Հարցազրույց

Կնոջ բարեկամ, քիմիկոս, էլեկտրիկ և այլ հոռի բարքեր․ պնդում է Ազգային արխիվի աշխատակցուհին, իսկ տնօրենը հպարտ է 

Կնոջ բարեկամ, քիմիկոս, էլեկտրիկ և այլ հոռի բարքեր․ պնդում է Ազգային արխիվի աշխատակցուհին, իսկ տնօրենը հպարտ է 

Համացանցում տարբեր տեղեկություններ են շրջանառվում Ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանի մասին։ 

Համասփյուռ Ավագյանը, որն Ազգային արխիվի երկարամյա  աշխատակից է, «Հրապարակի» հետ զրույցում ոչ պակաս մեղադրանքներ ու բացահայտումներ ներկայացրեց Ամատունի Վիրաբյանի կողմից այս կառույցում տիրող բարքերի ու մթնոլորտի մասին։ Տիկինը մի քիչ հեռվից սկսեց՝ ասելով․ «Ես հեղափոխական մարդ եմ, նախկին ռեժիմին դեմ եմ եղել ու ամեն ինչ արել եմ, որ փոխվի Ամատունի Վիրաբյանը, ով հրաշալի մասնագետ էր, բայց, հավանաբար, գիտեք․․․ ես նրա հետ աշխատել եմ տասը տարի, ղեկավարել եմ բոլոր մարզերի 21 տարածքային մասնաճյուղերի արխիվները։ Տարածքային ստորաբաժանումների բաժնի վարիչն եմ եղել 10 տարի։ 2 ատեստացիա եմ անցել, հեղափոխությունից հետո, որպես փոփոխությունների կողմնակից, իրեն չեմ սատարել, որովհետև ինքն արխիվում՝ լիքը բարեկամներ, ծանոթներ և այլն։ Չեմ սատարել նրան վերջին շրջանում, ոչ թե խանգարել եմ, հանել եմ։ Ինքս էլ տնօրենի մրցույթին մասնակցել եմ, 100 միավոր եմ ստացել, 2-րդ փուլից՝ բանավորից 6 օր առաջ մայրս մահացավ։ Ես ինչո՞ւ եմ էս ամենն ասում։ Որ իմանաք, որ այնտեղ պատահական մարդ չեմ, հանիրավի չեմ բողոքում։ Հիմա եկավ նոր ղեկավարությունը, ասաց՝ ցավում եմ, որ 2-րդ փուլին չեք մասնակցել, ես Ձեզ շատ գնահատում եմ որպես մասնագետ, խնդրում եմ, որ Ձեր տեղում լինի իմ ընկերը՝ բաժանմունքի վարիչ, Գերմանիայից է եկել, Դուք ղեկավարեք բաժինները։ Ասաց՝ ինչի՞ կարիք կա, ասացի՝ մեթոդական բաժնի։ Ինքն ասաց՝ ոչ մի խնդիր, ոնց ասեք, ես դրսի մարդ եմ, չեմ իմանում էս ամենը և այլն։ Ու քանի որ ես միակն էի, որ նախկին ռեժիմի դեմ մենակով պայքարել էի, մտածեցի, որ ինձ գնահատում են, ու իրենց էլ գրկաբաց ընդունել եմ։ Բոլոր կանոնակարգերը, կարգերը․․․ օրենքների մեջ մշակումներ եմ անում, ցանկեր եմ պատրաստում, ատեստացիաներ եմ պատրաստում, ամեն ինչ, անգամ արխիվային օրենքների փոփոխություններ եմ գրել, կանոնադրություն։ Հա, իր բարեկամների դեմը չէի կարա առնեի, ես գրությունը տալիս էի, տնօրենը որոշում էր՝ պատժի՞, թե՞ չպատժի, անգամ Արմավիրում, որտեղ իսկապես խնդիրներ կային, ինքն ազատեց։ Մի խոսքով, ինքն էդ ամենը գնահատելով` ասաց, թե ուզում եմ, որ ոնց մարզերն ենք կարգի գցել, հիմա էլ կենտրոնականի բաժինները ստուգել` որպես մեթոդիստ»։

Կինն ասել է, որ վիրավորական է՝ ամբողջ հանրապետություն է ղեկավարել, գոնե` գլխավոր մեթոդիստ։ Արշակյանը համաձայնել է ու ավելացրել, որ 2 ամսից, կառուցվածքային փոփոխություններով, տիկին Համասփյուռին կդարձնի բաժնի պետ։ Նա էլ մտածել է՝ նոր ղեկավարություն է, չմտածի, որ պաշտոնի կռիվ է տալիս, համաձայնել է մաքրել բաժինները։ «Գնացել եմ, ստուգումներ եմ արել, ներկայացրել եմ բոլոր թերությունները, ինչ պիտի արվի, որ բաժինը որին միանա, ինչի համար են էդ բաժանմունքները և այլն, ինքը համաձայնել է ամեն ինչի հետ, կանոնակարգերը սարքել եմ, մեկ էլ հանկարծ 3 ամիս հետո ծանուցագիր եմ ստանում, թե Ձեր հաստիքը լուծարվում է։ Ասացի՝ ո՞նց կարա հաստիքը լուծարվի, բաժի՞ն ենք ստեղծում։ Բա՝ «կտեսնենք»։ Չասեց, եկավ 2 ամիս հետո, թե` Դուք Ձեր աշխատանքն արեք։ Ես չպատկերացրի, որ ինձ խաբում են: 2 ամիս հետո ստանում եմ ծանուցագիր․․․ ինձ էստեղ նոր հաստիք բացեց՝ կինո-ֆոտո արխիվի մասնաճյուղի վարիչի տեղակալի, և բերեց Թբիլիսյան խճուղի։ Թե` իմ մոտիկները, որոնց դրսից բերել եմ` բաժնի վարիչներ, նրանք չեն կարող դա անել։ Դուք, որպես մասնագետ, կարող եք կարգի գցել։ Անշուշտ, ես կարող եմ այստեղ կարգի գցել, 1 ամիս է՝ այստեղ եմ և ես հենց դրանով եմ զբաղված։ Բայց ես այս աշխատանքը կարող էի անել մեթոդիստ մնալով»,-ասաց Համասփյուռ Ավագյանը։

Նա եզրակացրել է՝ տնօրինությունն իրեն մտածված կերպով մեկուսացրել է, որովհետև մշտապես տնօրենին ասել է, որ իրեն նախկին պաշտոնում փոխարինած տնօրենի ընկերը պետք է օրենք կարդա, առհասարակ՝ Արշակյանի բերած մարդիկ, որոնք, արխիվային գործի մասնագետի խոսքով, մարզերին զավեշտական բովանդակության ցուցումներ են տվել։ «Զանգում էին, ասում՝ տիկին Համասփյուռ, սրանք լրիվ խայտառակ են, էս ի՞նչ բաներ են պահանջում։ Իրենք անգամ տեղեկանք կազմել չգիտեն։ Ու իրենց, հավանաբար, դուր չեկավ, որ ես ասում էի։ Ու բաժնի գործառույթը կառուցվածքային փոփոխությամբ փոխեց»,-պատմեց արխիվի աշխատակցուհին։

Ասաց, որ բերված պատահական մարդկանց գործունեության հետևանքով խնդիրներ էլ էին առաջացել, մարզային կառույց էին փակել` առանց կառավարության որոշման։ Մինչև որ այն եկել էր, անցած էր եղել 2 ամիս, ու իրենք այդ լուծարված կառույցի աշխատողներին հենց այնպես աշխատավարձեր էին տվել։ Իսկ Արշակյանի հետ բերված երկու երիտասարդ իրավաբաններն էլ, ըստ Համասփյուռ Ավագյանի, ոլորտից անտեղյակ աղջիկներ էին։ Նաև Արշակյանի բերած 64-ամյա խորհրդականը։ «Սփյուռքի նախարարությունից անցած տարի վարչապետը, էն, որ տասնքանի հոգու որ ազատեցին, էդ խումբն ա, նրանք ամեն տեղ 2-3 ամիս աշխատում են, որովհետև հրանուշհակոբյանական կադրեր են»: Իսկ իրեն փոխարինած Վաղինակ Գևորգյանն էլ, արխիվի աշխատակցուհու խոսքով, 2 օր է նորմալ աշխատանքային ժամերին գալիս, մնացած օրերին գալիս է կեսօրից հետո։ Ասաց՝ բացարձակ որևէ գաղափար չունի արխիվային գործից։ «Իրենք մարդ են ընդունել` վարիչ․․․ քիմիկոս, էլեկտրիկ,»,-պատմեց տիկին Համասփյուռը։ Տեղեկությունը, որ նոր տնօրենը ընկերոջ աշխատավարձն է բարձրացրել, նա հաստատեց՝ մեկ ամիս հետո 230-ից դարձրել է 320:

Նաև` մյուս տեղակալին, խորհրդականին: Իր դժգոհությունից հետո էլ 3 ամիս անց Համասփյուռ Ավագյանին տվել է 70 հազար դրամ պարգևավճար։ Արխիվի շարքային աշխատողների աշխատավարձն էլ, ըստ մեր զրուցակցի, բարձրացվել է 10 տոկոսով։

Ի դեպ, նա զգուշացրեց, թե Գրիգոր Արշակյանը կասի, որ իրենն էլ է շատ բարձրացրել, բայց ասաց, որ դա ոչ թե բարձրացում է, այլ վնասակար նյութերի, այդ թվում՝ թունավոր քացախաթթվի  հետ աշխատելու դիմաց է տրվում։ Նա Արշակյանին ասել է, որ ալերգիկ է, չի կարող այնտեղ աշխատել, անգամ բժշկի տեղեկանք է բերել, բայց Ազգային արխիվի տնօրենն ասել է, որ բժշկի տեղեկանքին չի հավատում։ Ի դեպ, նոր աշխատանքի գնալու համար տիկին Համասփյուռը 3 տրանսպորտային միջոց է փոխում և, ինչպես հավաստիացրեց, այս նյարդային վիճակի պատճառով խմել է «բոլոր հոգեմետ դեղերը»։

Ինչ վերաբերում է Ազգային արխիվում նոր տնօրինության ուտուշ-խմուշներին, ապա տիկին Համասփյուռն ասում է․ «Ինչ-որ ծնունդներ են անում, չգիտեմ․․․ ես, համենայնդեպս, էդ քեֆերին չեմ գնում, բայց ինչ որ ասում են՝ առիթ, անառիթ, մանավանդ էդ տեղակալն անընդհատ հաշվապահությունում խմում ա։ Իրանք ուզում են մտերմանան կոլեկտիվի հետ, նաև մարդկանց հետ, որոնք շատ արտոնյալ են և բազում խախտումների հեղինակներ։ Մանավանդ համալրման բաժնի պետը․ պայմանագրեր, թերի, անգամ առանց պայմանագրերի մշակումներ են արել»։

«Հրապարակը» զրուցեց նաև Գրիգոր Արշակյանի հետ, որը մեր հարցերին պատասխանելուց առաջ և հետո հորդորում էր այցելել արխիվ և ամեն ինչ սեփական աչքով տեսնել։ «Միայն 180 միլիոն դրամի վերազինում եմ ես իրականացնում` պետության աջակցությամբ, արխիվից սկսած, մինչև հակահրդեհային անվտանգություն։ Սա իմ անձնական խնդրանք-աղաչանքների արդյունքում է` կառավարությանը, վարչապետին, որ պատկերացրեցին, որ Ազգային արխիվը բրենդ ա, բոլորինս ա։ Արշակյան Գրիգորը հավերժ չի լինելու»։ 

Իր աշխատակցի մեղադրանքների հետ կապված` Գրիգոր Արշակյանն ավելացրեց․ «Ես հավաստիացնում եմ Ձեզ, որ Ազգային արխիվում իմ օրոք եթե որևէ մի աշխատակից թեկուզ 1 տոկոս կամ 0,1 տոկոս օրենքի խախտում, ոչ իրավական բան ներկայացնի, բացի դրականից․․․ ես հիմա․․․ վերոնշյալ տիկինը բողոք էր ներկայացրել, և պատասխանն իրեն ուղարկվել է։ Եվ ես իրեն առաջարկել եմ, որ եթե դեմ է, կարող է դիմել դատարան»։ Նկատեցինք՝ չի դիմում, որովհետև դատաքննությունն ամիսներ է տևում, և ինքը վարկեր ունի, նաև՝ որդիների առողջական խնդիրները: Հարցրինք՝ իրեն ասե՞լ եք, որ կամ այդ աշխատանքին համաձայնի, կամ ազատման դիմում գրի։ Տնօրեն․ «Ես ոչ մեկի ոչ մի բան չեմ ասել»։ Նա նույնիսկ հայտարարեց՝ իրեն ավելի բարձր աշխատավարձ ու պաշտոն է առաջարկվել, քան ուներ։ Տնօրենը պնդում էր, որ Համասփյուռ Ավագյանի աշխատավարձը  բարձրացրել է 40 տոկոսով, թունավոր նյութերի հետ էլ, ասաց, որ ֆոնդապահն է աշխատում, ոչ նա։

Ինչ վերաբերում է ընկերոջ աշխատավարձը մեկ երրորդով բարձրացնելուն, ապա Ազգային արխիվի տնօրենն ասում է, որ իր մտերիմ ընկեր տեղակալին համոզել-աղաչել է, որ իր բարձր աշխատավարձով գործը թողնի, գա իրեն օգնի։ Աշխատանքի ընդունե՞լ է քիմիկոսի: Տնօրեն․ «Հարգելիս, աշխատասիրության և նոր ներդրված մեխանիզմների շնորհիվ 6 ամսվա մեջ ավելի շատ գումար ենք կարողացել արխիվացման պայմանագրեր բերել, քան նախկին 3 տարին ամբողջն իրար հետ վերցրած։ Հասկանում եք, չէ՞, արդյունավետությունը։ Էլ չեմ ասում էն հսկայական կոռուպցիոն ռիսկերը, որոնք կան, և դրա դեմ պայքարում եմ։ Եվ ցավով եմ ասում, ես չէի պատկերացնում, որ նման մարդիկ կարող են նման բաներ ասել։ Ես բոլորին էլ հայտարարել եմ, որ եթե մեղադրանքներ կան` օրենքի խախտումների հետ կապված, կարող են դիմել պատկան մարմիններին։ Ես արդեն 2-3 հաղորդագրություն եմ ներկայացրել»։

Ճի՞շտ է, որ կնոջ բարեկամին բերել է Ազգային արխիվ։ Տնօրեն․ «Իմ կնոջ բարեկամը․․․ ես կնոջ բարեկամ չունեմ, ես մի հատ շատ հեռավոր բարեկամ ունեմ, շատ, կնոջս կողմից, որն առաջին կարգի բանվոր է ընդունվել Հոկտեմբերյանում»։ Իսկ ինչու՞ չի հավատում բժշկի տեղեկանքին։ Տնօրեն․ «Հարգելիս, ընդհանրապես ցանկացած որոշում պետք է լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ Բժշկական։ Եվ երկրորդ․ այն աշխատանքը, որ վարչական է, չի պարունակում այնպիսի ռիսկեր, ինչպես ներկայացված է։ Եվ ինչ վերաբերում է տեղեկանքին, ապա ես իմ անձնական փորձից եմ ասում, որ որևէ բժշկական տեղեկանքի չեմ հավատում։ Ասեմ ինչու․ ինձ ժամանակին, երբ այլ վայրում էի աշխատում, տեղեկանք էին բերել, որ հղի է, որպեսզի աշխատանքից չազատվեր, բայց հետագայում պարզվեց, որ նման բան չկա»: Տնօրենը նաև հավաստիացնում էր, թե «վերոնշյալ տիկինը» երբեք իր կողմից պարգևավճար չէր ստանա, եթե արժանի չլիներ։ Հետևաբար, իր վատ վերաբերմունքի մասին ի՜նչ խոսք կարող է լինել։ «Ես 2004-ից աշխատում եմ, ամեն ինչի միջով անցել եմ, մարդկային ամենավատն էլ եմ տեսել, ամենալավն էլ եմ տեսել։ Ես երբևիցե մարդկային արժեքների, բարոյականությունից դուրս․․. ես իմ բոլոր հրամաններով ու աշխատանքներով մարդկային մոտեցում եմ ցուցաբերել։ Թեև այդպես չպետք է լիներ, այլ այնպես, ոնց որ դիմացինն արժանի է։ Կարող եք գալ, հարցում անել՝ ղեկավար անձնակազմից գրեթե մարդ չի փոխվել։ Մենք երկարամյա թոշակառու աշխատող ունենք, որին փայփայում եմ, որովհետև ինքը պանծալի աշխատակից է։ Եվ նման աշխատակցին փոխարինելն իմ կողմից անթույլատրելի ա։ Արխիվ ա, բոլորինս ա։ Ինչ վերաբերում է, որ երբ ասում են՝ ընկերներ, կարծում եմ՝ ընկեր արժեքը եթե ամեն մարդ գնահատի, նման արտահայտություն չի անի։ Ու ես դեռ չեմ կարողանում գտնել, համոզել իմ մյուս ընկերներին, շատ քիչ, որ գան էստեղ, որովհետև զուտ ֆինանսական խնդիր է․ արխիվի աշխատավարձն էնքան չնչին է, որ կարողացել եմ մեկ ընկերոջս խնդրել, համոզել, որ գա՝ թևութիկունք լինի»։

Ահա այսպիսի Ազգային արխիվ։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image