Հասարակություն

Որդուց բացի՝ ձերբակալվել են նաև Բալասանյանի մտերիմն ու փեսան

Որդուց բացի՝ ձերբակալվել են նաև Բալասանյանի մտերիմն ու փեսան

Երեկ գրել էինք, որ առավոտ կանուխ իրավապահները օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։ Խաչատուր Բալասանյանը, որ հաճախ է բացակայում երկրից, այս անգամ մտադրվել էր մեկնել ԱՄՆ՝ հորը՝ Սամվել Բալասանյանին տեսակցելու, որը այնտեղ բուժվում է, իսկ այսօր նրա ծննդյան 70-րդ տարեդարձն է: Hraparak.am-ի տեղեկություններով, Խաչատուր Բալասանյանի ձերբակալությունից հետո, ձերբակալվել են նաև Գյումրու ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը եւ նախկին փոխքաղաքապետ՝ Ռուբիկ Սանոյանը, ով Սամվել Բալասանյանի փեսան է՝ քրոջ ամուսինը եւ ներկայիս փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանի հայրը: Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանից : «Պաշտոնապես` կան ձերբակալվածներ նշված վարույթով» ,- Hraparak.am-ին փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարը` հաստատելով մեր տեղեկությունը: Նշենք նաև, որ մեր տեղեկություններով Խաչատուր Բալասանյանին ազատ են արձակել` 70միլիոն գրավի դիմաց` 72 ժամը լրանալուն պես դատարանը նրան տնային կալանք է տվել։ Ստորագրությամբ  ազատ են արձակվել նաև ներկա և նախկին փոխքաղաքապետերը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Քննչական կոմիտեի տրամադրած տեղեկության հիման վրա հասկանալի է դառնում, որ Խաչատուր Բալասանյանին եւ ներկա ու նախկին փոխքաղաքապետերին ձերբակալել են նշված գործի շրջանակներում․ «Գյումրի համայնքի նախկին ղեկավար Սամվել Միսակի Բալասանյանը «Սև բերդ» ամրոցի շրջակայքն իրենը դարձնելու ձգտմամբ, իշխանական լիազորությունները չարաշահելու արդյունքում իր որդու` «Գյումրի-գարեջուր» ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերի պատասխանատու Խաչատուր Սամվելի Բալասանյանի և Գյումրու ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Սեպուհի Ջանոյանի հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ Գյումրի համայնքի Ղարսի խճուղի 2/8 հասցեում գտնվող 1հա հատուկ պահպանվող, պատմական և մշակութային արժեքների, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասը հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու, օրինական շղարշի ներքո լեգիտիմացնելու նպատակով 2016թ. դեկտեմբերի 1-ին Ս. Ջանոյանի և Խ. Բալասանյանի հետ ձևականորեն հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու միջոցով փոխանցել է Խ. Բալասանյանին` օտարման գին նշելով 4.900.000 դրամը, որի արդյունքում ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է Խ. Բալասանյանի սեփականության իրավունքը, այդ կերպ հանցավոր ճանապարհով ստացված գույքը դնելով շրջանառության մեջ և հաղորդելով օրինական տեսք:

Բացի այդ, Ս.Բալասանյանը «Սև բերդ» ամրոցի շրջակայքն իրենը դարձնելու ձգտմամբ, իշխանական լիազորությունները չարաշահելու արդյունքում իր որդու` Խ. Բալասանյանի և Սիրական Մկոյանի նախնական համաձայնությամբ և համակատարմամբ Գյումրի համայնքի Ղարսի խճուղի 2/9 հասցեում գտնվող 0,31049 հա հատուկ պահպանվող, պատմական և մշակութային արժեքների, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասը հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու, օրինական շղարշի ներքո լեգիտիմացնելու նպատակով 2019թ. դեկտեմբերի 6-ին Խ. Բալասանյանի և Ս. Մկոյանի հետ ձևականորեն հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու միջոցով փոխանցել է Խ. Բալասանյանին՝ օտարման գին նշելով 16.000.000 դրամը, որի արդյունքում ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է Խ. Բալասանյանի սեփականության իրավունքը, այդ կերպ հանցավոր ճանապարհով ստացված գույքը դնելով շրջանառության մեջ և հաղորդելով օրինական տեսք թաքցնելով գույքի իրական բնույթը»,-ասված էր քննչականի հաղորդագրությունում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image