«Ապրելու երկիր» կուսակցությունն ի վերջո Վոլոդյա Գրիգորյանի՝ Փարաքարի համայնքապետի պաշտոնը ստանձնելու երդմնակալության արարողությունն իրականացրեց Փարաքարի մշակույթի տան դիմաց։ Հիշեցնենք, որ Արմավիրի ոստիկանապետի գլխավորությամբ վաղ առավոտից այստեղ ոստիկանության կողմից հսկողություն է սահմանվել, թույլ չէին տալիս, որ Գրիգորյանը մտնի երդմնակալության։
Ըստ մարզի ոստիկանապետի՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը երեկ բողոքարկման ճանապարհով է գնացել, ուստի երդմնակալության միջոցառում կազմակերպել հնարավոր չէ։ Նշենք, որ այսօր ժամը 10։00-ին Դավիթ Մինասյանի երդմնակալության արարողությունը պիտի տեղի ունենար, ապա 12։00-ին՝ Գևորգյանինը, սակայն «Մինասյան» դաշինքից այստեղ որևէ մեկը չկա։
Երդմնակալությունից հետո Գրիգորյանը իր հարյուրավոր համակիրների հետ շարժվեց դեպի համայնքապետարան, սակայն այստեղ ևս ծիծաղելի իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանությունը հիմա էլ համայնքապետարանի դիմաց է պատ կազմել ու թույլ չի տալիս, որ Գրիգորյանը մտնի աշխատաստենյակ։
Փարաքարում, հիշեցնենք, աբսուրդ մի իրավիճակ է ստեղծվել ՏԻՄ ընտրություններից հետո, ինչի արդյունքում Փարաքարն այս պահին երկու համայնքապետ ունի։ Ավագանի անցած երեք ուժերից եւ ոչ մեկը չէր հավաքել 50+1 ձայն, եւ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն կար։ Առաջատարն «Ապրելու երկիր» կուսակցությունն է՝ 48,94% ձայնով։ Ցուցակի առաջին համարը Վոլոդյա Գրիգորյանն է՝ Մերձավան համայնքի ներկայիս ղեկավար Լեւոն Գրիգորյանի որդին։ Գործող համայնքապետն առաջադրվել է «Դավիթ Մինասյան դաշինքով» եւ 23,51% ստացել, իսկ ՔՊ-ն, որի թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է՝ 27,54%։ Բոլոր 3 ուժերն էլ համայնքապետի թեկնածուներ են առաջադրել, սակայն նիստը վարողը, որն «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչն է, հրաժարվել էր գրանցել ՔՊ-ի ու «Դավիթ Մինասյան դաշինքի» առաջադրած Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանի թեկնածությունը, ասել էր, թե ՏԻՄ օրենքը պահանջում է, որ նախապես գրավոր դիմեն։ Մյուս կողմն էլ պնդել է, որ օրենքը նման պահանջ չի ներկայացնում, եւ կարող են նիստի ընթացքում առաջադրումներ անել, ու պահանջել են գրանցել թեկնածուներին։ Սակայն կողմերը լեզու չեն գտել։