Նորաստեղծ «ՀամաԿարգ» հասարակական-քաղաքական ակումբն իր անունից չի մասնակցի արտահերթ խորհրդարական ընտրություններին։
«Ընտրություններին մասնակցելու մասին որևէ բան չկա, այսինքն՝ ակումբով չենք մասնակցելու։ Իսկ ընտրությունների վերաբերյալ դեռ ընդհանուր կարծիք չկա։ Որ լինի, կհայտարարենք։ Դեռ ընդհանուր գնահատականներ չունենք», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց ակումբի համահիմնադիր, ճարտարագետ-ռադիոտեխնիկ, Արցախյան շարժման ակտիվ մասնակից, նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը։
- Պարո՛ն Խաչատրյան, իսկ սատարելու ե՞ք ինչ-որ ուժի։
- Ես արտահայտվել եմ, ճիշտն ասած, կարող եմ կրկնել։ Ընտրությունները չեն որոշելու, ընտրությունները գալու են արձանագրելու այն վիճակը, որը կա։ Ընդ որում, լավ վիճակ չէ։ Եվ այս վիճակն ընտրություններով արձանագրելը ոչ մի օգտակար բան չի պարունակում։ Եթե նկատի ունենանք, որ ընտրարշավի ընթացքում են լինում որոշակի շտկումներ, փոփոխություններ, ճշտումներ, կասեմ, որ այդ մասով էլ մեծ հույսեր չունեմ։ Որովհետև սկզբունքային դիրքերից անցողիկ խմբերի, կուսակցությունների տեսակետները չեն բավարարում։ Հիմնականում ընտրարշավին հայտ ներկայացրած ընտրական միավորների (դեռ հստակ չէ՝ ովքեր են մասնակցելու, ովքեր՝ ոչ) ընդհանուր տեսակետները հավասարապես նահանջողական են Արցախի կարգավիճակի վերաբերյալ, որն այսօրվա ամենակարևոր հարցն է Հայաստանի տարածքային ամբողջականության տեսակետից։ Հստակ ձևակերպումներ չկան ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր թևի մոտ։ Իսկ այսպիսի մոտեցումներով, ես չեմ գտնում, որ նրանք, անցնելով խորհրդարան, մեր երկրին նետված մատրահրավերներին կարող են համարժեք քաղաքականություն վարել։ Եվ նույնիսկ, ասենք, կառավարություն ձևավորել։
- Սահմանային լարումների հետ կապված ի՞նչ կասեք։ Ըստ Ձեզ՝ Ադրբեջանն ի՞նչ է փորձում Հայաստանի տարածք ներխուժելով անել։
- Ընդհանուր ասած՝ գերիների հարց, սահմանային միջադեպեր և այլն, դրանք ասպարեզ են նետվում ժողովրդին զբաղեցնելու համար, թեև առանձին վերցրած բոլորն էլ կարևորագույն հարցեր են։ Այնուամենայնիվ, դրանց շուրջ ծավալվող բանավեճերն էլի հիմնավոր բնույթ չեն կրում։ Այդ բոլորն իրար հետ չեն կապվում և չեն ասվում հրապարակում եղած առավելագույն ինֆորմացիոն ծավալ զբաղեցնող հոսքերի մեջ։ Սկզբունքային գնահատականներ և լուծումներ չեն տրվում։ Հիմնականում խոսակցությունը գնում է, որ «Հայաստանն այլևս ի վիճակի չէ իր անվտանգությունը պահպանել», «Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը»։ Այն դեպքում, երբ այդ ամեն ինչը սկզբունքային հիմքի վրա, այսինքն՝ միջազգային իրավունքի համաձայն, պետք է խորհրդարանում հաստատվի։ Թե ինչ վիճակում է Հայաստանը, թե ինչու է հայտնվել այս վիճակում, այսինքն՝ պետք է համընդհանուր կարծիք լինի, այլ ոչ թե վիճելի կարծիքներ։ Համընդհանուր կարծիքն այն է, որ ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով Հայաստանին փորձում են զրկել որոշակի հնարավորություններից, որն ապօրինի գործըթնաց է։ Եվ հայ ժողովուրդն ամեն կերպ պետք է դիմադրի դրան, այլ ոչ թե մարդիկ, իրար հրելով, ապացուցեն, թե ով է կարող ընտրություններից հետո այդ հարցերը լուծել։ Ես այդ մոտեցումը սխալ եմ համարում։ Իսկ նման դեպքերում երբ ասում ենք՝ «համախմբում, մոբիլիզացիա իրականացնել», ողջ հայ ազգի դրական ներուժը կենտրոնացնելու համար համախմբում է պետք։ Եվ դրա շուրջ էլ գնահատականները սխալ են, որովհետև ոմանք հասկանում են, որ իրենք են մաքուր, կարող ուժն ու մյուսներին պետք է մեկուսացնել հասարակությունից։ Մյուսները կարծում են, որ մյուսներից ավելի լավն են և իրենք պետք է սրանից հետո միանձնյա իշխանություն ձևավորեն, որ այդ խնդիրը լուծվի։ Մասնավորպես կա ինչ-որ ռեսուրս, որը կենտրոնացած է մի խմբի ձեռքին։ «Այ ինչպե՞ս անել, որ այդ կենտրոնացնող, բևեռացնող ֆակտորն այդ խմբի միջից վերացնել» և, ասենք, «մաքուր հատվածը կենտրոնացնել ընհանուր ազգային ներուժի մեջ», այդպիսի առաջարկներ ես համենայնդեպս քիչ եմ տեսնում։
- Իսկ սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիա պարտադրելով Ադրբեջանն ի՞նչ է ուզում լուծել։ Արդյո՞ք փորձում է նաև Արցախի հարցը լուծել իր օգտին։
- Այստեղ, ճիշտն ասած, միջազգային ստանդարտների համեմատ հերթականության շատ կոպիտ խախտում է արվում։ Մնացածի մասին ավելորդ էլ է խոսել։ Խնդիրն այն է, որ սահմանների ճշտում, սահմանազատում իրականացվում է, երբ երկու երկրներն իրար հետ պայմանագրային հարաբերություններ և դիվանագիտական հարաբերություններ ունեն։ Իսկ հրադադարի պայմաններում իրականացվում են հրադադարի հետ կապված խնդիրները, այլ ոչ թե այն տարածքներում, որտեղ ընդհանրապես ընդհարումներ չեն եղել։ Ու բերում են ու փորձում են սահմաններ գծել, որն ավելի է մեծացնում լարումը։ Այդ ամեն ինչը տարբեր էլեմենտներ են։ Ճիշտ չէ առանձին-առանձին անդրադառնալ այս հարցերին։ Պետք է սկզբում համընդհանուր տեսակետ ձևավորել։ Իսկ ինձ համար համընդհանուր տեսակետը նա է, որ ներառյալ Արցախը, Հայաստանի Հանրապետությունը ենթարկվում է միջազգային օրենքներին՝ հակառակ ռազմական ճնշումների։ Կոպիտ ուժի սպառնալիքով փորձում են ազդել մեր ինքնիշխանության և ընդհանրապես մեր գոյության վրա։ Եվ դա նոր չի սկսվել, առնվազն 100 տարի ընթանում է այդ գործընթացն այն բանից հետո, երբ որ աշխարհն իր մարդասիրական սկզբունքների վրա որևէ կերպ ձևակերպել է միջազգային համակեցության կանոններ։ Նկատի ունեմ Ազգերի լիգան և դրան հաջորդող ՄԱԿ-ն իր կանոնադրությամբ։
- Կարծիքներ կան, որ այս իրավիճակում (որ Ադրբեջանը փորձում է դեմարկացիա, դելիմիտացիա պարտադրել) պետք է դիմել, օրինակ, ՄԱԿ կամ ԵԱՀԿ։ Հայաստանը պե՞տք է դիմի այդ կառույցներին։
- Տեսեք, Դուք Ձեր հարցով էլի տարանջատում եք իմ ասածը ՄԱԿ կամ ԵԱՀԿ դիմելուց։ Մենք, որ դիմում ենք, չենք դիմում ԵԱՀԿ, ՄԱԿ՝ որպես անդեմ սուբյեկտների, մենք դիմում ենք ԵԱՀԿ, այդ թվում՝ նաև Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին, մենք դիմում ենք նրանց՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտների և միջազգային իրավունքի երաշխավորների։ Որովհետև այդ բոլոր սուբյեկտները ստեղծված են, որպեսզի միջազգային իրավունքն իրականացնեն Երկիր մոլորակի վրա։ Երբ որ լսում եմ «խաղի կանոններ», միանգամից գողական աշխարհ եմ պատկերացնում, որտեղ գործում են ոչ թե օրենքներ, այլ ինչ-որ հարաբերություններ՝ ուժի կամ ուժի այլ տեսակների վրա հիմնված։ Միջազգային իրավունքը փոքր ազգերի համար ամենակարևոր հենարանն է։ Անկախ նրանից, թե որքանով է լավ գործում կամ վատ գործում։ Բայց մենք 30 տարի հրաժարվել ենք միջագային իրավունքի այն կարևոր նորմից, որ ազատագրված Արցախն արդեն Հայաստանի մաս է, այլ ոչ թե մի չճանաչված անտեր հողատարածք, որի բնակչությանը կարելի է խղճալ կամ կարելի է հասնել օգնության միայն այն դեպքում, երբ արդեն սպանում են կամ ոչնչացնում՝ այն էլ արգելված զենքերի միջոցով։ Իմ խորին համոզմունքն է, հատկապես եթե պետք է ընտրություններ լինեն, մեր հասարակությունը պետք է այնքան գիտակցություն ցուցաբերի, որ բոլոր կողմերին, ովքեր ակտիվ քաղաքականությանն են մասնակցում, ստիպի ուղղակի մոռանալ այդ գողական տերմինները և արտաքին աշխարհի մասին խոսել միայն միջազգային իրավունքի դիրքերից։ Իսկ ներքին հարաբերությունները խայտառակ վիճակի են։ Այդտեղ բարոյականության հիմքերն այնքան են խարխլված, որ արդեն ավելորդ է դրա մասին խոսել։ Դրա մասին առավելևս հրապարակային խոսելը ես հարմար չեմ գտնում, որովհետև մենք մեզ խայտառակ ենք անում ամբողջ աշխարհի առջև։