Դատարանն օրերս Գորիսի քաղաքապետի դատավճիռը փոխեց եւ հետաձգված պատիժն ու պաշտոնավարումը 5 տարով դադարեցնելու փոխարեն նրան դատապարտեց 1 տարի 8 ամիս ազատազրկման։ 33-ամյա Առուշ Առուշանյանը բանտ կտեղափոխվի, երբ որոշումն ուժի մեջ մտնի, այսինքն` երբ անցնի մյուս դատական ատյաններով։ Պարզ է, որ այս դատավճիռը Գորիսի քաղաքապետը կբողոքարկի։
Գորիսը 7 տարի կառավարող քաղաքապետը դեռ 2022-ին էր մեղավոր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության եւ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար։ Դատավճիռն ուժի մեջ էր մտել այս տարվա հուլիսին։ Նրան 5 տարի ժամկետով արգելվել է զբաղեցնել համայնքապետի պաշտոնը։ Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն, որ քաղաքապետի լիազորությունները դադարեցվեն, ավագանին հրաժարվել էր պաշտոնանկ անել քաղաքապետին, հիմնավորել էր, որ նման լիազորություն չունի։ Դրանից հետո Պրոբացիայի ծառայությունը դիմեց դատարան, պահանջելով Առուշանյանի՝ 5 տարով պաշտոնը թողնելու պատիժը փոխարինել ազատազրկմամբ։
Առուշանյանի փաստաբան Սերգեյ Մարաբյանը «Հրապարակ»-ին ներկայացրեց իրավական պրոցեսը։
«Երբ ստանանք որոշումը, 10-օրյա ժամկետում կբողոքարկենք։ Համենայնդեպս, դատարանը ճիշտ է՝ որոշումը կայացրել է, բայց չի որոշել նիստերի դահլիճից վերցնել արգելանքի։ Չնայած, նման դեպքերում ես չեմ հիշում որեւէ դեպք, որ պատժի տեսակը փոխելու պարագայում նիստերի դահլիճից վերցվի, դա հիմնականում խափանման միջոցների դեպքում է լինում, երբ կալանք է կիրառվում։ Հիմա մենք ունենք հնարավորություն՝ բողոքարկելու դատական ակտը վերաքննության կարգով, եւ եթե Վերաքննիչ դատարանը չհամաձայնի կամ գուցե համաձայնի առաջին ատյանի որոշմանը, դատախազությունը հետագայում հնարավոր է բողոքարկի։ Իմ պատկերացմամբ՝ այս գործը մինչեւ Վճռաբեկ դատարան կհասնի՝ բողոքարկման առումով։ Մեր կողմից, թե դատախազության կողմից կարող է բողոքարկվել՝ անկախ նրանից, թե Վերաքննիչ դատարանում ելքն ում օգտին կարող է լինել»։
Սերգեյ Մարաբյանը նշում է, որ այս ակտն էլ է դատախազությունը բողոքարկելու, չի հասկացվում՝ որոշումը մասնակի բավարարելն ինչ տրամաբանության մեջ է․ «2 կտորից էր բաղկացած միջնորդությունը․ առաջինը՝ փոխել 5 տարի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ, սա նոր օրենք է։ Նույնիսկ եթե պաշտոնից զրկում ես, անձը հրաժարական չի ներկայացնում, կամ այդ պատիժը հնարավոր չի լինում ի կատար ածել, դա կարող է փոխարինվել ազատազրկմամբ, նախկին օրենսգիրքը որեւէ տեսակի փոխարինելու հնարավորություն չուներ, մենք դա էինք ասում։ Հիմա դա առաջին կտորն էր, որ ինքը փոխարինեց: Երկրորդ կտորը, որը նոր օրենքով նույնպես վատթարացնող է, պրոբացիան խնդրում էր` այդ մասերը դատարանը մերժել է։ Երբ անձը 2 հանցանքի համար է դատապարտված լինում, մեկով նշանակված է լինում ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվել, մյուսը` որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը, օրենքն ասում է՝ պատիժը փոխարինելու դեպքում պայմանական դատապարտությունը եւս պիտի ներածվի, եւ այնտեղի չնշանակված պատիժը պետք է գումարվի։ Այդ երկրորդ մասն ինքը մերժել է, հիմա պետք է հասկանանք՝ ինչ պատճառաբանություն է բերվել դատարանի կողմից»։
Առուշանյանի փաստաբանների պաշտպանական ճառը 2 մասից էր կազմված, առաջին մասը Քրեական օրենսգրքի վատթարացնող լինելու եւ դրան հետադարձ ուժ տալու անթույլատրելիության մասին էր․ «Դա հիմնարար խնդիր է` մաքուր քրեաիրավական։ Վճռաբեկ դատարանի պրակտիկան, միջազգային դատարանների պրակտիկան ուղիղ արգելում է նոր պատժի փոխարինումը նոր օրենքով սահմանված այլ պատժատեսակի, եթե նախկինում դա չի եղել։ Սա հանրահայտ ճշմարտություն է, երկրորդ կարծիք չի կարող լինել․․․․ Մենք դատարաններում բազմաթիվ գործեր ունենք, որոնք քննվում են նոր քրեադատավարական օրենքով, բայց քրեական նոր օրենսգիրքը շատ հանցակազմերի պարագայում խիստ է եղել, այդ գործերը քննվում են հին օրենսգրքով, հետեւաբար, նոր դատավարության օրենսգրքին հետադարձ ուժ տալու կանոնները բացարձակ կապ չունեն նյութական քրեական օրենքի հետադարձ ուժ տալու հետ։ Անկախ նրանից՝ պրոբացիան երբ է դիմում դատարան, քրեակատարողական օրենսդրության որ նորմերով է ղեկավարվում, դրանք քրեաիրավական հարցեր են, որոնք պետք է քննվեն եւ լուծվեն բարենպաստ քրեական օրենքի գործողության կանոնով։ Երբ ընդունում են նոր օրենք, որով օրենսդրական բացը լրացվում է նոր կանոններով, այդ կանոնները չեն կարող տարածվել մինչ այդ օրենքի ուժի մեջ մտնելը կատարվող հանցագործությունների նկատմամբ․ սա ուղիղ արգելված է։ Մեր առաջին ասածը նա է, որ նոր օրենսգիրքը խոսում է դատապարտյալի խուսափելու մասին, իսկ նախկին օրենսգիրքը չուներ նման հասկացություն: Ի դեպ, ասում է՝ «խուսափել», բայց չի ասում, թե ինչ պիտի հասկանանք «խուսափել» ասելով, չկա նման բան։ Հիմա պրոբացիան ասում է՝ քանի որ շարունակում է պաշտոնավարել, նշանակում է՝ խուսափում է։ Քրեակատարողական օրենսգիրքը եւ պրոբացիայի մասին օրենքը երբ խոսում է դատապարտյալի պարտականություններից, ապա ասեմ, որ չկա որեւէ պարտականություն, որ ինքը պարտավոր է, ի կատարումն դատավճռով նշանակված պատժի, գնալ եւ հրաժարականի դիմում ներկայացնել»։
Պաշտպանական ճառի երկրորդ հատվածում ներկայացվել է Պրոբացիոն ծառայության դիմումը, որն ուղղվել է Գորիսի ավագանուն․ «Պրոբացիան դիմել է ավագանուն, ավագանին էլ, որպես ներկայացուցչական մարմին, քվեարկության է դրել հարցը, եւ այդ քվեարկության արդյունքում գտել են, որ չպիտի դադարեցվի պաշտոնավարումը, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում չկա համայնքի ղեկավարի պաշտոնավարումը դադարեցնելու նման հիմք, նրանք հենց դա էին գրել։ Ի՞նչ է ասում պրոբացիան, ասում է` քանի որ ավագանին չի կատարում դատական ակտը, չի դադարեցնում լիազորությունները, ստացվում է, որ Առուշ Առուշանյանը խուսափում է, մենք ասում ենք՝ պատճառաբանական կապ չկա․ եթե ավագանին չի կատարել, ուրեմն ավագանու հետ պետք է դուք իրավական վեճ ունենաք, թե ինչու չես կատարում։ Ընդ որում, Առուշ Առուշանյանը երբ բողոքարկել էր պրոբացիայի գործողությունը, թե ինչի եք դիմել ավագանուն, պրոբացիայի ծառայությունը պատասխանել էր, որ ավագանին անվստահություն պետք է հայտնի, բայց ասում ենք՝ անվստահություն հայտնելը քաղաքական, ոչ թե իրավական գործընթաց է։ Այսինքն՝ անվստահություն հայտնում են քաղաքական նկատառումներով, ոչ թե ի կատարումն դատական ակտի»: