ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է կարեւոր նախադեպային որոշում՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման վերաբերյալ։ Վճռաբեկ դատարանը մի վճռաբեկ բողոք քննելիս եկել է եզրահանգման, որ օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության վերաբերյալ տեղեկանքը միայն բավարար չէ՝ հիմնավորված համարելու անձի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար: Դրա համար անհրաժեշտ է, որ դատարան ներկայացվեն այլ փաստեր եւս։ Այլ կերպ ասած՝ այսուհետ օպերատիվ մարմինները պետք է դատարաններին, բացի տեղեկանքից, փաստական այլ տվյալներ էլ ներկայացնեն, որ հիմնավորեն անձի հեռախոսային խոսակցությունները լսելու անհրաժեշտությունը: Թեմայի առնչությամբ զրուցեցինք նախկին դատավոր, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ: Հարցրինք, թե ինչ է նշանակում Վճռաբեկ դատարանի այս որոշումը, որը նախադեպային է։
«Զուտ օրենքի եւ իրավունքի գերակայության առումով շատ տեղին եւ ճիշտ որոշում է, սակայն մի «բայց» գոյություն ունի, որի մասին անհրաժեշտ եմ համարում նշել․ այս որոշումը չափազանց կդժվարացնի եւ կբարդացնի օպերատիվ մարմնի աշխատանքը։ Սա շատ լավ որոշում է, եթե խոսքը վրաբերում է ստանդարտ կենցաղային գործերին: Եթե խոսքը վերաբերում է, կոպիտ ասած, քաղաքական հետապնդումներին, ապա շատ տեղին եւ ճիշտ է, սահմանափակում է օպերատիվ մարմնի գործունեությունը եւ թույլ չի տալիս, որ ապօրինություն տեղի ունենա, այսինքն՝ որպեսզի օպերատիվ աշխատակիցն իր ուզած, մտացածին, հորինված տեղեկանքը կազմի եւ ներկայացնի դատարան, որպեսզի թույլտվություն ստանա, եւ հեռախոսային խոսակցությունների վերահսկում տեղի ունենա։ Սակայն պատկերացրեք՝ օպերատիվ մարմինը տեղեկություն է ստանում կամ իր անալիտիկ ստորաբաժանումները եզրակացության են գալիս, որ նախատեսվում է ահաբեկչական ինչ-որ մի ակտ, կամ՝ երեխա են փախցնում, փրկագին են պահանջում եւ այլն։ Երբ խոսքը գնում է այսպիսի ծանր հանցագործությունների մասին, երբ քաղաքականություն չկա, այլ կա դավաճանություն, լրտեսություն, ահաբեկչություն, մարդու առեւանգում եւ այլն, այնպիսի հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների մասին, որոնք հազարավոր մարդկանց կյանքերի կամ ազգային անվտանգության հետ են կապված, այս նախադեպը չի տարբերակում, թե որ դեպքում կարելի է անալիտիկ վերլուծությունը հիմք ընդունել, իսկ որ դեպքում՝ ոչ։ Կա մի չգրված կանոն, որին սրբորեն հետեւում են իրենց հարգող բոլոր օպերատիվ ստորաբաժանումները․ երբ նրանք իրենց գործակալի անուն-ազգանունը կամ տվյալները չեն հրապարակում։ Նույնիսկ պատրաստ են, որ այդ միջոցառումը չկայանա կամ տապալվի, բայց արժեքավոր գործակալի անունը երբեք չեն բացահայտում, նման խնդիր էլ գոյություն ունի։ Այս որոշման ողջ էությունը հետեւյալն է, որ տեղեկանք ներկայացվի, որտեղ գաղտնագրված են հաղորդում տվողի անուն-ազգանունը, վայրը եւ այլն, ապա շատ դժվար է լինելու օպերատիվ մարմնին աշխատել։ Այսինքն՝ այստեղ դատարան-օպերատիվ մարմին փոխհարաբերություններում ե՛ւ փոխադարձ վստահություն պետք է լինի, ե՛ւ չգրված կանոնն աշխատի, որ օպերատիվ մարմինը երբեք չի չարաշահի այն վստահությունը, որը դատարանն ունի օպերատիվ մարմնի նկատմամբ: Այսինքն՝ օպերատիվ մարմինը չի իջնի զուտ իր ամուսնու, ընկերոջ կամ կնոջ հեռախոսազրույցները լսելու կենցաղային մակարդակին կամ ինչ-որ մեկին քաղաքական հետապնդման ենթարկելու մակարդակին, այլ օպերատիվ մարմինը ներկայացնում է նման միջնորդություն, որի արդյունքում կարող են հազարավոր կյանքեր փրկվել, դատարանը ֆորմալիստական մոտեցում ցուցաբերի եւ ասի, որ աղբյուրը չբացահայտեցիր եւ այն հաղորդումը չներկայացրիր, որը քո աղբյուրը քեզ ներկայացրել է, հետեւաբար՝ մերժում եմ եւ չեմ թույլատրում «Օպերատիվ հետախուզական գործունեության» մասին օրենքով նախատեսված միջոցառում իրականացնել, ապա դա փոքր-ինչ ծիծաղելի է թվում։ Չկա աշխարհում նման մոտեցում, մանավանդ՝ պատերազմի մեջ գտնվող երկրում, որ այսպիսի ֆորմալիստական մոտեցում լինի։ Իսկ իրավունքի գերակայության սկզբունքից ելնելով՝ շատ ճիշտ, շատ որակյալ, տեղին եւ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերել ե՛ւ Վերաքննիչ քրեական դատարանը, ե՛ւ Վճռաբեկ դատարանը»,- պատասխանեց Վարդազարյանը։
Նախկին դատավորին հարցրինք՝ գուցե վճռաբեկը հիմնվել է առկա փորձի՞ վրա, այսինքն՝ նախկինում այնպիսի միջնորդություններ են ներկայացվել, որոնք հենց կենցաղային կամ քաղաքական բնույթի են եղել, եւ նաեւ դա է դատարանի համար հիմք դարձել՝ նման որոշում կայացնելու։ «Միանշանակ։ Ձեզ ասեմ, որ այդ գործընթացը, երբ դատարանը մինչդատական վարույթի դատական վերահսկողության դաշտում «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի շրջանակներում այդ գործառույթն իրականացնում է, դա երբեք տեղում չի կանգնում, այլ կատարելագործվում է։ Այսինքն՝ այս նախադեպային որոշումից հետո, իմ խորին համոզմամբ, օպերատիվ մարմինները եւ դատարանը պետք է նստեն, ինչ-որ մի բանաձեւ մշակեն, որպեսզի պահեն ե՛ւ օրենքի տառը, ե՛ւ Վճռաբեկ դատարանի որոշման էությունը, եւ այնպիսի մի բանաձեւ գտնեն, որպեսզի օպերատիվ աշխատանքը չտուժի։ Այստեղ վստահություն եւ համագործակցություն է պետք, սա այն գործառույթն է, որ, անկախ բոլոր իշխանություններից, միեւնույն է՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը միշտ պետք է լինի փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված»,- պատասխանեց Վարդազարյանը։