Այս տարվա ուսուցիչների կամավոր ատեստավորումներն արդեն ավարտվել են, իսկ դժգոհությունները` ոչ: Դրանք հիմնականում վերաբերում են թեստերի բովանդակությանը, ատեստավորման նոր` էլեկտրոնային ձեւաչափին ու դրանից բխող մի շարք տեխնիկական խնդիրների: Հատկանշական է, որ գրեթե բոլոր առարկաներից կան դժգոհություններ, բայց առավելապես՝ մի քանի առարկայից, որոնց թվում է աշխարհագրությունը:
«Հրապարակի» խմբագրություն դիմած աշխարհագրության ուսուցիչ Տիգրան Ենգիբարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ատեստավորման այս խնդրին դեռ մի քանի տարի առաջ են անդրադարձել, իսկ ինքը բոլոր ուսուցիչների անունից է հանդես գալիս:
«Վիճակը խայտառակ օրհասական է։ Դեռ առաջին տարին, երբ ատեստավորումն իրականացվեց, ես առաջարկեցի, որ եթե այս եղանակով է աշխատավարձ բարձրացվում, ապա թող բարձրացվի բոլորի աշխատավարձը, հետո, ըստ ատեստավորման, իջեցվի։ Սակայն գնացինք հակառակ ճանապարհով, այն է` ատեստավորման արդյունքում պետք է աշխատավարձը բարձրացվի։ Ու առաջին տարում ամենավատ ցուցանիշը եղել է հենց աշխարհագրությունից։ Տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանում ամենավատ, ցածրակարգ մասնագետներն աշխարհագրագետներն են, ցավոք, տարիների ընթացքում ոչինչ չփոխվեց, մինչդեռ չեմ կարծում, թե մենք ունենք այդքան վատ մասնագետներ հենց աշխարհագրությունից, եւ այդ մասնագետներն այս տարիների ընթացքում չէին կարող ինքնակրթվել, զարգանալ։ Թեստերը դյուրացվելու, վերանայելու փոխարեն գնալով ավելի ու ավելի բարդացան, ընդ որում՝ ամենատարօրինակն այն է, որ թեստերում ընդգրկվում են մեծաթիվ խնդիրներ, որոնք չկան դասագրքերում։ Այսինքն՝ այդ խնդիրը նույնիսկ աշակերտներին չի ներկայացվում, նման պահանջ չկա, ուստի ի՞նչ իմաստ ունի ատեստավորել մի բան, որը դպրոցում կիրառելի չէ եւ դասագիրք չի մտնում»,- նշում է զրուցակիցս։
Տիգրան Ենգիբարյանը միաժամանակ նաեւ վերապատրաստող մասնագետ է՝ ուսուցիչների համար, Աշխարհագետների գիտահետազոտական շարժման համահիմնադիրն է, ինչպես նաեւ՝ ԿԳՄՍՆ հասարակական խորհրդի անդամ եւ այս տարի առաջին անգամ մասնակցել է ատեստավորմանն ու խորը հիասթափություն ապրել. «Ինձ համար նախ տարօրինակ էր, թե ինչու էր ատեստավորումն անցկացվում ոչ աշխատանքային շաբաթ օրով ու, մեղմ ասած, ոչ այնքան բարեկարգ դպրոցում: Տարօրինակ է, որ հայտարարվում է` պետք է լինի 60 հարց, բայց տեղադրվում է 59 հարց, որից մի հարցը՝ 2 ենթակետով: Ինչ վերաբերում է հարցաշարին, ապա այն լի էր բազմաթիվ սխալներով: Ընդ որում՝ հիմա բարձրաձայնվում է, որ տեխնիկական որեւէ խնդիր չի առաջացել, կամ դրանք բավականին փոքր տոկոս են կազմել։ Ուզում եմ ընդգծել, որ տեխնիկական խնդիրներ եղել են ու շատ են եղել: Միայն այն, որ մասնագետը նշում է մի պատասխան, իսկ վերջում հաստատելուց հետո համակարգը ցույց է տալիս, որ իբր ես ուրիշ պատասխան եմ նշել, ինչն այդպես չէ»:
Այս մասով դեռեւս օրեր առաջ մեզ հետ զրույցում ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը բացառել էր, որ հնարավոր է նման տեխնիկական խնդիր լինի՝ նկատելով, որ «շատ պարզ է համակարգը, եթե փոխում ես պատասխանը, պետք է հետո «պահպանել» կոճակը սեղմես»։ Ինքը սեղմե՞լ է «պահպանել» կոճակը։ «Միանշանակ: Գիտեք, եթե խնդրի մասին բարձրաձայնի 1 կամ 2 ուսուցիչ, կամ եթե ատեստավորումից հետո բողոքարկման գնա 5-10 ուսուցիչ, հնարավոր է իրենց ասածը, բայց նորմալ չէ, որ շուրջ 100 ուսուցիչ բողոքում է, եւ նույնքանն էլ բողոքարկում է ատեստավորման արդյունքները՝ ասելով, որ կան տարբեր խնդիրներ, ու դրանք դիտվել են բոլորի մոտ: Հիմա ես չգիտեմ՝ Թամարա Սարգսյանը երբեւէ դպրոցում դասավանդե՞լ է, թե՞ ոչ..., բայց ես Ֆեյսբուքում տեսնում եմ, որ մարդիկ նրան հարց են ուղղում՝ հարցաշարի բովանդակության կազմման, գնահատման մասով, օրինակ, պնդումների փունջ է տեղադրվում` 8 կետով, որտեղ ուսուցիչը պետք է ընտրի` ճիշտ է կամ սխալ, հիմա մարդը 8 կետից 7-ը ճիշտ է նշել, 1-ը սխալվել է, ամբողջ պնդումների փունջը համարվում է սխալ, եւ միավոր չի տրվում: Ու երբ հարց են ուղղում Թամարա Սարգսյանին, նա ասում է` թեստը կազմվում եւ գնահատվում է՝ ելնելով թեստաբանության սկզբունքներից: Ես հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ թեստաբանության սկզբունքները միայն աշխարհագրությա՞նն են վերաբերում, մյուս առարկաների դեպքում ո՞նց է լինում, որ պնդումների փունջը գնահատվում է այլ մեթոդաբանությամբ: Տարբերակված մոտեցում է այնքանով, որ «Ինֆորմատիկա» առարկայի թեստը, ինձ հասած տեղեկություններով, անցած տարվա թեստն է եղել, որոշակի փոքրիկ փոփոխություններով: Մյուս առարկաների ուսուցիչներից շատերն ասում են, որ ամեն ինչ նորմալ, հրաշալի է անցել, բայց պետք է հաշվի առնենք, որ տարբեր առարկաների դեպքում բարդությունը նույնը չի եղել: Ես չգիտեմ՝ ով է կազմել աշխարհագրության թեստը, բայց եթե նույնիսկ նա աշխարհագրության մասնագետ է, ապա ցանկացած դեպքում չի կարելի սեփական գործընկերների հետ այդպես վարվել: Դրանով ի՞նչ են ուզում ասել, որ իրենք հրաշալի մասնագետ են, մենք` ո՞չ, այդ դեպքում ինչո՞ւ է ԿԳՄՍՆ-ն 2 տարի շարունակ ինձ «տարվա լավագույն ուսուցիչ» ճանաչել»,- ասում է զրուցակիցս, որն ատեստավորման արդյունքում հավաքել է 50 միավոր, այլ կերպ ասած` ատեստավորման շեմը չի հաղթահարել:
«Նախ, ինձ թույլ չտվեցին, որ իմ սեւագրության թերթիկը հետս վերցնեմ, ինչն ինձ մոտ կասկածներ առաջացրեց, որովհետեւ, եթե իսկապես ոչինչ չի փոխվում էլեկտրոնային համակարգում, թույլ տվեք ես իմ թերթիկը վերցնեմ, որ հարկ եղած դեպքում ցույց տամ՝ որտեղ ինչ եմ նշել: Դրանից հետո եկանք բողոքարկման, որը նախատեսված էր կիրակի, հետո պարզվեց՝ քանի որ ոչ աշխատանքային օր է, մնաց երկուշաբթի, երկուշաբթի էլ պարզվեց, որ ԳԹԿ-ում էլեկտրամատակարարման խնդիր կա, ու ժամանակը երկարաձգվեց մինչեւ կեսգիշեր: Ի վերջո, կեսգիշերին մոտ բողոքարկեցինք, եւ պատասխանը 2 շաբաթ հետո պետք է գար: Այստեղ ամենատարօրինակն այն է, որ ես բողոքարկել եմ իմ աշխատանքային մեյլից, բայց պատասխանը եկել է իմ մի ուրիշ մեյլին, որը ես 2020-ին էի բացել՝ դպրոցի ներքին աշխատանքների համար: Նախ՝ որտեղի՞ց իրենց իմ մյուս մեյլը, եւ որքանո՞վ է նորմալ, որ մի մեյլով գրում ես իրենց, իսկ պատասխանը ստանում մյուս մեյլիդ»:
Մասնագետին զարմացրել է, որ պատասխան պաշտոնական նամակն իրենից ներկայացնում է անհասցե ու անանուն մի գրություն։ «Հիմա դա նորմա՞լ է, չէ՞ որ ես իրենց հասցեական եմ դիմել, անուն-ազգանունով, բայց պատասխանը գալիս է անհասցե, պարզապես` հարգելի ատեստավորվող, ապա նշված է, որ իմ հարցերին անդրադառնում են իմ նշած հաջորդականությամբ, բայց նայում եմ՝ դրանք չեն համապատասխանում իմ նշած հաջորդականությանը, եւ իմ մատնանշած 12 կետի դիմաց միայն 4-ի մասով է պատասխան եկել, այն էլ` անորոշ, անհստակ, ու քանի որ անվանական չէ, ես նույնիսկ կասկածում եմ, որ դրանք իմ հարցերի պատասխաններն են»,- ասում է նա ու նկատում` գրեթե համոզված է, որ բոլոր բողոքարկողներին նույնաբովանդակ պատասխան է ուղարկվել:
«Այսինքն՝ նույնիսկ բողոքարկման հանձնաժողովը սխալ է վերանայում այդ խնդիրները: Այնտեղ հարցեր կան, որոնք աշխարհագրությանը չեն առնչվում, բայց մենք նույնիսկ դրանց ենք ճիշտ պատասխանել, կամ հանձնաժողովն ասում է` երկու դեպքում էլ ընդունելի է պատասխանը, բայց որեւէ ճշգրիտ խնդիր չի կարող ունենալ 2 պատասխան, պետք է լինի 1 ճշգրիտ պատասխան»,-ասում է զրուցակիցս ու նկատում, որ ԳԹԿ էջում շուրջ 3,5 էջ սխալներ են դուրս բերված աշխարհագրության թեստից:
«Ո՞րն է խնդիրը, որ աշխարհագետների ձայնը չի լսվում, տեղ չի հասնում, ի դեպ, երբ տիկին Անդրեասյանը փոխնախարար էր, ինքը շատ ավելի ուսուցչամետ էր, ուսուցչի կողքին կանգնած, հիմա գուցե այդ գործառույթն ուրիշ մարդիկ են անում եւ չեն կարողանում պատշաճ ձեւով իրականացնել: Մեզ համար ամենավիրավորականն այն է, որ նախարարն Ազգային ժողովից հայտարարում է, թե օրինաչափ է, որ բնագիտական առարկաների դեպքում ցուցանիշները ցածր են գալիս... ինչո՞ւ է օրինաչափ, իսկ գուցե թեստերն օրինաչափ չեն կազմվում, ինչո՞վ է պայմանավորված, որ բնագիտական առարկաները, հատկապես՝ աշխարհագրությունը, թիրախավորված են արդեն մի քանի տարի»:
Կրթության ոլորտում այն քաղաքականությունը, որն այսօր որդեգրել են թե՛ վարչապետը, թե՛ կառավարությունը, ԿԳՄՍՆ-ն, ըստ զրուցակցիս, այդ քաղաքականությանը շարժվում է հակառակ ուղղությամբ. «Գուցե վարչապետին իրական պատկերը չի զեկուցվում, թե ինչ է կատարվում համակարգում, կամ գուցե նախարարին չի զեկուցվում իրական պատկերը, ես չգիտեմ, բայց որ աշխարհագրության մասով շատ լուրջ խնդիրներ կան` արդեն մի քանի տարի` փաստ է: ԳԹԿ-ի հիմնական գործառույթն ատեստավորում ու քննություններ կազմակերպելն է, բայց 2-ն էլ ձախողվում է ամեն տարի, դա աշխարհագրության մասով, կազմվում են սխալներով թեստեր... լավ, ինչքա՞ն կարելի է, մենք ինչքա՞ն համբերենք... եւ արդյոք այն մարդիկ, ովքեր գնահատում կամ ատեստավորում են մեզ, հենց իրենք քանի՞ ատեստավորում անցած մասնագետներ են, սկսած ԿԳՄՍՆ-ից, նրանցից քանի՞սն են ատեստավորվել, որ այսօր եկել են մեր գիտելիքն են ստուգում, եւ եթե կասկածներ ունեն մեր գիտելիքի հանդեպ, գուցե բուհերից սկսեն, ոչ թե դպրոցներից: Իսկ բուհերում այսուհետ աշխարհագրության բաժին ընդունվելու համար աշխարհագրությունից քննություն հանձնելը պարտադիր չի լինելու, պարտադիր է լինելու մաթեմատիկան, 2-րդ առարկան լինելու է կա՛մ անգլերենը, կա՛մ աշխարհագրությունը: Եթե այդպես է, եկեք բժշկական ընդունվելու համար էլ հանենք կենսաբանություն առարկայի պահանջը, թող դարձյալ լինի մաթեմատիկա...»:
Տ. Ենգիբարյանն ընդգծում է` ուսուցիչների հանդեպ այս մոտեցումը կոտրում, հիասթափեցնում է իրենց. «Ենթադրենք՝ 100 հոգուց 5 հոգին անցնում է ատեստավորումը, բայց մնացած 95-ն էլ կոտրված վերադառնում է դպրոց, որոնցից մի մասն էլ համակարգից կա՛մ դուրս կմնա, կա՛մ դուրս կգա, ու հետո՝ մի քանի տարի անց կասենք, որ մասնագետ չկա, ուրեմն առարկան էական չէ, եկեք ընդհանրապես հանենք»: