Քաղաքականություն

Գլոբալիզմի ավարտը. Թրամփը՝ նոր արժեհամակարգի օրենսդիր

Գլոբալիզմի ավարտը. Թրամփը՝ նոր արժեհամակարգի օրենսդիր

ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից անմիջապես հետո գործնական քայլերով սկսեց տրված խոստումների ու իր ուղերձում հնչեցրած մտքերի իրականացումը։ Նա անմիջապես մի քանի հրամանագիր ստորագրեց, որոնք առավելապես սոցիալ-տնտեսական ու արժեքաբանական տիրույթում են։ Պաշտոնավարումից չորս տարի անց իշխանության վերադարձած Թրամփը, որ հայտնի է քաղաքականության մեջ բիզնես մոտեցմամբ ու անկանխատեսելի քայլերով, ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ համաշխարհային մակարդակով ազդարարեց նոր ժամանակաշրջանի մեկնարկը` «Նախեւառաջ՝ Ամերիկան» կարգախոսով, եւ խոստացավ վերականգնել երկրի հզորությունն ու հեղինակությունը։ Նրա ուղերձների շեշտադրումները հասկանալու համար պետք է վերլուծել, թե ինչ հանգամանքներում Թրամփին հաջողվեց իշխանության վերադառնալ, եւ ինչը ստիպեց ամերիկյան հասարակությանը՝ մերժել դեմոկրատներին։

«Ի տարբերություն շատ հասարակությունների, ամերիկյան հասարակությունը, գերակշիռ մեծամասնությամբ, քաղաքականացված չէ, եւ հասարակայնության շարժիչ ուժը տնտեսությունն է, ինչն ազդեցություն է ունենում ամերիկյան ընտրազանգվածի վրա։ Զուգահեռաբար, ամերիկյան եւ, ընդհանուր առմամբ, արեւմտյան հասարակությունը հայտնվել էր արժեքաբանական մի եզրագծի վրա, որտեղ սովորական հասարակ մարդիկ զգում էին արժեքային փոփոխությունների այնպիսի ազդեցություն, որը դուրս էր իրենց անձնական պատկերացումներից։ Սա համաշխարհային գլոբալիզմի, իսկ վերջին 20 տարիներին դրա արմատական, ծայրահեղական գաղափարախոսության լայնածավալ ազդեցությունն էր մշակութային, տնտեսական եւ անձնական ազատությունների վրա՝ մարդկանց ուղեղներում եւ պատկերացումներում։ Այդ գաղափարախոսության հետեւանքն էր նաեւ այն, ինչը Թրամփի եւ ոչ գլոբալիստական գաղափարախոսության մարդկանց հանգեցրել էր այնպիսի մի աբսուրդային իրավիճակի, երբ հազարամյակների ձեւավորված պատկերացումներն ու գաղափարախոսություններն ուղղակի փլվում էին, ինչը, բնականաբար, առաջացնում էր նաեւ հակազդեցություն, եւ Թրամփի ընտրությունը կապված է նաեւ այս հանգամանքի հետ»,- ասում է Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ, պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Բշտիկյանը։

Ըստ նրա, ԱՄՆ-ն համաշխարհային ազդեցություն ունեցող պետություն է, բայց, ի տարբերություն այլ օրինակների, որ ունեցել ենք պատմության ընթացքում, նրա ազդեցության հիմնական գործիքը ոչ թե զենքն է, այլ՝ փողը։ Բայդենի վարչակարգի ժամանակահատվածում ԱՄՆ ֆինանսական միջոցները զգալիորեն կրճատվել էին, հետեւաբար, թուլացել էր նաեւ Ամերիկան։ Եվ այս համատեքստում Թրամփի վարչակազմի կարգախոսը՝ Made America great again (Ամերիկան նորից հզորացնենք), բնորոշում է, թե նրա քաղաքականությունն ինչին է ուղղվելու։ «Թե՛ նախընտրական շրջանում, թե՛ իր ելույթում Թրամփը մի քանի անգամ շեշտել է՝ America first (նախեւառաջ՝ Ամերիկան): Սա, իր բոլոր դրսեւորումներով, նոր մոտեցում է` հաշվի առնելով ԱՄՆ վերջին 40-50 տարիների քաղաքական գիծը, եւ հենց սա է պահանջում ամերիկյան հասարակությունը։ Երդմնակալությունից անմիջապես հետո Թրամփի ստորագրած հրամանագրերից պարզ է դառնում, որ դրանց գերակշիռ մեծամասնությունը նախեւառաջ տնտեսական բնույթ ունի, որով նա փորձում է ապահովել ամերիկյան հարկատուների, ամերիկյան տնտեսության իրավունքները, ամերիկյան աշխարհաքաղաքական ազդեցության տնտեսական հատվածի առաջնահերթությունը։ Ամերիկյան տնտեսության պաշտպանությունը Թրամփի առաջնահերթությունն է, որից բխելու է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը։ Ամերիկան իր շահերը պաշտպանելու է՝ հաշվի առնելով իր տնտեսական կարողությունները, ամերիկյան հասարակության բարեկեցության եւ անվտանգության խնդիրները։ Անվտանգային խնդիրը, որն ուղղակիորեն զուգորդվում է միգրանտների, նարկոթրաֆիկի խնդիրների հետ, խորքում եւս տնտեսական բաղադրիչ ունի, որովհետեւ միգրանտների ընդունման կամ նրանց դեմ պայքարի համար ամերիկյան պետությունը միլիարդների ծախսեր էր անում։ Սա է պատճառը այն արմատական որոշման, որը երեկ նա ընդունեց` արտակարգ դրություն հայտարարել երկրի հարավային սահմաններին եւ նարկոկարտելները հայտարարել ահաբեկչական կազմակերպություններ։ Սա ուժեղ քայլ էր, եւ դրա հետեւանքները շատ արագ իրենց արդյունքները կտան»,- կարծում է մեր զրուցակիցը։

Թրամփի հաջորդ աղմկահարույց ուղերձը Կանադայի, Գրենլանդիայի եւ Պանամայի ջրանցքի մասին հայտարարություններն էին, որոնք նա արել էր դեռ երդմնակալությունից առաջ։ Այստեղ եւս Արտակ Բշտիկյանը տնտեսական խնդիր է արձանագրում։ Ըստ նրա, Թրամփի ասածը նշանակում է, որ ամերիկյան հարկատուների փողերը չեն ծախսվելու այլ` ոչ արդյունավետ նպատակներով, եւ ԱՄՆ-ն պաշտպանելու է իր տնտեսական եւ դրանից բխող աշխարհաքաղաքական շահը։ Այստեղ եւս Թրամփը չհապաղեց եւ երդմնակալությունից անմիջապես հետո Կանադայի եւ Մեքսիկայի նկատմամբ 25 տոկոսանոց մաքսատուրք հաստատեց։

Ամերիկյան նոր վարչակազմը միջազգային կազմակերպություններին եւ միջազգային պայմանագրերին մասնակցությանն առնչվող հրամանագրերով` ԱՀԿ-ից եւ Կլիմայի փոփոխության համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշում է կայացնում եւ համաշխարհային գործընկերներին ասում է, որ ԱՄՆ-ն այսուհետ չի լինելու վճարողի դերում եւ չի մասնակցելու այն միջոցառումներին, որոնք վնասում են իր տնտեսությանը։

«Արտաքին քաղաքականության մասով Թրամփի քաղաքականությունը եւս ընդգծված պրոամերիկյան է լինելու։ Իհարկե, մեզ համար ավելի հետաքրքրական է, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան ռուս-ամերիկյան հարաբերություններում, որից ուղղակիորեն կախված է նաեւ այն, թե ինչ զարգացումներ կլինեն մեր տարածաշրջանի եւ Հայաստանի հետ կապված, թե ԱՄՆ-ն եւ Ռուսաստանն ինչ պայմանավորվածությունների կգան` կգա՞ն, թե՞ չեն գա։ Սրանից կախված կլինի ուժերի վերադասավորումը»,- ասում է մեր զրուցակիցը։ Ինչպես հայտնի է, Պուտինը շնորհավորել է Թրամփին, որը ցանկություն էր հայտնել պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո հանդիպել ՌԴ նախագահի հետ։ Ե՛վ ԱՄՆ-ն, ե՛ւ Ռուսաստանը շահեր ու հետաքրքրություններ ունեն մեր տարածաշրջանում, թե ինչ համաձայնությունների կգան, իհարկե, վաղ է կանխատեսելը, բայց Բշտիկյանը նկատում է, որ Թրամփի շրջապատում քիչ չեն պրոթուրքական եւ պրոիսրայելական գործիչները, իսկ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններն Ադրբեջանի հետ, նրանց հակամարտությունն Իրանի հետ եւս ազդեցություն կունենան զարգացումների վրա, որոնք կարող են ազդել Հարավային Կովկասում իրավիճակի վրա։ Բշտիկյանի խոսքով, մեր տարածաշրջանն արագ չի զգա հնարավոր փոփոխությունները, տեւական ժամանակ Թրամփի վարչակազմը զբաղված կլինի ներամերիկյան հարցերով եւ աշխարհաքաղաքական գլոբալ խնդիրների կարգավորմամբ։

Թրամփի ուղերձների մյուս մեծ խումբն արժեհամակարգային դաշտից էր, ու այստեղ ամենակոշտը սեռերի մասին նրա ձեւակերպումն էր, որը լիբերալ շրջանակները դաժան քննադատեցին։ «Այդ հայտարարություններն իրականում սկանդալային չեն, սկանդալային են վերջին 30-40 տարիներին աշխարհում գերակշիռ դեր ունեցող գլոբալիստների, նրանց խամաճիկների, միլիարդավոր դոլարներ աշխատած նրանց էլիտաների համար, բայց սովորական հասարակության համար դրանք հազարամյակների քննություն անցած արժեքներ են, որոնք տասնամյակներ շարունակ ոտնահարվում էին։ Սեռերի մասին Թրամփի ուղերձը դրա լավագույն վկայությունն է»,- ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ երեկ առաջին հայացքից տարօրինակ հրամանագիր ստորագրեց Թրամփը` ընդդեմ խոսքի ազատության սահմանափակումների մի երկրում, որը համարվում է ազատության առաջամարտիկ։

«Համաշխարհային գլոբալիստական էլիտարների շրջանում տեղի ունեցող զարգացումները հասկացողները նկատում են, որ հաստատվում էր գրաքննության մի տարբերակ, որի անունը դրել էին քաղաքական բարեվարքություն եւ որի անվան տակ ազատ խոսքի ցանկացած սահմանափակում կարողանում էին մտցնել։ Էլիտարներն ու նրանց սպասարկող մեդիաներն էին որոշում, թե ինչ կարելի է ասել, ինչ չի կարելի։ 40 տարի շարունակ ստեղծվել էին խոսքի, մտքի այնպիսի սահմանափակումներ, որոնք անընդունելի էին հասարակության համար»,- բացատրում է Բշտիկյանը։ Նույն պրոցեսները, ըստ նրա, խորքային իմաստով, նկատելի են նաեւ եվրոպական երկրներում, որտեղ հասարակություններն ընտրություններում իրենց ձայնը տվեցին ազգային ինքնությունը պաշտպանող քաղաքական ուժերին, որոնց նույն գլոբալիստներն անվանում են ազգայնական, ֆաշիստական, ռասիստական։
Ինչ վերաբերում է Հայաստանին, նրա խոսքով, գործող ապազգային իշխանության դեմոկրատական տերերը նույն այդ էլիտարների ներկայացուցիչներն են, որոնց համար ազգապահպան ցանկացած գործողություն անընդունելի է ու վտանգավոր։ Իսկ նոր տերեր՝ սեփական իշխանությունը պահելու համար, նրանք պատրաստ են ցանկացած տեղ փնտրել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image