Քաղաքականություն

ԱՄՆ-ն այսպիսի պայմանագրեր կնքե՞լ է այլ պետությունների հետ

ԱՄՆ-ն այսպիսի պայմանագրեր կնքե՞լ է այլ պետությունների հետ

Վաշինգտոնում, հունվարի 14-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն։ Կանոնադրության նախաբանում ասվում է, որ երկու երկրները հաստատում են իրենց բարեկամական և ռազմավարական գործընկերության հարաբերությունների կարևորությունը: Նպատակադրվում են խորացնել իրենց գործընկերությունը՝ ի շահ երկու երկրների,  և ընդլայնել համագործակցությունը փոխադարձ առաջնահերթությունների լայն շրջանակում: Ընդգծում են, որ երկու ժողովրդավարական երկրների միջև այս  համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների և համատեղ շահերի վրա: Դրանք ներառում են ժողովրդավարության և տնտեսական ազատության առաջխաղացումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման ամրապնդումը, աջակցությունը նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդումը: Ընդգծում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ ամրապնդելու հարաբերությունները դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, բարձրտեխնոլոգիական, կրթական, գիտական, մշակութային, իրավական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում:

Արդյո՞ք ԱՄՆ-ն այս բնույթի պայմանագրեր կնքել է այլ պետությունների հետ, թե ոչ։ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է․ ԱՊՀ տարածքում ԱՄՆ-ն այսպիսի պայմանագիր կնքել է Ուկրաինայի, Ղազախստանի եւ Վրաստանի հետ։ Ղազախստանի հետ ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթուղթ ստորագրել է Արա Սահակյանի՝ Ղազախստանում դեսպան նշանակվելուց մեկ տարի առաջ, 2012թ․ այս օրերին, եւ հենց այդ տարվա ապրիլին էլ տեղի է ունեցել այդ հանձնաժողովի առաջին նիստը։

«2018թ․ հանձնաժողովը վերանվանվել է, ստացել է որակապես նոր աստիճան՝ կոչվելով ընդլայնված ռազմավարական գործընկերության հանձնաժոողով, եւ մինչ օրս այն կա, գործում է։ Պարբերաբար ամենամյա նիստեր են անցկացվում, վերջինը եղել է 2024թ․ մայիսին՝ Վաշինգտոնում։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ն Ղազախստանի հետ ունի ռազմավարական գործընկերության ավելի լայն օրակարգ։ Հաշվի առնելով Մոլդովայի արեւմտյան արտաքին քաղաքական ուղեգիծը՝  ԱՄՆ-ն կարող է այնտեղ որոշ առաջխաղացում ունենալ, բայց, զարմանալիորեն, Մոլդովայի հետ որեւէ պայմանագիր չի կնքվել։ Իրավական, ձեւական առումով համաձայնություն Մոլդովայի հետ չկա, սակայն ԱՄՆ-ն եւ այս պետությունը գործնական ջանքեր են գործադրում՝ իրենց համագործակցությունը խորացնելու եւ ավելի ամուր ռազմավարական հարաբերություններ հաստատելու նպատակով»,- ասաց Սահակյանը։

Անդրադառնալով Վրաստանի եւ Ուկրաինայի հետ ունեցած պայմանագրին՝ Սահակյանն ասաց, որ այս պետությունների հետ ռազմավարական համագործակցության պայմանագրերն իրենց ճակատագրերով շատ նման են, երկուսն էլ առնչվում են մեծ աղետի հետ։ 

«2008թ․ ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Սահակաշվիլին դեռ չէր հասցրել մարսել իր կուլ տված փողկապը, 2009-ին Կոնդոլիզա Ռայսը Վաշինգտոնում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ ստորագրեց այսպիսի մի համաձայնագիր։ Այն կարելի է անվանել «ճաշից հետո մանանեխ»։ Իսկ Ուկրաինայի հետ 2021թ․ նոյեմբերի 10-ին ստորագրվեց շատ ընդարձակ, ռազմական ոլորտում փոխադարձ պարտավորությունով լեցուն մի համաձայնագիր, եւ երեք ամիսը չլրացած՝ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Ահա քաղաքական հետեւանքները՝ Ուկրաինայի եւ Վրաստանի հետ կնքված նմանատիպ պայմանագրերի»,- ասաց Սահակյանը։

Հարցին, թե դատելով այս վերլուծությունից՝ Հայաստանին լավ բան չի՞ սպասվում, Արա Սահակյանն ասաց․ «Իշխանության պարտավորությունն է՝ ամեն ինչ հաշվարկել, ասում են՝ բոլոր ռիսկերը հաշվում են։ Թող ներկայացնեն՝ ինչպես են բոլոր ռիսկերը հաշվարկել։ Ես կարծում եմ, որ ռիսկերը ճշգրիտ գնահատված չեն»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image