Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանն ու Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը ձերբակալված չեն։ Տեղեկությունը «Հրապարակին» հայտնեց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Նրանց մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվել Հակակոռուպցիոն կոմիտում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Մեղադրյալի կարգավիճակ նույնպես Սևակ Խաչատրյանն ու Դավիթ Շահնազարյանը չունեն»,–ասաց Օհանջանյանը։
Այսօր՝ ավելի վաղ, Ազգային ճակատը հայտնել էր, որ Սևակ Խաչատրյանը և Դավիթ Շահնազարյանը ձերբակալվել են: «Հրապարակի» հետ զրույցում «Միասնական Վարդենիս» խմբակցության անդամ Արաքսյա Հայրապետյանը հաստատել էր տեղեկությունը և նշել, որ Շահնազարյանին արդեն բաց են թողել: Այլ մանրամասներ ոչ նա, ոչ էլ Վարդենիսի համայնքապետարանից չէին հայտնել:
Մեզ հետ զրույցում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը ևս հաստատեց, որ Շահնազարյանն ու Խաչատրյանն այս պահին ազատության մեջ են: