«Հրապարակի» զրուցակիցը Երեւանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն է:
- Արդեն մոտ մեկ ամիս է՝ Հայաստանում ռեպրեսիվ գործողություններ են տեղի ունենում: Սկզբում ՀԱԵ հոգեւորականներին եւ կաթողիկոսին էին հայհոյում, ապա Սամվել Կարապետյանին հայտարարության համար կալանավորեցին, ՀԷՑ-ը պետականացնելու պրոցես է սկսվել: Բագրատ եւ Միքայել սրբազաններն են կալանքի տակ: Այսօր Ազգային ժողովը համաձայնություն տվեց, որ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվի, խուզարկություններ եղան «Տաշիր» ընկերության գլխավոր գրասենյակում եւ պիցցերիաներում: Կան բերման ենթարկվածներ: Այս իրավիճակին ի՞նչ անուն կտաք:
- Իրավական տեսանկյունից անհնար է մեկնաբանել այս պրոցեսները: Ինչու․ որովհետեւ քրեական դատավարության եւ, առհասարակ, առկա օրենսդրության մեջ չեն տեղավորվում: Այն, ինչ տեղի է ունենում այժմ, տեղի է ունենում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից իշխանական աթոռն ամեն գնով պահելու մոլուցքի պատճառով, այլեւս ոչ մի սահմաններ չեն ճանաչում:
- Իշխանությունը ձայնագրություններ է հրապարակել, օրինական զենքեր են հայտնաբերել եւ պնդում են, թե Բագրատ սրբազանը զինված հեղաշրջում էր նախատեսել, կանխել են: Սրանք իրավական պրոցեսներ չե՞ն:
- Իշխանությունն ամեն ինչ իրար է խառնել եւ փորձում է ամեն ինչ նույնացնել, հասարակության մոտ տպավորություն ստեղծելու համար, որ այս քրեական հետապնդումները փոխկապակցված են, մինչդեռ դրանք իրարից տարբեր գործեր են: Եվ այս ամենն արվում է դիտավորյալ: Կոնկրետ Սամվել Կարապետյանի նկատմամբ այս ողջ գործընթացը, խոսքը ոչ միայն Կարապետյանին կալանքի տանելու մասին է, այլեւ, օրինակ, ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակի, ընտանիքի անդամների հանդեպ արվող քայլերի եւ այլն, այն, ինչ տեղի է ունենում, ոչ մի կապ չունի իրավունքի եւ իրավաբանության հետ: Այս պրոցեսները Նիկոլի ներքին վախերով պայմանավորված մեծագույն խայտառակություն են: Հասարակության մոտ փորձում են տպավորություն ստեղծել, թե իբրեւ վերջին բոլոր դեպքերը նույնական են, բայց դրանք նույնական գործեր չեն, պետք է միմյանցից տարանջատել: Ինչո՞ւ են վերջին շրջանում ռեպրեսիաներ սկսել, մարդկանց են մեղադրում, կալանավորում, Եկեղեցու հասցեին են մեղադրանքներ հղում, այս ամենն արվում է հասարակության մոտ շիլաշփոթ իրավիճակ ստեղծելու համար: Ցավոք, մեր հասարակության իրավագիտակցությունը բարձր մակարդակի վրա չէ: Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, անում է էյֆորիայի հերթական չափաբաժնով:
- Ըստ Ձեզ` ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը վախ առաջացնում Փաշինյանի մոտ:
- Կարծում եմ` Փաշինյանը ներքին ինֆորմացիա է ունեցել, որ Սամվել Կարապետյանը կարող է առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցություն ունենալ, եւ վախերը հենց սրանով են պայմանավորված: Գիտեք, իրավաբան լինել պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Տրամաբանական հարց է առաջանում․ ՀԷՑ-ի, Սամվել Կարապետյանի ուղղությամբ ինչո՞ւ նախքան այս ոչինչ չէր արվում, ինչո՞ւ նոր հիշեցին, որ պետք է ՀԷՑ-ը պետականացնել: Փաստորեն, այդ ամենի հիմքում խոսքն է: Սովորական տրամաբանող, բանական էակը կարող է այս ամենն ընկալել, վերլուծել եւ հասկանալ: Ինչո՞ւ այս ամենը չէին հիշում 1, 2, 3, 4 տարի առաջ: Սա եւս մեկ անգամ ակնհայտ է դարձնում, որ այս բոլոր գործողությունները քաղաքական են: Ինչ վերաբերում է Կարապետյանի հայտարարություններին, որ նա սատարեց Եկեղեցուն, այդտեղ հանցակազմն իսպառ բացակայում է:
- Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ անձամբ է պատրաստվում առաջնորդել դեպի Վեհարան եւ Վեհափառին դուրս հրավիրել: Ի՞նչ նկատի ունի նա:
- Նիկոլ Փաշինյանն անցել է բոլոր սահմանները` թե՛ իր լիազորությունների, թե՛ բարոյականության շրջանակներում: Նա չունի կարմիր գծեր, նրանից ամեն ինչ սպասելի է, առանց որեւէ չափազանցության: Նա անգամ կարող է գնալ Վեհարան եւ անձամբ Վեհափառին ձեռնաշղթաներ հագցնել ու տանել ԱԱԾ մեկուսարան կամ այլ տեղ: Դրանում ես անձամբ ոչ մի արտառոց բան չեմ տեսնի, քանի որ Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը: Նա հասել է այն կետին, որ ուժայիններին Ֆեյսբուքով հանձնարարություններ է տալիս: Եթե առաջ դա անում էր գաղտնի, իր աշխատասենյակից, ապա հիմա անում է ուղիղ եւ հրապարակային: Ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, թե ինչ է կատարվում….
- ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու պրոցեսն արագ է ընթանում` մի քանի օրում հարցը մտցրին ԱԺ եւ արագ ընդունեցին: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ինչ ուզի, կարող է անել եւ հեշտորեն մարսե՞լ:
- Քանի դեռ ինքն է իշխանության, այո, մարսելու է: Այս 7․5 տարիներին ինչեր ասես, որ չտեսանք, ՀԷՑ-ը համեմատության մեջ չնչին բան է: Ոչ մի իշխանություն հավերժ չէ, անպայման գալու է նաեւ պատասխան տալու ժամանակը: Ցավոք, մեր հասարակությունը կարծում է, որ պաշտոնյաները հավերժ են, իշխանություն ունեցողներին էլ թվում է, թե իրենք միշտ նույն տեղում նստած են լինելու, չեն ուզում գիտակցել, որ գալու է մի օր՝ լքելու են այդ պաշտոնները եւ իրենց արարքների համար պատասխան են տալու:
- Հուլիսի 5-ին` Սահմանադրության օրը, Փաշինյանը ճառեր ասաց Սահմանադրության մասին, նրա կողքին էր ՍԴ նախագահը:
- Վստահաբար ասում եմ` ո՛չ Սահմանադրություն ունենք մենք, ո՛չ էլ Սահմանադրական դատարան: Հուսով եմ, որ անպայման կունենանք այնպիսի իշխանություն, որի համար Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանը կլինեն պարզ իրողություններ: Հիմա ավելորդ է այդ մասին խոսելը: ՍԴ-ն անգամ չի գործում օրինական կազմով, այն ձեւավորվել է սահմանադրական կարգի տապալման արդյունքում, բացի այդ էլ՝ բացառապես իշխանության շահերն է սպասարկում: Էլ ի՞նչ Սահմանադրության մասին է խոսքը:
- Գլխավոր դատախազի ապօրինի քայլերն այս օրերին ամենաշատն են քննարկվում, սակայն նա երեկ ԱԺ ամբիոնից ասաց, որ իր գիտելիքների վրա չկասկածի ոչ ոք, ով իրեն հարցեր ունի, թող դատարան գնա եւ հարցերն ուղղի իրեն:
- Հայաստանում բոլոր իրավապահ մարմինների ղեկավարները կրում են Նիկոլ Փաշինյանի դիմակը եւ ամենուր հանդես են գալիս այդ դիմակով: Նրանք պետք է ներքին կամք ունենան, որպեսզի այդ դիմակները հանեն, բայց դրանից հետո պետք է նաեւ ազատման դիմումներ գրեն ու հեռանան, բոլորս էլ գիտակցում ենք, որ նման մարդու հետ անհնար է աշխատելը: Վստահ եմ, որ ներքուստ բոլորն էլ հասկանում են, որ իրենց արարքները չեն տեղավորվում իրավաբանության մեջ, բայց քանի որ հրահանգ են ստացել, չունեն այլ ելք: Կա՛մ պետք է Փաշինյանի հետ աշխատեն, կա՛մ պետք է հեռանան: Երկընտրանքը սա է:
- Ինչպե՞ս եք տեսնում այս ամենի ելքը:
- Բացառապես իշխանափոխության ճանապարհով: Այս իշխանությունը ոչ միայն մեր հայրենիքը բաց երկնքի տակ գժանոցի է վերածել՝ պառակտելով եւ խառնելով մեր հանրությանը, էլ չենք խոսում անվտանգության եւ մյուս հարցերի մասին: Նա Հայաստանը տանում է ուղիղ դեպի կործանում` սպասարկելով թուրքական գիծը: Ինձ համար ցանկացած օրինական իշխանափոխության տարբերակ ընդունելի է, բայց պետք է հասկանալ, որ ընտրությունների պարագայում Փաշինյանի նման մեկը չարաշահելու է վարչական ռեսուրսները, ինչն արել է բազմիցս: Ընտրություն կեղծելը միայն կեղծ քվեաթերթիկ նետելով չէ, ընտրություն կեղծելը նաեւ լինում է այսպես` հակառակորդներին կալանավորելով, գործեր սարքելով, վախեցնելով, լռեցնելով: