Մեր տեղեկություններով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի մի քանի աշխատակիցների ազատել են աշխատանքից՝ առանց սեփական դիմումի համաձայն: Աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը իրենց աշխատանքից ազատել է քաղաքական հայացքների պատճառով. «Մենք երկար տարիներ աշխատել ենք, եւ մեր աշխատանքի մեջ չենք թերացել, հիմա առանց ազատման դիմում գրելու մեզ աշխատանքից ազատել են: Ամիսներ առաջ աշխատանքից ազատեցին «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին ու փոխտնօրենին: Կարճ ասած՝ այնքան դավադիտ արեցին, ստիպված դիմում գրեցին, գնացին: 1 ամիս առաջ էլ մեզ ասացին դիմում գրեք, ազատվեք աշխատանքից: Դիմում չենք գրել, բայց աշխատանքից ազատեցին: Մեր նորանշանակ տնօրենի պաշտոնակատարն Աբովյան քաղաքից է, նախկինում Աբովյանի ԲԿ-ներից մեկում անվտանգության աշխատկից է եղել, անտառտնտեսության հետ կապ չունեցող մեկին բերել դրել են տնօրեն, ով անգամ ծառերը իրարից չի տարբերում: Իր թեթեւ ձեռքով էլ մեզ աշխատանքից ազատեցին, թե ի՞նչ հիմքով, մենք էլ չգիտենք»:
«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ժ/պ Հովհաննես Աբրահամյանից հետաքրքվեցինք, թե ի՞նչ հիմքով են աշխատակիցներին ազատել աշխատաքից. «Դրա համար դուք զանգահարեք «Հայանտառ» -ի իրավաբանական բաժին, ավելի մանրամասն իրավաբանները կբացատրեն, որովհետեւ ես մասնագիտությամբ իրավաբան չեմ: Ես չեմ ազատում աշխատանքից, մեր մասնաճյուղը իրավաբանական անձը չի, որ որոշի՝ ազատի աշխատանքից, թե՞ ոչ: Մենք միջնորդում ենք, որ ազատեն աշխատանքից: Այստեղից «Հայանտառ» գնում է ապօրինի ծառահատումների արձանագրությունները, իրենք էլ կարող են որոշել եւ ազատել:
-Դո՞ւք եք միջնորդել, որ անտառապահին ազատեն աշխատանքից
-Այո՛:
-Պատճառ եղել է ապօրինի ծառահատումնե՞րը:
-Պատճառը եղել է ոչ պատշաճ աշխատանք կատարելը, իր պարտականությունների մեջ թերանալը:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանին հարցրինք՝ թե ի՞նչ հիմքով են աշխատակիցներին ազատել աշխատաքից. «Գրավոր գրեք, մենք գրավոր կներկայացնենք, մանրամասն կբացատրենք: Մինչ աշխատանքից ազատելը, նկատողություն են ստացել: Անպայման աշխատանքային օրենսգրքի բոլոր դրույթները պահպանվել են, ստացել են նկատողություն ապօրինի ծառահատումների հետ կախված:
-Պարոն Ցուգունյան, ասում եք ապօրինի ծառահատումներ են եղել, դրա հետ կապված քրեական գործ հարուցվե՞լ է:
-Օրենքի սահմաններում մենք ուղարկել ենք տեսչական եւ ոստիկանություն, թե ինչ ա կատարվել ոստիկանությունում, դա արդեն իրենց խնդիրն ա:
-Որքա՞ն վնաս են տվել պետությանը:
-Մենք ծառերի քանակը կարող ենք ասել, բայց չենք կարող վնասը գնահատել, մենք գնահատող ֆիրմա չենք:
-Իսկ քանի՞ ծառ է հատվել:
-Ես դեպքով չեմ հիշում, չեմ կարող ասել: Կարգը այսպես է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-Ը ունի գարնանային եւ աշնանային ստուգումներ: Գարնան ստուգումների հիման վրա հայտնաբերվել է ծառահատումներ, որը անտառապահը պարտավոր էր արձանագրել, չի արձանագրել: Մասնաճյուղի տնօրենը իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից, իսկ մնացածին ազատել եմ աշխատանքից առանց իրենց դիմումի համաձայն, օրենքի սահմաներում:
-Աշխատակիցները նշում են, որ աշխատանքից ազատել եք քաղաքական հայացքների պատճառով:
-Իրենց մոտ ապօրինի ծառահատումներ շատ է եղել, դրանից էլ ազատել եմ աշխատանքից: Եթե մեկ այլ աշխատակից իր աշխատանքում չի թերանում, ես ո՞նց ազատեմ աշխատանքից: Ստեղ անձնավորած խնդիր չի, իրենք էլ շատ լավ գիտեն, եթե քաղաքական լիներ, մինչեւ ընտրությունները կազատվեին աշխատանքից: Անկախ նրանից, կլինի անտառապահ, թե բանվոր, ով պարտականությունները թերի է կատարում, տանում են քաղաքական դաշտ: Չգիտես, ինչի ա մեր հանրության մեջ սա դառել սիմվոլ: Ասենք՝ անտառապահի ազատման հարցը ինչ քաղաքական կարող է լինել: