Հասարակություն

Ինչ «տարօրինակ հանգամանքներ» կան Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մեջ

Ինչ «տարօրինակ հանգամանքներ» կան Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մեջ

Մասնագետներն արդեն իսկ արձանագրել են մի շարք «տարօրինակ հանգամանքներ», որոնք տեղ են գտել Իսրայել պետության վրա ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման ընթացքում։ Այս հանգամանքներից յուրաքանչյուրն, ըստ ռազմական փորձագետների, կարեւոր է։ Կարեւոր է նաեւ՝ դրանք դիտարկել ամբողջության մեջ, ընդհանուր պատկերացում կազմելու համար, թե ինչ է տեղի ունեցել Մերձավոր Արեւելքի էսկալացիայի սկզբում։ 

•  Որքան էլ կարող է զարմանալի թվալ, սակայն ինքն իրեն ռեգիոնալ տերություն համարող Իսրայելը չի կարողացել իր ունեցած ողջ ուժային համակարգով եւ հատուկ ծառայություններով հանդերձ, նախապես իմանալ կազմակերպվելիք կամ նախապատրաստվող հարձակման մասին։ Գազայի սեկտորը ընդամենը 365 քառ կմ մակերես ընդգրկող տարածք է եւ համարվում էր, որ այդտեղ իսրայելական հատուկ ծառայություններն իրականացնում են գաղտնալսում, գաղտնի հետապնդում, տեսադիտարկում եւ այլն։ Սակայն պարզվեց, որ ամենեւին էլ այդպես չի եղել։ Ենթադրվում է, որ ՀԱՄԱՍ-ը կարողացել է մշակել կոորդինացիայի եւ կապի համար մի համակարգ, որը բացառել է էլեկտրոնային կոնտակտը եւ պաղեստինցիներին հաջողվել է ինչ որ կերպ ամեն բան իսրայելական հետախուզության աչքից հեռու պահել։ 

• Իսրայելը չի կարողացել կանխել հարձակումը։ Իսրայելական տարածքի եւ հսկիչ անցագրային կետերի վրա հարձակումից ոչ շատ առաջ ՀԱՄԱՍ-ը ամսի 7-ին կարողացել է կազմակերպված կերպով իր հենակետերում տեղակայել РСЗО համակարգեր, ցամաքային ուժեր, պարապլաններ եւ այլ տեխնիկա։ Նախապատրաստական ողջ ընթացքն ու առաջին քայլերը իսրայելական բանակի կողմից աննկատ է մնացել եւ վերջիններս պրեվենտային հարվածներ չեն հասցրել կանխելու համար այժմյան էսկալացիան։

• Սահմանային ազդանշանային համակարգը չի գործել։ Իսրայելը Գազայի սեկտորի հետ իր սահմանագիծը կառուցելու եւ կահավորելու համար միլիարդավոր դոլարներ է ծախսել, որը պետք է ենթադրեր, որ ամենափոքր սահմանային տեղաշարժերի դեպքում նույնիսկ պետք է ազդանշանային համակարգ գործեր։ Սակայն պարզվեց, որ այդ ամենն արդյունավետ չեն եղել։ Բազմաթիվ տեսախցիկները, սենսորները չեն օգնել, որպեսզի ժամանակին հնարավոր լիներ արձանագրել պաղեստինցի զինյալների տեղաշարժը։ Նույնպես անարդյունավետ է եղել զինվորական պահակախմբերի տեղակայումը սահմանագոտում։ Այս ամենի արդյունքում հարյուրավոր զինվորներ զոհվել են ՀԱՄԱՍ-ի հարվածներից՝ հենց զորանոցներում քնած ժամանակ։ 

• ՀԱՄԱՍ-ի տակտիկան․ Ի հեճուկս տարածված կարծիքի, այս անգամ ՀԱՄԱՍ-ի զինյալները չեն շրջանցել իսրայելական զինուժի ամրացված հենակայաններն ու բազաները, այլ ագրեսիվ կերպով հարձակվել եւ գրավել են դրանք, ինչպես որ արել են հսկիչ անցագրային կետերը կամ բազանեը, որտեղ իսրայելական բանակի զինտեխնիկան է եղել։ Ընդ որում, տանկեր գրոհայինները չեն կիրառել, ամենայն հավանականությամբ դրանք կառավարել չկարողանալու կամ էլ դրանց կիրառման անհրաժեշտությունը չտեսնելու պատճառով։ 

• Մասնագետներին զարմացրել է նաեւ ՀԱՄԱՍ-ի զինտեխնիկայի մակարդակն ու կիրառողների պատրաստվածությունը։ Նրանք կարողացել են ոչնչացնել իսրայելական «փառապանծ» Merkava Mk.4-ը օդից հարված հասցնելով եւ պարզվել է, որ երկինքը իսրայելական բանակի համար սկզբնական ժամերին ամենից անպաշտպան տարածքն է եղել։ Մյուս կողմից, կարելի է ենթադրել, որ իսրայելցի տանկիստները չափազանց վստահ են եղել, որ իրենց վրա հարձակում չի լինի եւ անվտանգային որոշ համակարգեր անջատած են եղել, կարծելով, որ միայն տանկի տեղաշարժով կվախեցնեն զինյալներին եւ վերջ։

Կան նաեւ այլ «տարօրինակ հանգամանքներ», սակայն մասնագետներն առայժմ այսքանն են առանձնացնում։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image