Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրում է, որ սեզոնային պահանջարկի ավելացմամբ պայմանավորված, Ռուսաստանում բնակարանների վարձակալության վճարները աճել էին, սակայն հիմա, քանի որ պահանջարկը սկսել է նվազել, վարձակալական վճարներն էլ կնվազեն։ Հաշվարկվել է, որ Ռուսաստանի թվով 16 քաղաքներում, որոնց բնակչությունը 1 միլիոն եւ ավելին է, 1 սենյականոց բնակարանի համար վարձակալական վճարը մոտավորապես կազմում է հոկտեմբերի սկզբի դրությամբ՝ ամսական կտրվածքով 26,2 հազար ռուբլի։
Սեպտեմբերի համեմատ թանկացումը կազմել է 1,2 տոկոս։ Իսկ երկու սենյականոց բնակարանի վարձակալության վճարը նույն ժամանակահատվածում կազմել է ամսական 37,2 հազար ռուբլի, մոտ 300 դոլար։ Մոսկվայում մեկ սենյականոց բնակարանի վարձակալությունն արժի 52,4 հազար ռուբլի, երկու սենյականոցինը՝ 83,9 հազար ռուբլի։
Մասնագետները նաեւ հաշվել են, որ սեզոնային ակտիվությունից հետո ներկայումս վարձով բնակարանների շուկայում պահանջարկը նվազել է 10-12 տոկոսով։ Շուկան «կհանդարտվի» դեկտեմբերին։ Սպասվում է, որ հոկտեմբեր-նոյեմբերին ընդհանուր առմամբ վարձով բնակարանների շուկայում գնանկումը կկազմի 5-7 տոկոս։