցը ես առաջադրում եմ հատկապես նրանց համար, ովքեր աշխարհը դեռ ամենապրիմիտիվ, գրեթե մանկական տրամաբանությամբ են ընկալում։ Այդպիսի՞ք չեն մտածում, որ սա վերջնական սադրանք է։ Ինչպե՞ս չմտածեն, երբ Իլհամ Ալիևը օրումեջ հայտարարում է, որ Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու փորձերն անգամ սպառնալիք են իրենց համար։ Պատկերացնու՞մ եք՝ արդեն սպառնալիք է ոչ թե բանակ կառուցելը, այլ պարզապես փորձը։
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, որը չգիտես երբ «գելի սիրտ է կերել» 2026 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարում է․
«Չգիտե՞ք, թե ինչ ենք արել 8 միլիարդը… նայում եմ ձեզ, ձեր մեքենաներին… չէինք ուզում ասել, բայց կասենք՝ զենք ենք առել։ Պարտքո՞վ ենք առել։ Այո։ Որովհետև շատ էր պետք՝ ու միանգամից»։ Ռազմական ծախսերի մասին նա հայտարարում է մի թիվ, որը ոչ միայն տնտեսական տրամաբանությանը չի ենթարկվում, այլև բացահայտ հրավիրում է բոլորին՝ «չեք հավատում՝ խմբերով գնացեք, ուսումնասիրեք»։
Հարց․ Ալիևի համար սա կարմիր շոր չէր՞։ Բոլոր չափանիշներով՝ այո։ Բայց սա դեռ հարցի միայն մեկ երեսն է։ Մյուս կողմում տեսնում ենք «Իշխանություն» լրատվականի հրապարակումը, որում ասվում է՝ «Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, ստում է»։ Իսկ գլխավոր հարցը ձևակերպված է միանգամայն հստակ՝ ուր է “անհետացել” 6.35 միլիարդ դոլարը։
Ես մի կողմ եմ թողնում, թե Հայաստանում ինչն ուր է «կորչում»։ Այդ մասով վաղուց ոչ ոք չի զարմանա։ Բայց ահա ինչն է իսկապես ուշագրավ․ ինչո՞ւ Փաշինյանը որոշեց կարմիր շոր հագնել ու չվախենալ Ալիևից։
Պատասխանը, եթե սթափ նայենք, ցավալիորեն պարզ է․ Ալիևը, թերևս, բոլորից լավ գիտի, թե ուր են այդ փողերը գնացել։ Եթե չգիտեր, եթե իր մոտ հարցեր լինեին, եթե իր համար մշուշի մեջ ինչ-որ բան մնար, ապա ինչո՞ւ այս անգամ չկրկնեց իր սովորական մեղադրանքը՝
«Հայաստանի վարչապետն ինքը խոստովանեց, որ Հայաստանը մինչև ականջները զինվում է»։
Չասաց։ Եվ հենց այդ լռությունն է ամենաաղմկոտ բացատրությունը։