ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը մեկ ամսվա ընթացքում երկու պաշտոնական հայտարարություն է անում՝ Հայաստանում ամերիկյան ազդեցության ու դրա հնարավոր հետեւանքների մասին:
Նախ, նոյեմբերի 7-ին ՌԴ ԱՀԾ-ն հայտարարել էր, թե Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության», իսկ նախօրեին արդեն ավելի բաց խոսեց․ «Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալյանի Հայաստանի եվրոպական կուսակցությունը եւ Լեւոն Շիրինյանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունն «ամերիկյան կամակատարներ են»»:
Ըստ ԱՀԾ հաղորդագրության, ԱՄՆ Պետդեպը, որպեսզի թույլ չտա, որ «Երեւանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից», ելքը տեսնում է «Հայաստանում գործող «անբավարար վստահելի» իշխանություններին իրենց կամակատարներով «ուժեղացնելու» մեջ»։ ՌԴ ԱՀԾ-ն ուղիղ ասում է, որ ԱՄՆ-ն սկսել է «Հայաստանում արեւմտամետ կուսակցությունների «առաջմղումը»՝ 2026 թ. ընտրություններում նրանց խորհրդարան մտցնելու նպատակով», որոնց «տրված է Հայաստանի գործադիր իշխանության «ձեռքերին հարվածելու» խնդիրը, եթե նա, հետեւելով հարեւան Վրաստանի կառավարության օրինակին, մտադրվի առաջնահերթություն տալ ազգային օբյեկտիվ շահերին, ավանդույթներին եւ արժեքներին»:
Որ դեպի Արեւմուտք դիրքավորված հիշյալ մարդ-կուսակցությունները Փաշինյանի իշխանության սատելիտներն են ու հլու կատարում են արտախորհրդարանական «ընդդիմության» իրենց դերը, նորություն չէ: Ժամանակին նրանց մի մասի հետ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերի հարթակ էր ձեւավորել, որի միջոցով 2021 թ. արտահերթ ընտրություններից հետո փորձում էր լայն հանրային կոնսոլիդացիայի շոու բեմադրել: ՌԴ ԱՀԾ հայտարարությունը, ըստ էության, 2 բան է արձանագրում. Հայաստանում արդեն նախընտրական նախապատրաստություններ են, ու այդ գործընթացն առանց Արեւմուտք-Ռուսաստան գլոբալ հակամարտության տեղային դրսեւորումների չի անցնելու: Եվ սա նախազգուշացում է՝ ուղղված Փաշինյանի իշխանությանը, այն մասին, որ Մոսկվան հետեւում է, տեսնում է, տեղյակ է հնարավոր կոնֆիգուրացիաներից:
Հայ կառուցողական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանին հարցրինք՝ ինչպե՞ս է ստացվել, որ ՌԴ ԱՀԾ հաղորդագրության տեքստում իր կուսակցության անունը չկա, չէ՞ որ իրենք էլ են պրոարեւմտյան համարվում: «ԱՄՆ-ի տեսանկյունից Հայ կառուցողական կուսակցությունը չի հանդիսանում եվրոպամետ ուժ, այս մասին ես բազմիցս ասել եմ: Որ ԱՄՆ դեսպանատունն անձամբ իմ եւ Հայ կառուցողական կուսակցության նկատմամբ որոշակի հեռավորություն է պահում, փաստում է այն, որ մեզ երբեք չեն հրավիրում այն միջոցառումներին, ինչպիսին է, օրինակ, ԱՄՆ Անկախության օրը: Մեր կուսակցության պլատֆորմը չի ենթադրում որեւէ ուժի նկատմամբ հպատակություն, եւ մենք գործում ենք անկախ ե՛ւ ռուսական, ե՛ւ եվրոպական, ե՛ւ ամերիկյան կառավարման կենտրոններից, դրա համար բոլորի համար հանդիսանում ենք օտար ուժ»,- բացատրում է Ղուկասյանը: Իսկ ՌԴ ԱՀԾ հաղորդագրությունը, ըստ «Հրապարակ»-ի զրուցակցի, վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ կապված ծրագիր ունի՝ հեռահար նպատակ՝ Հայաստանը բերել ԵՄ կազմ եւ Հայաստանի հետ կնքել ռազմավարական համագործակցության պայմանագիր՝ կոմպենսացնելով ՀՀ-ՌԴ ռազմական պայմանագրերի խզումը, ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալը:
«Այդ մասին մանրամասն գրված է 2022թ․ մայիսին հրապարակված Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության փաստաթղթում, այնտեղ նկարագրված է, թե ինչ խնդիրներ է իր առջեւ դնում ԱՄՆ-ն: Սա նոր քաղաքականություն չէ, եւ հիմա կարելի է ասել, որ ՌԴ հետախուզական ծառայությունը հերքեց Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ Հայաստանը ոչ ոքի պետք չէ: Հայաստանն ունի առաջարկներ ե՛ւ ԱՄՆ-ից, ե՛ւ ԵՄ-ից, եւ այդ առաջարկներն աշխարհաքաղաքական դիրքավորման հետ են կապված»,- ասում է Ղուկասյանը, որի համոզմամբ, Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հայտարարեց, որ կատարելու է այն, ինչը խոսք է տվել, թեեւ չասաց՝ ինչ է խոսք տվել:
Մեր զրուցակիցն ասում է՝ ուժային կենտրոններն ավանդաբար աշխատում են իշխող ուժի հետ: Խորհրդարանական ընդդիմության հետ աշխատում է ռուսական բեւեռը, իսկ ամերիկյան կողմն ու ԵՄ-ն՝ ՌԴ ԱՀԾ հաղորդագրության մեջ հիշատակված ուժերի դաշինքի: «Խոսքը գնում է այն մասին, որ 2026 թ․ ընտրություններում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ցանկությունն է, որ ընդլայնվի իրենց գործընկեր ուժերի ներկայությունը, եւ նվազի «Հայաստան» դաշինքի եւ ՀՀԿ-ի դերակատարումը: Ասել, որ դա բացահայտում է՝ ոչ, որովհետեւ կուլուարներում այդ մասին խոսում են արդեն կես տարի: Համարենք, որ ՌԴ ԱՀԾ-ն կադաստրի թուղթ տվեց այն մասին, որ այդ 4 կուսակցությունները հանդիսանում են արեւմտամետ Հայաստանում»,- ասում է Ղուկասյանը՝ հավելելով, որ ՔՊ-ական իշխանությունը եւս Արամ Սարգսյանի «Հանրապետությանն» ու մյուսներին դիտարկում է որպես գործընկեր, այսպես ասած, կառուցողական ընդդիմություն, որին կցանկանար տեսնել ԱԺ-ում:
Անդրիաս Ղուկասյանը նաեւ շեշտում է՝ իր համոզմամբ, ՔՊ-ական իշխանությունը թուրքամետ քաղաքականություն է վարում, իսկ Փաշինյանը թուրքամետ գործիչ է: «Դա այդ կուսակցության եւ իր ղեկավարի գաղափարախոսության գլխավոր կետն է, դա փաստ է: Տարածել դա Արամ Սարգսյանի եւ մյուս ուժերի վրա, իրականում, հիմք չեմ տեսնում, բայցեւ քննադատությունը մեծ է այդ ուժերի նկատմամբ, որոնց հաճախ անվանում են եվրանիկոլական` հենց նրա համար, որ իրենք համագործակցում են իշխանության հետ: «Հանրապետություն» կուսակցությունը, ըստ էության, Երեւանում իշխող կոալիցիայի անդամ է: Շատերն այս հանգամանքը թերագնահատում են, որովհետեւ, եթե նա դուրս գա կոալիցիայից, դա մեծ հարված կարող է լինել իշխող ուժի համար: Այսինքն, թուրքամետ ՔՊ-ի եւ ՌԴ ԱՀԾ-ի նշած արեւմտամետ ուժերի փոխկապակցվածությունն ակնհայտ է: Իրենք ունեն համագործակցության եզրեր եւ որոշ կետերում տարաձայնություններ, որոնք այս փուլում հաղթահարելի են, այսինքն՝ Փաշինյանի թրքամետությունը Սարգսյանի համար այն կարմիր գիծը չէ, որը բացառում է համագործակցությունը»,- նշում է Ղուկասյանը՝ հավելելով, որ այդ ուժերի համար առաջիկա ընտրություններում նիշա է բացվում՝ ԱԺ ընդդիմությունից հասարակության հիասթափության ու իշխող ՔՊ-ի նվազող վարկանիշի ֆոնին:
Քաղաքագետ Արման Աբովյանն ասում է՝ ուժերը, որոնք հիշատակվում են ՌԴ ԱՀԾ հայտարարության մեջ, ոչ թե եվրոպամետ, այլ՝ փաշինյանամետ են, եւ այդ հայտարարությամբ ռուսական կողմն ասում է այն, ինչի մասին հայաստանյան վերլուծական շրջանակները 2 տարի շարունակ բղավում են: «Ձեւավորվում է արհեստածին, թրքամետ, իբր քաղաքական ընդդիմադիր դաշտ: Այն անունները, որոնք հնչեցվել են, գուցե Արեւմուտքի հետ կապ ունեն ֆինանսավորման մասով, բայց կարծում եմ, դրանք ձեռնտու են ե՛ւ Արեւմուտքին, ե՛ւ թուրքերին, ավելի շատ՝ թուրքերին: Ռուսներն էլ, ամերիկացիներն էլ հասկանում են, որ այս իշխանության հիմնական նպատակն իր իշխանությունը պահպանելն է, հետեւաբար, այսպես կոչված, պսեւդոարեւմտամետներին բերելը նաեւ ապահովելու է իրենց իշխանության ամրապնդումը»,- կարծում է քաղաքագետը՝ շեշտելով, որ խոսքն իշխանական պրոյեկտների մասին է: Ըստ նրա, Արեւմուտքի նպատակը Հայաստան-Թուրքիա սերտացումն է, որն իրականում նշանակելու է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանի կլանում, եւ Ռուսաստանը հասկանում է, որ ՀՀ պետականության ֆիզիկական ապամոնտաժումից հետո տարածաշրջանում, Թուրքիայի միջոցով, ամրապնդվելու են Արեւմուտքի դիրքերը, ինչը թուլացնելու է իր եւ Իրանի դիրքերը:
«Այս կուսակցությունները, օրինակ, կարծիք հայտնեցի՞ն Փաշինյանի վերջին հայտարարության վերաբերյալ, որով նա մեկնարկ տվեց հայկական հանրային դաշտում, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջան կոնցեպտի հնչեցմանը»,- հարցնում է քաղաքագետը: Իսկ այն, թե իշխանությունը հակառուսական գիծը վերջին շրջանում որոշ չափով չի՞ մեղմացրել` գործնականում ընդդեմ Մոսկվայի կտրուկ քայլեր չեն անում, Աբովյանի կարծիքով, պարզապես գործում է իշխանության ինքնապահպանման բնազդը՝ ՌԴ-ն տնտեսական, քաղաքական ու ռազմական առումով հաջողություններ է գրանցում:
«Փորձում են մանեւրել, բայց դա այնքան պրիմիտիվ է: Իրենք շատ լավ հասկանում են, որ երբ Ռուսաստանը թեթեւանա ուկրաինական ուղղությունից, իր հայացքն ուղղելու է այստեղ»,-շեշտում է նա՝ նկատելով, որ ԱՀԾ մակարդակով նման հայտարարությունը ցուցիչ է առ այն, որ Հայաստանը, այնուամենայնիվ, Ռուսաստանի ուշադրության կիզակետում է, ու ՀՀ իշխանության բոլոր խաղերը չեն վրիպում նրա աչքից:
Ինչ վերաբերում է հարցին, թե այս հայտարարությունը չի՞ կարող ընկալվել որպես հայաստանյան քաղաքական պրոցեսների վրա ազդելու փորձ, քաղաքագետն ասում է՝ դա կլիներ, եթե որոշակի քայլերի մասին խոսք գնար, իսկ այս դեպքում Մոսկվան ասում է՝ մենք գիտենք, մենք հետեւում ենք: