Ապրիլի 30-ին լրացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի առաջին 100-օրյակը: Միչիգանում ունեցած ելույթի ժամանակ Ամերիկայի առաջնորդը հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջին 100 օրերը երկրի պատմության մեջ ամենահաջողակներն էին, իսկ իր վարած կոշտ ներգաղթային քաղաքականությունը նա անվանել է իր հիմնական նվաճումներից եւ իրականացված նախընտրական խոստումներից մեկը։
«Մենք նոր ենք սկսել, դուք դեռ ոչինչ չեք տեսել»,- ասել է նա իր կողմնակիցներին։ Թրամփը ելույթ է ունեցել Դետրոյթից հյուսիս գտնվող Ուորեն քաղաքում, որն ամերիկյան ավտոարդյունաբերության կենտրոնն է եւ մոտ է Կանադայի հետ սահմանին։ Հանրապետական նախագահը հայտարարել է, որ ավտոմոբիլային ընկերությունները «հերթ են կանգնում»՝ Միչիգանում նոր գործարաններ բացելու համար։ Իր ելույթում նա կրկին քննադատել է դեմոկրատներին եւ նախորդ վարչակազմին, ինչպես նաեւ հիշատակել իր պաշտոնավարման ընթացքում արդեն իսկ կայացրած որոշումները եւ նշել, որ «կառավարությունից դուրս է մղում խելագարությունն ու տրանսգենդեր գաղափարախոսությունը»՝ արժանանալով ամբոխի ծափահարություններին։ «Մենք Ամերիկան կրկին մեծ ենք դարձնում եւ դա անում ենք արագ»,- ավելացրել է նա։
Խոսելով ներգաղթի մասին՝ Թրամփը մեղադրել է նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին (որին նա մի քանի անգամ հիշատակել է իր ելույթում)՝ անօրինական ներգաղթ թույլ տալու մեջ, որպեսզի նրանք «բռնաբարեն եւ սպանեն ամերիկացիներին»։ «Կարող եմ հայտնել, որ այս զզվելի դավաճանությունն ավարտվել է»,- ասել է նա։
Թրամփը նշել է, որ Վաշինգտոնն արդեն իսկ ապահովել է ամերիկյան սահմանը, սակայն «դատարանները հետապնդում են մեզ» եւ փորձում են կանխել «անհավանականորեն վատ» մարդկանց արտաքսումը Միացյալ Նահանգներից։
«Վատերից ամենավատերը բանտ են գնալու Սալվադորում»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ նկատի ունենալով մեգա-բանտը, որը մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդագրությունների առարկա է դարձել։ Հայտնի է, որ հիշյալ բանտում կան երկաթե վանդակներ՝ մարդկանցով լի։ Հավաքված մարդկանց ցուցադրել են մի տեսանյութ, որտեղ պատկերված է եղել, թե ինչպես են արտաքսված միգրանտներին շղթայում եւ ստիպում բանտախցեր ուղարկել Էլ Սալվադորում։
ԱՄՆ նախագահի ելույթը տեւել է մոտ մեկուկես ժամ։ Նա գրեթե չի անդրադարձել արտաքին քաղաքականությանը՝ նշելով միայն, որ պատրաստվում է առեւտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ։ Հատկանշական է, որ Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրերը նշանավորվել են նախագահական լիազորությունների լայնածավալ օգտագործմամբ՝ ներմուծման վրա մաքսատուրքեր սահմանելու, կառավարական ծրագրերի կրճատման, զանգվածային արտաքսումների եւ այլ միջոցառումների միջոցով։ Թրամփի շատ կողմնակիցներ ողջունում են այս նախաձեռնությունները, սակայն հարցումները ցույց են տալիս, որ նախագահի քննադատները մտահոգված են այն ուղղությամբ, որով ընթանում է երկիրը։
Դոնալդ Թրամփն ասում է, որ չի հավատում հարցումներին, որոնց, իր կարծիքով, ավելի շատ դեմոկրատներ են մասնակցում, քան՝ հանրապետականները: Նա գնահատում է, որ ամերիկացիների շրջանում իր հավանության վարկանիշը գերազանցում է 60-70%-ը։ Մինչդեռ Gallup-ի տվյալներով՝ Թրամփը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ԱՄՆ միակ նախագահն է, որին պաշտոնավարման 100 օրից հետո աջակցում է բնակչության կեսից պակասը. հարցումների համաձայն՝ նրա վարկանիշը կազմում է 44%։ Իրականությանը հակառակ՝ նա շարունակում է պնդել, որ հաղթել է 2020 թվականի ընտրություններում, որ հարցումները, որոնք ցույց են տալիս, որ նա ոչ ժողովրդական նախագահ է, սուտ են։
Նրա ելույթը լսող ամբոխի մեջ շատերն այս ամենը լսել էին նախորդ հանրահավաքների ժամանակ, բայց անընդհատ կրկնությունները չէին մարում նրանց ոգեւորությունը։ Ինչպես ասում են, Ամերիկան մնում է Ամերիկա՝ իր բոլոր առանձնահատկություններով, եւ Թրամփը, թերեւս, այդ խորքային պետության ու հասարակության խորհրդանիշներից մեկն է միայն...