Հարցազրույց

Չեմ հերքի, որ կան խոսնակներ, որ ավելի ոչ բավարար կերպով են պատասխանում լրագրողների հարցերին․ Գոռ Ծառուկյան 

Չեմ հերքի, որ կան խոսնակներ, որ ավելի ոչ բավարար կերպով են պատասխանում լրագրողների հարցերին․ Գոռ Ծառուկյան 

Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ այս տարվա փետրվարի 3-ից գործարկել էր «Խոսնակների դպրոց» ծրագիրը, որի փակումը եղել է մայիսի 3-ին։ Արդեն վեց ամիս է՝ ծրագիրն ավարտվել է, բայց «Խոսնակների դպրոցի» շրջանավարտների աշխատանքի «խերը», ինչպես ասում են, լրագրողները չեն տեսնում։ Նրանցից ով ինչպես աշխատում էր լրագրողների և լրատվամիջոցների հետ, շարունակում է նույն կերպ աշխատելը, որոշները՝ լավ, որոշները՝ ինչպես կարողանում են, մի մասն էլ՝ շատ վատ։ Կարելի է ասել՝ փողերը վատնել են ավելի շատ խոսնակների ծաղկաձորյան փարթիների վրա, ոչ թե նրանց աշխատանքը լավացնելու։ Համենայնդպես, այդպես հասկացանք «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանի հետ զրույցից, որը փորձեց ներկայացնել այն արդյունքները, որ արձանագրել են իրենք այդ ծրագրի գործարկմամբ։

«Խոսնակների առաջին դպրոցը մեկնարկել էր տարեսկզբին, տևել է երեք ամիս, ավարտվել՝ մայիսի 3-ին։ Մասնակիցները հիմնականում ծանոթացել են հաղորդակցության նոր մեթոդաբանությանը, նոր տեխնոլոգիաներին, միջազգային և տեղական փորձագետներ էին ներգրավված։ Առաջին դպրոցի փակումից հետո վերապատրաստման կուրսերը շարունակվում են, օրինակ՝ վերջին կուրսը, որը ներկայում ընթանում է, վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում հաղորդակցության կոմպոնենտին, որի շուրջ ևս արդարադատության նախարարության նախաձեռնությամբ վերապատրաստում են անցնում պետական կառավարման համակարգի հանրային հաղորդակցության ստորաբաժանումների մասնագետները և որոշ մամուլի քարտուղարներ։ Սա ևս այդ դպրոցի շրջանակներում է տեղի ունենում։ Եւ արդեն երկրորդ դպրոցը նախատեսում ենք, որ կմեկնարկի եկող տարի։ Դեռևս ձևաչափի քննարկման փուլում ենք, որովհետև որոշակի ինստիտուցիոնալացման հիմքեր ենք փորձում նախատեսել, որպեսզի դպրոցն ունենա ինստիտուցիոնալ հիմք»,-ասաց Գոռ Ծառուկյանը։

-Ի՞նչ է նշանակում՝ ինստիտուցիոնալ հիմք։

-Այսինքն, եթե մինչև հիմա դասընթացների կազմակերպիչը համատեղությամբ հանդիսանում էին «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ը և Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ը, ֆինանսավորումն էլ հատկապես IRI-ի կողմից էր, պետք է աստիճանաբար անցում կատարենք դեպի պետական, որովհետև IRI-ը ինչ-որ պահի դադարեցնելու է պայմանագիրը, ու որպեսզի ֆորմատը չկորչի, պետք է այն անցնի արդեն պետական ինստիտուտի ձևաչափի։

-Իսկ ի՞նչ սովորեցին մեր խոսնակները այդ դպրոցում, ի՞նչ չգիտեին, որ այդտեղ իմացան, և հետո, դուք մոնիտորինգ արե՞լ եք՝ այդ ստացած գիտելիքները որքանո՞վ են արդյունավետ սկսել կիրառել գործնականում մամուլի, լրագրողների հետ շփումներում։

-Գնահատումն արել ենք, արդյունքները դեռ չենք ամփոփել։ Գնահատումը ևս IRI-ի կողմից է իրականացվել, երբ որ ամփոփեն, այդ ժամանակ կունենանք արդյունքները։ Մի քիչ դժվար է ասել, թե հստակ պրակտիկ արդյունքները որոնք էին, բայց կարող եմ ասել, թե ինչ խնդիրներ ենք վերհանել, որոնց ուղղությամբ արժե աշխատել և նախատեսվում է աշխատել։ Ամենագլխավոր խնդիրներից մեկը միջգերատեսչական հաղորդակցության խնդիրներն էին, որոնց ուղղությամբ ևս նախատեսում ենք քայլեր ձեռնարկել։ Երկրորդ խնդիրը հանրային իրազեկման ոչ բավարար մակարդակն է, որի ուղղությամբ ևս անելիքներ ունենք։ Այս և մի շարք այլ վեր հանված խնդիրների լուծման համար կառավարության հանրային հաղորդակցության քաղաքականության բարելավման ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում։

-Այդ դպրոցի գործարկման նպատակների՞ց էր նաև այն, որ ավելի բաց ու թափանցիկ սկսեն աշխատել լրատվամիջոցների հետ պետական գերատեսչությունները։

-Չեմ կարող ասել՝ հենց առաջին տեղում այդ նպատակն էր, այսինքն՝ թափանցիկությունը, բայց այո, այդ նպատակը ևս եղել է։

-Թե դուք ինչ խնդիրներ եք դրել ձեր առջև, դա ավելի տեսական է հնչում, բայց գործնականում լրագրողները բախվում են հիմնականում ոչ թափանցիկ աշխատաոճի հետ գերատեսչությունների լրատվական բաժինների ու խոսնակների կողմից, երբ խոսնակն, օրինակ, ինչ-որ հարցազրույցից նեղանում ու լրագրողի համարը «բլոկ» է անում, երբ խոսնակը, օրինակ, որոշում է, որ այս կամ այն լրատվամիջոցի հարցին այլևս չի պատասխանելու, որովհետև ինքը այդպես է ցանկանում, երբ հարցումներին ուշացումով են պատասխանում կամ պատասխանում են մեկուկես տողանոց անբովանդակ ինչ-որ գրությամբ ու այսպես շարունակ։ Հիմա, օրինակ, «Խոսնակների դպրոցն» այս առումով որևէ օգուտ տվե՞լ է։

-Քանի որ խոսքը ավելի կոնկրետ, պրակտիկ օրինակների մասին է, ես չեմ կարող ասել, թե որ դեպքի համար ինչ նախապատմություն կա և ինչու է այդպես եղել։ Եթե կոնկրետ օրինակներով փորձենք առաջնորդվել, երևի ավելի հեշտ լինի։ Չեմ հերքի, որ կան խոսնակներ, որ ավելի ոչ բավարար կերպով են պատասխանում լրագրողների հարցերին, ոչ ժամանակին, բայց դպրոցը պայմանավորել ժամանակին պատասխանելու, ինչ-որ համար բլոկ անել-չանելու հետ, մի քիչ ճիշտ չէ։ Էնտեղ միանշանակ նշվում է, որ պետք է լինեն հետևողական, թափանցիկ, պատասխանել բոլոր հարցումներին ու զանգերին, բայց պրակտիկայում, թե ինչ խնդիրների հետ կարող է բախվել մամուլի քարտուղարը, մի քիչ դժվար է կանխատեսել։ Շատ դեպքեր կան, որ միանշանակ չէ, որ հենց խոսնակներն են խնդիր առաջացնողը։

-Բայց խնդիրների իրենք չեն բախվում, խնդիրների բախվում են, սովորաբար, լրագրողները, որովհետև այդ մեր հարցումներին ու զանգերին չեն պատասխանում իրենք, ոչ թե մենք՝ իրենց։

-Դե, հիմա երկու կողմ գոյություն ունի, մի կողը մեղադրում է մյուսին, մեզ էլ շատ հաճախ խոսնակներն են մեղադրում, որ այս լրագրողն իրեն էսպես է պահում, պայմանավորվածությունները չի պահում, կամ պայմանավորվում ենք, որ այս մասին հայտնում եմ, բայց հրապարակման ենթակա չէ այս պահին, մինչև այսինչ հարցը կպարզվի, բայց լրագրողը հրապարակում է։ Այսինքն՝ խնդիրները միշտ երկկողմանի են։ Չէի ուզենա մի կողմին մեղադրել, մյուս կողմին փորձել արդարացնել։

-Այդ դեպքում ձեր դպրոցի իմաստը ո՞րն է, եթե մամուլի խոսնակ-լրագրող հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ չի լինում, երբ նույնիսկ գրավոր հարցումներին նորմալ պատասխան չեն ուղարկում։ Հիմա մենք IRI-ի ծախսած փողերի արդյունավետությունը որտե՞ղ տեսնենք։

-Դպրոցի բովանդակությունը միայն խոսնակների աշխատանքը չի, ինքը վերաբերում է կառույցների հանրային հաղորդակցությանը։ Ու հանրային հաղորդակությունը ներառում է շատ ավելի լայն սեգմենտ, քան միայն լրագրողների հետ շփումն է։

-Օրինակ, երբ սոցապնախարարության խոսնակն իր ու նախարարության էջերով իրենց գերատեսչության աշխատանքը ներկայացնող հաղորդագրություններ է պարբերաբար տեղադրում, դա տեսնում ենք։ Այն, որ ՊՆ-ում արդեն խոսնակ գոյություն ունի, որը նաև պատասխանում է զանգերին, հաղորդագրությունները արագ տարածում է, դա էլ ենք տեսնում։ Նույն կերպ, կարող ենք ասել, որ ՊԵԿ-ն է աշխատում, առողջապահությունը, բայց դրանք հատուկենտ օրինակներ են։ Իսկ շատ այլ գերատեսչություներում պարզապես տոտալ անտարբերություն է լրագրողների ու ԶԼՄ-ների նկատմամբ։ Նրանք ուղղակի ատում են մեզ։

-Մի քիչ դժվար է ասել՝ ձեզ ատում են, թե չէ, դրա համար եմ ասում՝ եկեք կոնկրետ օրինակներով խոսենք:

-Այդ օրինակները, կարծում եմ, պետք է «Խոսնակների դպրոցի» դասընթացների ժամանակ քննարկվեին։ Երբ խոսնակներով հավաքվում ու լրագրողներից բամբասում, դժգոհում և բողոքում են, այդ ժամանակ այդ օրինակներն էլ պետք է բարձրացվեին։ Բայց, ինչպես հասկանում ենք, այդ ամենը տեղ չի հասել, որովհետև մայիս ամսից ավարտվել է ծրագիրը, ու մեր կյանքում դեռ բան չի փոխվել։ Գումարած դրան, որ ԱԳՆ-ի լրատվական բաժինը սկսել է ավելի փակ աշխատել, էլ չենք ասում, որ ԱԱԾ-ն էլ ընդհանրապես մամուլի խոսնակ չունի։

-Հիմա ես ինչքան էլ փորձեմ հիմնավորումներ բերել, օգուտ չի տալու, որովհետև Ձեր կողմից նախատրամադրվածություն կա։ 

-Ես պարզապես ուզում եմ տեսնել՝ որքանո՞վ արդյունավետ են ծախսվել մեզ աջակցող միջազգային կառույցների տրամադրած ֆինանսական միջոցները, որ չասեն՝ մսխել են իրենց տված փողերը, օրինակ՝ գնացել Ծաղկաձորում երեք ամիս փարթիներ եք կազմակերել «Խոսնակների դպրոցի» անվան տակ։

-Մեր միջազգային գործընկերները համոզված են, որ արդյունավետություն ունի իրենց աշխատանքը։ Դա իրենցից էլ կարող եք ճշտել։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image