Գառնու հեթանոսական տաճարն այցելուների պակաս չունի, այն զբոսաշրջային այցելությունների ամենապահանջված վայրերից է՝ ոչ միայն Հայաստան ժամանած զբոսաշրջիկների համար, այլ նաեւ հենց մեր ազգաբնակչության: Այսուհետ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանով զմայլվելու համար այցելուները պետք է վճարեն կրկնակի․ 750-ի փոխարեն՝ 1500 դրամ: Տոմսերի թանկացումը վրդովվեցրել է ոչ միայն գառնեցիներին, այլեւ Գառնի այցելած դպրոցականներին եւ, առհասարակ՝ բոլորին: Օրինակ՝ դպրոցական էքսկուրսիաների ժամանակ աշակերտներից յուրաքանչյուրից գանձվում է 1500 դրամ, թանգարանի մուտքի եւ զբոսավարի համար կա եւս սահմանված հստակ գումար՝ 4000-5000 դրամ:
Թե ինչու, ինչի հաշվին է թանկացել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի տոմսի արժեքը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցը մեզ պատասխանեց, որ մայիսի 1-ից տոմսերը թանկացել են, մեծահասակների համար տոմսի արժեքը 1500 դրամ է, 13-18 տարեկանների համար՝ 750, մինչեւ 12 տարեկան երեխաների համար՝ անվճար, իսկ ամսվա վերջին շաբաթ օրը մուտքն անվճար է. «Թանկացումը նախարարության որոշումն է, ես Ձեզ հասկանում եմ, բայց մենք ենթարկվում ենք նախարարությանը, թանկացման հետ կապված առարկել հաստատ չենք կարող»:
Նույն հարցն ուղղեցինք նաեւ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչությանը: Այնտեղից էլ մեզ ասացին, որ 2017 թվականից տոմսերի գնի վերանայում չի եղել, ՀՀ քաղաքացիների եւ օտարերկրացիների համար գործել է տարբերակված մոտեցում եւ անվճար օգտվողների քանակը սահմանափակ է եղել. «Որոշում է կայացվել՝ ցուցաբերել մեկ միասնական որոշում՝ մինչեւ 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է` անկախ ազգությունից: Անվճար օգտվում են Հայաստանի ու Արցախի սահմանները պաշտպանող ընտանիքների եւ զոհվածների ընտանիքների անդամները: Թոշակառուների, ուսանողների եւ խոցելի խմբերի համար գործում է 50% զեղչ, իսկ ամսվա վերջին շաբաթ օրը մուտքն անվճար է բոլորի համար: Գինը կպահպանվի, մինչեւ չվերանայեն: Կարող է մի հրաշք լինի՝ էժանանա»:
Իսկ ի՞նչ պատկեր է մինչեւ մուտքի մոտ հասնելը: Մեքենայից իջնելուն պես, հենց մուտքի մոտ, այցելուներն առաջինը հանդիպում են արեւի տակ կանգնած, տանջված դեմքով կանանց, ովքեր մանավանդ օտարերկրացի զբոսաշրջիկ տեսնելիս ժպտում են եւ դեմ են տալիս թանկուկրակ «քյարթու» գաթաները: Նշենք, որ տոմսերի թանկացման հետ կապված՝ տաճարի տարածքում ոչ մի նոր ծառայություն, աչքի ընկնող ոչ մի նորամուծություն չկա, որի համար արժեր տոմսը թանկացնել։ Բարեբախտաբար, հասարակական զուգարանը վճարովի չեն դարձրել` դա միակ անվճար վայրն է այս տարածքում: