2023 թ․ հուլիսի 31-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Սուրեն Մանուկյանի, Արմեն Քամալյանի, Թաթուլ Պողոսյանի, Մուրադ Մուրադյանի դատավարությունը։ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ա․ Քամալյանի, Մ․ Մուրադյանի, Թ․ Պողոսյանի եւ մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2022 թ․ հուլիսի 27-ին Իջեւան համայնքի Աչաջուր գյուղում առեւանգել է Գրիշա Քոքոբելյանին, տեղափոխել Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ծաթեր բնակավայր, մինչեւ 2022թ․ օգոստոսի 2-ը պահել նշված վայրում վարձակալած տանը եւ նույն օրն ազատ արձակել։ Ըստ մեղադրանքի՝ 2022թ․ հուլիսի 29-ից Գրիշա Քոքոբելյանի որդուց՝ Խաչատուր Քոքոբելյանից, հորն ազատ արձակելու դիմաց, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի՝ 3 միլիոն ԱՄՆ դոլար, որից փաստացի ստացել են 40 հազար դոլար՝ կրիպտոարժույթի տեսքով։ Ս․ Մանուկյանին, Ա․ Քամալյանին, Թ․ Պողոսյանին, Մ․ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Մի խումբ անձանց կողմից մարդուն առեւանգելը) եւ 258 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Շորթումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով)։
Մանուկյանը եւ մյուս մեղադրյալները մեղադրանքը չեն ընդունում՝ համարելով այն շինծու, հնարովի։ Սուրեն Մանուկյանն Իջեւանի նախկին փոխքաղաքապետ, Իջեւանի անտառտնտեսության նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի նախկին անդամ է։ Նա քրեական գործով շուրջ 3․5 տարի գտնվել է կալանքի տակ, այժմ տնային կալանքի տակ է, սահմանափակված է նրա շփումն ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ։ Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանի հետ զրուցել ենք դատավարության մասին։ Պաշտպանն ասում է, որ շորթման հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար իրավապահներին պատշաճ հաղորդում չի տրվել։ 2025թ․ ամռանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած նիստերից մեկի ժամանակ մեղադրյալ Արմեն Քամալյանը վիրավորական արտահայտություններ է արել դատավոր Սասուն Մխիթարյանի հասցեին, որից հետո՝ 2025թ․ օգոստոսի 1-ին, դատավոր Մխիթարյանը դիմել է Քննչական կոմիտե, դատավորին տրվել է տուժողի կարգավիճակ, նա հարցաքննվել է, սակայն այդ փաստը դատավորը թաքցրել է դատավարության մասնակիցներից։
Դեկտեմբերի 17-ի նիստի ընթացքում, երբ Ս․ Մանուկյանին եւ նրա պաշտպաններին հայտնի է դարձել այդ փաստը, նրանք դիմել են դատավոր Մխիթարյանին, թե ինչու նա այդ հիմնավոր պատճառով, գործով մեղադրյալի հետ շահերի հակադրության պատճառով ինքնաբացարկ չի հայտնել, եւ նշված հիմքով դատավոր Մխիթարյանին ինքնաբացարկ են հայտնել։ Դրանից հետո դատավոր Ս․ Մխիթարյանը դիմել է Քննչական կոմիտե եւ հրաժարվել տուժողի կարգավիճակից, ապա մերժել է իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը։ Ս․ Մանուկյանը եւ նրա պաշտպանները հունվարի 21-ին կայացած նիստում նոր հիմքով են դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրել: Սուրեն Մանուկյանը համոզված է, որ դատավոր Մխիթարյանը չի ցանկանում ինքնաբացարկ տալ, որպեսզի այդ գործով մեղադրական դատավճիռ արձակի։ Մանուկյանը եւ նրա պաշտպանները նախկինում, դատավարության ընթացքում 4 անգամ տարբեր հիմքերով բացարկի միջնորդություններ են ներկայացրել դատավոր Սասուն Մխիթարյանին, սակայն նա բոլոր միջնորդությունները մերժել է։ Մանուկյանը եւ նրա պաշտպանները կարծում են, որ դատավոր Մխիթարյանը չի կարող այդ գործով անկողմնակալ ու անաչառ լինել։ Դատական հաջորդ նիստը փետրվարի 4-ին է։