Երբ նախկինների օրոք հակակոռուպցիոն մեր կազմակերպությունում որևէ հանդիպմանը տնտեսագետ հրավիրելու կարիք էր լինում՝ Վահագն Խաչատրյանի անունը տալիս էի այն ժամանակ, երբ այլ անձ չէր մնում: Չնայած նա եղել էր Երևանի քաղաքապետ, իսկ հետո ԱԺ պատգամավոր, վերջում էլ ՀՀ առաջին նախագահի խորհրդական՝ եթադրաբար տնտեսության գծով, բայց ոչնչով աչքի չէր ընկնում՝ եթե չհաշվենք հասակը: Ո՛չ խորախորհուրդ մտքերով ու գաղափարներով, ո՛չ բագրատյանական գիտելիքներով կամ միջազգային փորձի իմացությամբ: Նրա խոսքը միօրինակ էր ու տրաֆարետային: Երեքուկես տարի ՀՀ նախագահի պաշտոնում էլ վերջինս աչքի է ընկել ընդամենը շառից ու փորձանքից հեռու լինելու մտայնությամբ ու ՀՀ պետական բյուջեի հաշվին անիմաստ շրջագայություններով: Հա, չմոռանամ, մեկ էլ Եղիսաբեթ Բ թագուհու թաղման արարողոթյան ժամանակ սելֆի անելով:
Ինչևէ, ՀՀ նախագահի պաշտոնում Խաչատրյանից Խաչատուրյանի վերածված այդ պարոնը օրերս հարցազրույց է տվել ռուս-ամերիկյան մասնավոր RTVI լրատվականին: Ինչի մասին, ի դեպ, ոչինչ գրված չէ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: Հարցազրույցի բովանդակությանը կարելի է ծանոթանալ «https://news.am/arm/news/904061.html» լրատվական կայքում: Դրանում արտահայտված մտքերը դիտարկելը ցույց է տալիս, որ մտավոր առումով ոչինչ չի փոխվել: Որովհետև եթե նախկինում կրկնում էր ՀՀ առաջին նախագահի գաղափարները, հիմա կրկնում է վարչապետինը: Սակայն, այնուամենայնիվ, մի փոքր գունազարդումով: Օրինակ այս միտքը՝ «Երևանը ցանկանում է, որ իր ռուս գործընկերները հաշվի առնեն ՀՀ իշխանությունների անկախ որոշումները»: Ու դրա, այսպես կոչված, գունազարդումը. քանի որ Երևանն ու Մոսկվան այժմ ունեն «գործընկերային հարաբերություններ, Հայաստանը դադարել է լինել Ռուսաստանի կրտսեր եղբայրը»:
Իմաստային առումով որքան մոտ է, չէ՞, 2018-ի ապրիլյան վերջին օրերի Նիկոլի խոսքին՝ թող Մոսկվայում հարմարվեն Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին: Մոսկվայում, իհարկե, հարմարվեցին, սակայն հսկայական կորուստներ կրեց Հայաստանը: Ինչպես երևում է, պարոն Խաչատուրյանը դեռևս մնացել է 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակահատվածում: Կամ դիտարկենք այս մեկը. «ՀՀ իշխանությունները իրենք պետք է որոշեն, թե ում հետ, ինչպես առևտուր անել, աշխատել և դիվանագիտական հարաբերություններ ունենալ»։ Դա այդպես է, քանի որ, ըստ դատողության հեղինակի, «ՀՀ իշխանություններն աշխատում են ՀՀ բնակիչների համար, նրանց բարեկեցության և բարգավաճման համար»:
Ստացվում է, որ եթե իշխանությունները չաշխատեին ՀՀ բնակիչների համար, ապա նրանց փոխարեն այդ հարցերը պետք է որոշեին, ենթադրաբար, ՌԴ-ի իշխանությունները: Անկեղծ ասած, նման պատճառա-հետևանքային կապի առաջին անգամ եմ հանդիպում: Չնայած Նիկոլի գործունեությունը դիտարկողը չէր ասի, որ ինքն աշխատում է ոչ թե սեփական իշխանության պահպանման, այլ ՀՀ շարքային քաղաքացիների բարեկեցության համար: Այսինքն, ինձ նման թոշակառուների համար, ովքեր, ծախսային մասի «քաշբակով» հանդերձ, ստանում են մինչև 50 հազար դրամի թոշակ:
Բայց պարոն Խաչատուրյանի մտավոր գլուխգործոցը, կարծում եմ, այն դատողությունն է, որ չնայած Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից, բայց վերջինս նույնպես տնտեսապես կախված է հանրապետությունից։ Պատկերացնո՞ւմ եք՝ ՌԴ-ի տնտեսությունը կախված է հայաստանյան միրգ ու բանջարեղենից՝ թարմ կամ վերամշակված, հայկական կոշիկներից, ՌԴ-ից ներկրված, վերամշակված ու արտահանված ադամանդեղենից ու ոսկեղենից (դրանց ճանապարհը կարծես թե փակվեց), հարավային կամ արևմտյան երկրներից ներմուծված ու արտահանված էլեկտրոնիկայից, մեքենաներից ու բջջային հեռախոսներից: Ընդ որում, չմոռանանք, որ ներկրում-արտահանում շղթայում Հայաստանն ունի բազմաթիվ մրցակից երկրներ: Չգիտես՝ այդ մարդը գիտակցո՞ւմ է սեփական խոսքերի իմաստը, թե՞ ոչ:
Ինչ մնում է պարոն Խաչատուրյանի հիշատակած՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, ապա դա մնում է ուժի մեջ: Որպեսզի հասկանալի լինի իր ասածը, ՌԴ փոխվարչապետը, հիշեցնեմ,ավելացրել էր՝ «հնարավոր չէ նստել»: Գրագետ անձանց համար գաղտնիք չէ, որ Վերին Լարսի սահմանային անցումում հայկական բեռնատարների առջև արհեստականորեն ստեղծվող խոչընդոտները հենց երկու աթոռի վրա նստելու անհնարինության դրսևորումներն են: Ուրիշ հարց, որ ՀՀ նախագահի պաշտոնին նշանակված անձը նման բաները չի տեսնում կամ չի գիտակցում: Երևի դրան նպաստում է այն հանգամանքը, որ Եվրամիությանը միանալու գործընթացը դեռևս պասիվ վիճակում է: Ու այդ պատճառով էլ ռուսական ճնշումները դեռևս չեն հասել այն մակարդակին, որպեսզի իշխանության վերին օղակներում գտնվողներն իրենց բարձրությունից դա տեսնեն ու հասկանան, որ բռնել են գրավոր պայմանավորվածությունները խախտելու ուղին: