Քաղաքականություն

Արթիկում մտահոգ են․ համայնքապետարանը պատրաստվում է անակնկալ քա՞յլ անել

Արթիկում մտահոգ են․ համայնքապետարանը պատրաստվում է անակնկալ քա՞յլ անել

Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչների կողմից Hraparak.am-ը ահազանգ է ստացել, որ քաղաքում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Արթիկի համայնքապետարանը վերականգնման պատրվակով հայրենական մեծ պատերազմին նվիրված քաղաքի  զբոսայգիներից մեկում  տեղադրված հուշարձանը  պատրաստվում է հանել, այն էլ՝  հաղթանակի 80-ամյակին ընդառաջ։

Մեզ ահազանգած քաղաքացիների խոսքերով՝ լուրեր են պտտվում, որ մինչև մայիսի 9-ը, հուշարձանը քաղաքապետարանի նախաձեռնությամբ տարվելու է մեկ այլ՝ անտեսված  վայր, եւ ըստ տեղեկությունների, հուշարձանը կտեղափոխվի  այնտեղ, որտեղ այժմ դրված է Վլադիմիր Լենինի արձանից մնացած ոտքերը։ Ըստ մեզ ահազանգած բնակիչների՝ ներկայիս իշխանությունն այս քայլով փորձելու է ջնջել ԽՍՀՄ-ից մնացած բոլոր հետքերը, հերթական անգամ ցույց տալու, որ ՌԴ-ի հետ բարեկամական կապերն ամրապնդելու առանձնակի ցանկություն չունի։

Որքանով են խոսակցություններն իրական, փորձեցինք պարզել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանից։ «Նման բան չկա, ձեզանից եմ լսում։ Մենք հիմա բարերար ենք փնտրում, որ զբոսայգիները կանաչապատեն։ Մեր երեխաները բարեկարգ այգիներում խաղան,արձան  ապամոնտաժելն այդքան հեշտ չէ, նախ հանրային լսում պետք է հրավիրվի, մարդկանց կարծիքը հաշվի առնենք, հետո որոշումը դնենք քննարկման։ Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց բոլոր դանդաղ մտածելակերպով մարդկանց ասում եմ, որ եթե մենք որևէ բան նախաձեռնում ենք, նախապես ուղղվածությունն ու նպատակը նշում ենք։ Բոլոր պետական միջոցառումներն էլ մենք մեծ շուքով նշել ենք։Իսկ նրանք, ովքեր դժգոհություն ունեն, խնդրում եմ՝ իրենց հարցրեք՝ առիթներին մի ծաղիկ դրած կա՞ն հուշակոթողներին »,- Hraparak.am-ին ասաց Արթիկի համայնքապետը ։

Ուշագրավ է, որ թեմային առնչվող այսօր իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է արել նաև գյումրեցի արվեստագետ, Քանդակագործության ազգային պարկ թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանը․

«Համայնքների ղեկավարներ, Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանների մասին պաթետիկ բաներ չեմ ասելու։ Խնդրում եմ ուշադիր լինել ու թույլ չտալ որևէ ոտնձգություն։
National Sculptural park museum քանդակագործության ազգային պարկ թանգարան- ը թույլ չի տա, որ որևէ պատմական հուշարձան խեղափոխվի կամ տեղափոխվի իր տարածքից։
Հուշարձանի կամ այլ մասով միշտ փորձում եմ զգուշացնել- հորդորել, որ ձեռք չտան։
Առավոտվանից անում եմ ու կանեմ, բայց ձեռք տվողը չմոռանա։
Ոչ մի թեմա փակ չէ։
Ոչ վնասված որմնանկարներինը, ոչ արձաններինը ու չի փակվելու։
Հազար հատ որոշում բերեք, կառավարության որոշում բերեք, կգա ուրիշ կառավարություն, արդարությունը կվերականգնվի։
Իսկ ավելի լավ է, որ մասնագետ փորձագետների դիմեք ու լսեք մասնագետի կարծիքը»,-գրել է արվեստագետը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image