Երեկ մինչև երեկո չհանդարտվեց Գյումրիի ավագանու անդամներից մեկի շուրջ բարձրացված աղմուկը: Բանն այն է, որ ընդդիմադիր «Մեր քաղաքը» դաշինքի ավագանիներից մեկը` Կարեն Բադալյանը, ապրիլի 21-ին մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել քաղաքապետին, վերջինս էլ արձանագրություն էր կազմել եւ ուղարկել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Սակայն երկու օր անց Կարեն Բադալյանը նոր դիմում էր ներկայացրել, որով խնդրել էր անտեսել իր դիմումը, նշել էր, որ ցանկանում է շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ, բայց ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից։ Ընդհանուր կասկածներ հնչեցին, որ դա իշխանությունների ձեռագիրն է, ՔՊ-ն, որ այդպես էլ չի համակերպվել Գյումրու ընտրության արդյունքների հետ, այսպես ասած՝ մարդագողության է անցել, երբ պարտադրում են ավագանու ընդդիմադիր անդամներին դուրս գալ իրենց խմբակցություններից, միանալ իշխանականներին, փոխելով ուժերի հարաբերակցությունը` իշխանափոխություն անել համայնքում:
Կրքերը հանդարտվեցին արդեն երեկոյան, բարձրացած աղմուկն իր դերը խաղաց, եւ երեկ Գյումրու թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը նիստ արեց, ընդունեց Կարեն Բադալյանի ինքնաբացարկի դիմումն ու ավագանու մանդատը հանձնեց «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ համար Նարեկ Միրզոյանին: «Հրապարակ»-ի զրուցակիցը Նարեկ Միրզոյանն է:
-Ըստ էության՝ ի՞նչ էր կատարվել, պարոն Միրզոյան:
-Կարեն Բադալյանը ավագանու լիազորությունները դադարեցնելու դիմում էր ներկայացրել, դա իրավական առումով կոչվում է լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին դիմում, որը ըստ օրենքի ներկայացրել էր համայնքի ղեկավարին եւ վերջինս համապատասխան արձանագրություն էր կազմել, ուղարկել ընտրական հանձնաժողովին:Խնդիրը նրանում էր, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ըստ ՏԻՄ օրենքի պարտավոր էր մեկ շաբաթվա ժամկետում լիազորությունները դադարեցնել եւ ավագանու մանդատը փոխանցել հաջորդ համարին, ինչը չէր արվել: Մեր գլխավոր խնդիրն այն էր, որ հասնեինք նրան՝ մեր իրավունքները պաշտպանվեր եւ «Մեր քաղաքը» խմբակցությունը ունենար 6 ավագանու մանդատ, ինչպես եղել էր ավագանու մանդատների բաշխման ժամանակ:
-Իշխանության մատը խա՞ռն էր:
-Այո՛, մենք գնահատում ենք, որ սա իշխանազավթման փորձ էր, որի գնահատականը ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական առումով երեկ տրվեց: Այն կանխվեց առաջին հերթին Մարտուն Գրիգորյանի կողմից հետևողականություն դրսևորելու, «Մեր քաղաքը» դաշինքի անդամների, ավագանու անդամների, մեր թիմի կողմից հետևողականություն դրսևորելու արդյունքում : Մենք պաշտպանեցինք մեր իրավունքները եւ օրենքով ստացանք մեր հասանելիք մանդատը, որը մեզ ընտրական հանձնաժողովը չէր տալիս, այսինքն՝ իշխանազավթման փորձը կանխվեց Գյումրիում: Եզրույթ կա՝ մանդատագողություն, դա կանխվեց :
-Դուք 8-րդն էիք ցուցակում, Կարեն Բադալյանը' 6-րդը:
-Այո', քանի որ ցուցակը գլխավորում է պարոն Գրիգորյանը, իսկ ինքը գիտեք՝ առաջին օրն էր ինքնաբացարկ հայտնել , բնականաբար մանդատը անցել էր ցուցակի հաջորդ համարին, Բադալյանի դեպքում՝ ևս մեկ ինքնաբացարկ ունեցանք, եւ ցուցակի հաջորդ համարը ես էի, բնականաբար սպասելի էր, որ մանդատը ինձ է հանձնվելու:
-Դուք նախորդ ավագանիում ՀՀԿ խմբակցության ղեկավարն էիք, հիմա ներկայացնելու եք «Մեր քաղաքը» դաշինքը, ի՞նչ է փոխվելու:
-Գաղափարական առումով ոչինչ չի փոխվել եւ չի կարող փոխվել, ես ՝ որպես նախկին եւ ներկա ավագանու անդամ , գործելու եմ ի շահ քաղաքի՝ բացառապես առաջնորդվելով գյումրեցիների շահերով:Ընդհանուր ասեմ, որ ունենք նոր համայնքապետ, ու անկախ ամեն ինչից աշխատանքները շարունակվում են : «Մեր քաղաքը» դաշինքն էլ իր լիազորությունների սահմաններում ամեն ինչ անելու է, որպեսզի գյումրեցիների խնդիրները լուծվեն, մեր ծրագրային դրույթները հստակորեն իրականացվեն :